Ինչ գրքեր կարդալ սկանդինավյան գրականությունից

Երևանյան Դարան գրախանութն է և Նորվեգական տարեցույց գրքի օրինակները սեղանինԵրևանյան Դարան գրախանութն է և Նորվեգական տարեցույց գրքի օրինակները սեղանին
Դարանում կգտնեք ամենաընթերցվող գրքերը

Ի՞նչ գրքեր կարդալ ― ահա այն կարևորագույն հարցը, որն իրենք իրենց տալիս են աշխարհի գրեթե բոլոր ընթերցասերները։ Նրանք փորձում են փնտրել ու գտնել այն բոլոր լավ գրքերը, որոնք մեծ պահանջարկ ունեն և որոնք արժե կարդալ, լինեն դրանք մանկական, թե նախատեսված լինեն մեծերի համար: Մենք այսուհետ կփորձենք ներկայացնել վերջին տասնամյակում աշխարհին հայտնի գրքերի ցանկը, որոնք, թարգմանվելով անգլերեն, լայն տարածում են գտել սկանդինավյան աշխարհի սահմաններից դուրս, մրցակցելով այլ լեզուներից թարգմանված անգլերեն գրքերի հետ:

Սկանդինավյան գրականությունը ներկայացնող գեղարվեստական գրքերն այսօր դասվում են ամենամեծ պահանջարկ ունեցող գրքերի շարքում և տարեցտարի ընդլայնում են իրենց աշխարհագրական սահմանները:

Ըստ բրիտանական «The Guardian» պարբերականի սկանդինավյան հեղինակների լույս ընծայած գրքերի անգլերեն թարգմանությունները լայն տարածում են գտել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:

Հինգ տարի առաջ նույն պարբերականի կողմից իրականացված հարցումների արդյունքում առկա էր հետևյալ պատկերը.

Ամենապահանջված սկանդինավյան գրքերի ցուցակը գլխավորում է իսլանդացի գրող Գուդբերգուր Բերգսսոնը՝ իր «Թոմաս Յոնսսոն» վեպով: Գիրքը իսլանդերենից անգլերեն է թարգմանել Լիթոն Սմիթը: Վեպի հերոսը թոշակառու բանկային ծառայող Թոմաս Յոնսսոնը, որին շատերը համարում են «իսլանդական Ուլիսես», պարփակվում է իր բնակարանի նկուղում և սկսում է գրել իր հուշերը, որոնք միտված են իսլանդական հասարակության մեջ արմատական փոփոխություններ խթանել:

Իսլանդացի գրող Գուդբերգուր Բերգսսոնը


Նրան հաջորդում է նորվեգացի գրող Դագ Սոլստադը՝ «Նովել 11, Գիրք 18» վեպով: Գիրքը անգլերեն է թարգմանել Սվերրե Լինգստադը: Դագ Սոլստադի գրքերը մի ընդանուր նշանաբան ունեն, այն է. «Մենք ծնվել ենք, որպեսզի հայտնվենք անհարմար կացության մեջ՝ մինչ մեր վախճանը»: Վեպի հիսնամյա հերոսը՝ ոմն Բյորն Հանսենը, ակամա պարուրում է իրեն սարսափելի մտքերով, ըստ որոնց նրա կյանքը ղեկավարում է պատահականությունը՝ բախտախաղի սկզբունքով:

Նորվեգացի գրող Դագ Սոլստադը


Երրորդ հորիզոնականում Տիկին Նիլսենի «Անվերջանալի ամառը» վեպն է, որը դանիերենից անգլերեն է թարգմանել Գայ Քինոխը: Հեղինակը՝ «Մադամ Նիլսենը», ժամանակակից դանիական գրականության նորարարներից մեկն է, իսկ նրա «Անվերջանալի ամառը» կարելի է դիտարկել որպես արձակ ոճով շարադրված մի չքնաղ քնարական պոեմ:

Դանիացի արձակագիր Մադամ Նիլսենը


Չորորդ տեղում ծագումով Լապլանդիայից ֆինն գրող Յոհաննա Սինիսալոն է, իր «Ոչ մինչև մայրամուտ» վեպով: Վեպը ստեղծվել է ֆիննական հանրահայտ երգի հիման վրա, ուր ասվում է, որ տրոլներին կարել է հանդիպել մինչև արևի քուն մտնելը: Զուր չէ, որ ԱՄՆ-ում և Կանադայում գիրքը լույս է տեսել հենց «Տրոլ» անվանումով: Տաղանդավոր ֆիննուհու վեպը թարգմանվել է շվեդերեն, ֆրանսերեն, լատիշերեն, ճապոներեն, չեխերեն, իսկ անգլերեն թարգմանել է Հերբերտ Լոմասը: Յոհաննա Սինիսալոյի այս ժամանակակից առակը մի ուրույն մեկնաբանություն է մարդ-բնություն հարաբերության մասին:

Ծագումով Լապլանդիայից ֆինն գրող Յոհաննա Սինիսալոն


Հաջորդը տաղանդաշատ շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան, դաշնակահար Թոմաս Թրանսթրյոմերն է, իր «Բանաստեղծությունների նոր ժողովածու» գրքով: 2011 թվականին Թոմաս Թրանսթրյոմերի գրական գործունեությունը գնահատվել է Նոբելյան մրցանակով:

Շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան, դաշնակահար Թոմաս Թրանսթրյոմերը


Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է գրենլանդացի արձակագիր Նիվիաք Կորնելիուսսենը՝ իր «Կրիմսոն» վեպով: Գիրքը գրվել է աշխարհին քիչ հայտնի գրենլանդերեն լեզվով, ինչն ինքնին ողջունելի նախաձեռնություն է, իսկ անգլերեն է թարգմանվել Նիվիաք Կորնելիուսսենի կողմից դանիերեն թարգմանված տարբերակից: Այն անգլերեն է թարգմանել Աննա Հալագերը:

Հաջորդ տեղում Դանիայի տաղանդավոր դուստր, գրող Դորթե Նորսի «Հայելի, ուս, ազդանշան» վեպն է: Գրքի հերոսուհին Յուտլանդիայի գյուղերից մեկից տեղափոխվում է Կոպենհագեն և, ցանկանալով կառուցել իր նոր կյանքը, փորձում է վարորդական դասեր ստանալ: Քառասունն անց Սոնյային առջևում դիմավորում են քաղաքային գլխապտույտ իրադարձությունները, իսկ աչքերին երևում են մեքենայի դիմապակու հայելիում հայտնված և թիկունքում թողած հայրենի հիշողությունների պատկերները:

Դանիացի տաղանդավոր գրող Դորթե Նորսը


Ութերորդ հորիզոնականը զբաղեցնում է Ֆարերյան կղզիները ներկայացնող գրող Վիլյամ Հայնեսենը՝ իր «Աշտարակը աշխարհի ծայրին» գրքով: Վիլյամ Հայնեսենին արժանիորեն կարելի է դասել XX դարի սկանդինավյան այնպիսի հանճարեղ գրողների շարքում, ինչպիսիք են իսլանդացի Հալդոր Լաքսնեսը, դանիացի Կարեն Բլիկսենը, նորվեգացի Քնութ Համսունը և այլոք: «Աշտարակը աշխարհի ծայրին» վեպը անգլերեն է թարգմանել Ֆարերյան կղզիների գրական ակադեմիայի սկանդինավյան գրականության պրոֆեսոր ՈՒ Գլին Ջոնսը:

Հաջորդը շվեդ գրող Սառա Սթրիդսբերգն է իր «Սիրո ձգողականությունը» վեպով: Վեպը անգլերեն է թարգմանել Դեբորահ Բրագան-Թըրները: Վեպի հերոսուհին՝ կյանքից հիասթափված և հոգեբուժարանում ապրող հարբեցողի դուստրը, իր վրա է կրում դաժան ու խոցելի կյանքի գրեթե բոլոր դժվարությունները, անցնում դրանց միջով և շարունակում է մնալ մարդասեր և վճռական իր հետագա գործողությունների ծիրում:

Շվեդ գրող Սառա Սթրիդսբերգը


Տասներորդ հորիզոնականում իսլանդացի քնարերգու Սիգուրդուր Փալսսոնն է իր «Ձայների մեջ, լույսից անդին» ժողովածուով: Գրքում տեղ են գտել 1980 թ.-ից մինչ 2008 թ.-ը հրատարակված բանաստեղծություններից լավագույնները: Բնության հրաշքները առաջ մղող պոետը փորձում է բացահայտել կյանքի ուրախության այլազան շերտերը: Ըստ Սիգուրդուր Փալսսոնի տիեզերքը սեղմվում է և աշխարհը ամբողջացնող բազմաշերտ կտավի միջնաթելերը խմբվում են իրար վրա՝ պատճառ հանդիսանալով բնության ու մարդու կողմից ստեղծված արդյունքների միաձուլման:
Երկլեզու գրքի անգլերեն մասը թարգմանել է Մարտին Ռեգալը:

Սկանդինավյան գրականություն բաժնի մեր հաջորդ հոդվածներում կփորձենք ներկայացնել նորվեգական, դանիական, ֆիննական, շվեդական և իսլանդական ժամանակակից գրքերի մասին պատմող ծավալուն տեղեկություններ, իսկ հետաքրքիր գրքերի հայերեն թարգմանությունների մասին կծավալվենք ավելի հանգամանալից:

Ինչևէ, զինվեք համբերությամբ և հին ու նոր լավագույն գրքերի մասին պատմությունները չեն ուշանա, լինեն դրանք դետեկտիվ գրքեր, ռոմանտիկ գրքեր կամ պարզապես գրքեր սիրո մասին:

Երազների իրականացման արշավը շարունակվում է...

Էանում ենք երազելով...

Կարդացեք նաև