Գրետա Թունբերգի զարմանահրաշ պատմությունը

Գրետա Թունբերգը բնության պահպանության համար համատարած պայքար ծավալող աշխարհին հայտնի ամենաերիտասարդ գործիչն է: Ի հեճուկս բնության հաշվին հարստացող պետությունների և մենատնտեսների, անգնահատելի է նրա դերը կլիմատիկ փոփոխությունների արդյունքում երկրագնդում վերջին տարիների ընթացքում բնապահպանական ճգնաժամերի ու աղետների կանխման գործում: Զուր չէ, որ շրջակա միջավայրի պահպանության և երկրագունդը տեխնածին աղետներից հնարավորինս զերծ պահելու գործում ցուցաբերած աշխուժության համար, Շվեդիայի արժանի դստեր թեկնածությունը 2019 թվականի օգոստոսի 19-ին առաջադրվել է Նոբելյան մրցանակի:

Երկրագնդի ամենաերիտասարդ բնապահպան Գրետա Թունբերգի համարձակ ու բարձրագոչ ուղերձը՝ հասնելով աշխարհի գրեթե բոլոր ծայրեր, ոտքի է հանել բնության և շրջակա միջավայրի պահպանության համար սրտացավ մարդկանց, և այժմ շվեդ պարմանուհին ամբողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունի:
Համասփյուռ ուսանողները՝ ոգնչվելով Գրետայի խրոխտ ելույթներով, աշխարհով մեկ այսօր ծավալում են բնապահպանական բազմամարդ շարժումներ, որոնք նպատակ ունեն ստիպել շահույթի հետևից գլխապտույտ աճապարող իրենց իշխանություններին և պետական ու մենատնտես գործարարներին կանգ առնել ու հատուկ ուշադրության արժանացնել բնության հետ խաղաղ ու անվնաս գոյատևելու կանոններին, ասել է թե պահպանել մարդ-բնություն համակեցության գրված ու չգրված օրենքները:
Գրետա Թունբերգի մասին կարծիք կազմելու համար հարկավոր է լսել նրա բազմաթիվ պարբերականներին տրված հարցազրույցները և, քանի որ Գրետան հանդիսանում է սկանդինավյան աշխարհի ամենախարիզմատիկ կերպարներից մեկը, մենք նրա կենսագրական տվյալներից որոշ մանրամասներ կներմուծենք ստորև:
Գրետա Թինթին Էլեոնորա Էրնման Թունբերգը ծնվել է 2003 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Մանուկ հասակում Գրետան՝ հմայված լինելով բնության հրաշքներով, գիտնական դառնալու ցանկություն է հայտնում, սակայն դպրոցում ուսումնասիրելով առարկան և հասկանալով, որ գիտության ուսումնական ծրագիրը հիմնականում կենտրոնացած է մարդկանց վրա, իսկ մարդկանց կյանքում բնության դերի և նշանակության վերաբերյալ նյութերը սակավ են ու, բնավ, մարդուն չեն բնորոշում որպես բնության հետ փոխկապակցված մի մասնիկ, նա որոշում է մասնագիտանալ բնության ու շրջակա միջավայրի լայնածավալ ուսումնասիրությունների ոլորտում:
Կյանքի հասուն շրջանի նախաշեմին երիտասարդ բնապահպանուհին՝ նկատի ունենալով բնության պահպանության համար ձեռնարկվող միջոցառումների անբավարությունը, որպես բողոք 2018 թվականի օգոստոսին Շվեդիայի խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպում է իր առաջին դպրոցական դասադուլը։ Շարժումը մեծ թափ է ստանում և նրա օրինակին՝ տարբեր երկրներից, սկսում են հետևել բազմաթիվ դպրոցականներ։
Տասնհինգամյա Գրետա Թունբերգի «Ուրբաթները հանուն ապագայի» (Fridays for Future) շարժումը արագորեն տարածվում է Գերմանիայում, որտեղ 2018 -ի հոկտեմբերին ավելի քան մեկ միլիոն աշակերտ և ուսանող լքում են իրենց դասասենյակները և դուրս գալիս փողոց: Շարժման նպատակը կայանում է նրանում, որ դպրոցականները ուրբաթ օրերին անցկացվող շարունակական դասադուլների միջոցով պետք է ստիպեն իշխանություններին հաշվի նստել իրենց առաջարկների հետ, այն է՝ երկրի եղանակային վատթարացումը կանխել և միջոցներ հայթհայթել այն իրականացնելու համար: Դասադուլների ընթացքը լուսաբանող տեսանյութերն ու լուսանկարները Գրետա Թունբերգը առաջարկում է տարածել սոցիալական ցանցերի միջոցով՝ շարժմանը համաշխարհային բնույթ հաղորդելու նպատակով: Գրետան ասում է.
Ինչո՞ւ սովորել առանց ապագայի, ինչը կարող է և չլինել...
Ինչո՞ւ ջանք գործադրել և կրթված մարդ դառնալ, եթե մեր իշխանությունները չեն լսում կրթվածներին...
Այդ համարձակ քայլն իր ազդեցությունն է թողնում գերմանական կառավարության կողմից ձեռնարկվող օրենքների մշակման վրա, քանի որ անմիջապես հաջորդում են համապատասխան քայլեր: Գերմանիայի կառավարությունը կյանքի է կոչում մի օրենք, ըստ որի մինչև 2035 թվականը աստիճանաբար պետք է դադարեցնի օրգանական հանածո վառելիքի օգտագործումը:

2018 թվականի նոյեմբերին Գրետան հանդես է գալիս Միավորված Ազգերի Կազմակերպության վեհաժողովում և իր խոսքում կոչ հնչեցնում համայն աշխարհի բնակիչներին, նրանց հորդորելով քայլեր ձեռնարկել երկրին սպառնացող կլիմատիկ աղետներին դիմակայելու համար և լուծումներ գտնել այդ ուղղությամբ:
Թունբերգը ներկա իրավիճակը գնահատելով որպես «համաշխարհային պատերազմ», որպես մարդու կողմից բնությանը նետված ձեռնոց, միակ լուծումը գտնում է ջերմոցային գազերի արտանետումը կանխելու նպատակով բնությունը աղտոտող արտադրությունները դադարեցնելու մեջ , ասել է թե արմատական փոփոխություններ են հարկավոր կատարել ներկայիս տնտեսական համակարգում: Գրետա Թունբերգն իր ելույթում հիմնականում թիրախավորում է քաղաքական գործիչներին, ովքեր կլիմայի փոփոխության դեմ գործողություններ ձեռնարկելու փոխարեն արգելափակում են բնապահպանության համար նախատեսված բովանդակալից միջոցները:
Եվ ահա, գործնական միջոցների է դիմում նաև Գրետան, որոշելով դպրոց հաճախել առագաստանավակով, ոտքով և հրաժարվում է ճանապարհորդել օդանավերով, առաջնահերթությունը տալով գնացքներին: Նա սկսում է ավելի հիմնարար ուսումնասիրել այլընտրանքային էներգիայի ստացման եղանակները:
Շարունակվում են նամակներ հղվել պետական պաշտոնյաներին, որպեսզի վերջիններս պատշաճ լուծումներ գտնեն կլիմատիկ ազդեցություններից խուսանավելու և դրա հետևանքով մարդկանց առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու, ինչպես և երկիր-մոլորակի ապագայի փրկության համար միջոցներ հայթհայթեն: Կառավարության կողմից արձագանք չգտնելով, խրոխտ աղջնակը որոշում է Շվեդիայի խորհրդարանի առաջ ցույցեր կազմակերպել, որից հետո իշխանությունները ընկրկում են և, հարցին լրջորեն մոտենալով, ծրագիր են նախապատրաստում և դիմում Եվրոմիության մյուս երկրներին՝ օգնություն ստանալու համար:
Եկեք լսենք հենց իրեն՝ Գրետա Թունբերգին...
Համասփյուռ տեսանյութում Գրետային աջակցում է բնության պահպանության մեկ այլ նվիրյալ՝ բրիտանացի լրագրող Ջորջ Ջոշուա Ռիչարդ Մոնբիոն:
Ըստ Գրետայի շրջակա միջավայրի և բնության պահպանությունը միայն մեծահասակների խնդիրը չէ: Այն պետք է դառնա համընդհանուր խնդիր, որին իրենց անմիջական մասնակցությունը պետք է ցուցաբերեն և դպրոցականները, և ուսանողները: Երկիրն ամենքինս է, և չմոռանանք նաև, որ մեզ՝ մարդկանց, ի վերուստ տրված է խնամքով վերաբերվել և կենդանիներին, և բույսերին, և մեզ շրջապատող քարերին ու ջրերին: Երկիրը մեկն է, պահպանենք այն:
Գրետա Թունբերգի բավականին լուրջ և պատասխանատու գործը՝ այսպես կոչված «Գրետայի էֆեկտ»-ը, ոչ բոլորին է դուր գալիս և աղջնակը համախոհների մեծ բանակից զատ նաև բազմաթիվ ընդիմադիրներ ունի, որոնք բաց չեն թողնում ցանկացած պատեհ առիթ, նրան քարկոծելու համար: Ինչևէ, նա աննկուն է և համառորեն առաջ է մղում իր տեսակետը:
Սիրում ե՞ք բնությունն իր հրաշալիքներով...
Երազում ե՞ք ապահով տեսնել Երկիր մոլորակը...
Ուրեմն պահպանենք այն աղետներից՝ բնական, թե անբնական...
Լծվենք բնապահպանության շահեկան գործին՝ մեծ, թե փոքր, այն մեր ընդհանուր խնդիրն է...