ՆԱՏՕ-ի նավատորմը, Ավագ Էդդան և հին ձեռագրերը

Նկարում պատկերված են էդդայական ձեռագրեր և դանիական Վեդերեն ռազմական նավը՝ Կոպենհագենի Ամալիեկայ նավահանգստում:Նկարում պատկերված են էդդայական ձեռագրեր և դանիական Վեդերեն ռազմական նավը՝ Կոպենհագենի Ամալիեկայ նավահանգստում:
Դանիական «Խոյ» ռազմանավը և էդդայական ձեռագրերը

Առաջին հայացքից տարօրինակ թվացող վերնագրի տակ հետաքրքիր իրադարձությունների մասին պատմող պատմություն է զետեղված, և անչափ հետաքրքիր մի տեսանյութ կա, որը պեղեցինք համաշխարհային տեղեկատվական սարդոստայնում:

Այո, 1971 թվականի ապրիլի 21-ին Իսլանդիայում տեղի ունեցան հույժ կարևոր երկու իրադարձություն: Այդ իրադարձությունները Իսլանդիայի համար, և ինչու չէ, ամբողջ Հյուսիսային Եվրոպայի համար նույնպես հույժ կարևոր նշանակություն ունեին:

Առաջին կարևոր իրադարձությունը կայանում էր նրանում, որ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից ուղիղ եթերով՝ ոչ տաղավարային ռեժիմով առաջին անգամ, հեռարձակվում էր նավահանգստում կատարվող իրադարձությունների մասին պատմող հեռուստատեսային մի հաղորդում:

Ստորև ներկայացվող տեսանյությում դուք կտեսնեք, թե ինչպես է հաղորդավարուհին մի քանի անգամ հայցում հեռուստադիտողների ներողամտությունը, նավահանգստից ստացվող տեսաազդանշանների խափանման համար: Սակայն հեռուստատեսային ճարտարագետները արագ շտկում են հաղորդակները և մեր առջև բացվում է երկրորդ հույժ կարևոր իրադարձության ցուցադրությունը:

Երկրորդ իրադարձության նշանակությունը նույնպես չափազանց կարևոր էր իսլանդացիների համար այն առումով, որ Իսլանդիայի խրոխտ ժողովուրդը դրան սպասել էր ավելի քան երեք դար:

Դանիայի Թագավորության ռազմական նավատորմի «Խոյ» (Vædderen) հերոսական անունը կրող առաջատար նավի առջև՝ նավամատույցում, ռազմական պատվո պահակախումբի ներկայությամբ տեղի էր ունենում մի արարողություն, որի ժամանակ իրենց իրավական տերերին էին հանձնվում Դանիայի թագավորական գրադարանից բերված հին ձեռագրերից բաղկացած երեք կապոց: Այո, ձեռագիր մագաղաթյա մատյանների կարևորությունն աշխարհի համար այնքան մեծ նշանակություն ուներ, որ Դանիայի Թագավորության առաջատար ռազմական նավին Կոպենհագենից Ռեյկյավիկ ուղեկցել էին Հյուսիս Ատլանտյան Դաշինք Կազմակերպության (NATO) այլ ռազմանավեր նույնպես:

Որո՞նք էին այդ գրքերը...
Ինչո՞ւ էր այդչափ կարևոր փոխադրման անվտանգությունը...
Ինչո՞ւ էր ընտրվել ոչ թե օդային, այլ ծովային ճանապարհը...

Մինչ հարցերին հանգամանալից պարզաբանումներ տալը, նախ եկեք դիտենք տեսանյութը.


Ինչպես տեսանք արարողությունը սկսվեց Դանիայի և Իսլանդիայի օրհներգներով, որից հետո Դանիայի ազգային ժողովի պատվո պատվիրակությանը դիմավորեցին նրանց իսլանդացի գործընկերները:
Այստեղ տեղին է նշել, որ հույժ կարևոր մագաղաթյա ձեռագրերը իրական տերերին վերադարձնելու համար տեղի ունեցող բանակցությունները երկու ժողովուրդներին ներկայացնող գրականագետների միջև սկիզբ էր առել դեռևս 1904 թվականին: Դանիացիները ամեն կերպ դիմադրում էին մինչև 1928 թվականը, սակայն 1944 թվականին Իսլանդիայի փաստացի անկախացումից հետո ստեղծված նոր իրողությունը դանիական իշխանություններին ստիպեց ձեռագրերը տերերին վերադարձնելու համար նոր որոշումներ կայացնել: Սկսեցին աստիճանաբար վերադարձվել որոշ ձեռագրեր և նամակներ, որոնք պահպանվել էին XVII դարի իսլանդացի հետազոտող, պետական գործիչ Արնի Մագնուսսոնի դանիական մեծ հավաքածուում: Ի դեպ, բազմաթիվ ձեռագրեր և կարևորագույն գրական աշխատանքներ նա մեծ խնամքով հավաքել էր դեռևս Իսլանդիայում և գուցե վախենալով դրանց պահպահման համար անվտանգության ապահովվման բացակայությունից և ինչպես որ իր վաղեմի հայրենակից, Իսլանդիայի քահանայապետ Բրինլյոֆ Սվեյնսոնը ժամանակին Դանիայի Արքա Ֆրիդրիխ երրորդին էր ուղարկել էդդայական մագաղաթյա ձեռագրերը, նա ևս իր հավաքածուն ուղարկել էր Դանիա: Կոպենհագեն էր տեղափոխվել նաև Արնի Մագնուսսոնը, որտեղ և 1730 թվականին կնքել էր իր մահկանացուն:

Եվ այսպես, ի վերջո հաղթեց այն հիմնավորումը, որ ձեռագրերը, որոնք գրառվել են հին իսլանդերենով՝ այսպես կոչված հին հյուսիսերենով, և գրառվել են Իսլանդիայի տարածքում, պետք է վերդարձվեն իրենց կղզիաբնակ տերերին:

Տեսանյութում, ծովային բարձրաստիճան սպայի ձեռքերում երևացող ձեռագրերի փոքրիկ տրցակն իր մեջ ընդգրկում է «Ավագ Էդդա» կամ «Պոետիկ Էդդա» անվանյալ գերմանա-սկանդինավյան դիցաբանության հիմքը հանդիսացող Թագավորական Կոդեքսը՝ (Konungsbók or GKS 2365 4º), 45 մագաղաթյա թերթերից բաղկացած իր ձեռագրերով: Կոպենհագենի թագավորական գրադարանում պահվող մյուս գլուխգործոցը՝ այսպես կոչված «Սնորիի Էդդան» կամ ինչպես ասում են «Արձակ Էդդան», որը հանդես է գալիս «Թագավորական Կոդեքս - GKS 2367 4to» անվամբ և պարունակում է 55 մագաղաթյա ձեռագրեր, Իսլանդիային է վերադարձվել ավելի ուշ՝ 1985 թվականին:

Իսլանդական հին ձեռագրերը և Էդդաները մնայուն գանձեր են

Տեսանյությում երևացող մյուս երկու մեծ կապոցների մեջ ներառված են իսլանդական այլ կարևոր մագաղաթյա ձեռագրեր, այսպես կոչված Ֆլատեյարի գիրքը (Flateyjarbók) կամ Կոդեքսը՝ GkS 1005 fol.:
Միջնադարյան այս ձեռագրերը ծավալուն են և բաղկացած են 225 թերթերից, որոնցից շատերը նկարազարդված են: Դրանց էջերում զետեղված մի տեղեկությունից հայտնի է դարձել, որ գիրքը գրվել 1387-ից մինչև 1394 թվականը՝ Հակոնի որդի Յոն արքայազնի պատվերով: Աշխատանքները մեծ խնամքով կատարել են քահանաներ Յոն Թորդարսոնը և Մագնուս Թորհալսսոնը: Մագնուս Թորհալսսոնը կատարել է նաև նկարազարդումները:
Մագաղաթյա ձեռագրերը երևան են եկել լրացնելու պատմության այն բաց դրվագները, որոնք տեղ չեն գտել էդդայական և մյուս ձեռագրերում:
Ձեռագրերը պատմում են նորվեգական միջնադարյան թագավորներ Ուլաֆ Թրյուգվասոնի, Սուրբ Ուլաֆ II Հարալդսսոնի, Սվերի Սիգուրդարսոնի, Հակոն Ավագի, Մագնուս Բարեգութի և Հարալդ Սիգուրդարսոն Հարդրադի մասին:

Ի դեպ, այստեղ առկա է «Ավագ Էդդա» սկանդինավյան էպոսի «Երգ Հյունդլիի մասին» երգի եզակի պատճենը:
Թագավորական սագաներից զատ այս ձեռագրերում տեղ է գտել վիկինգների կողմից Գրելանդիայի նվաճման պատմությունը. հանգամանալից ներկայացվում է Էյրիկ Շիկահերի ծովային երկարուձիգ ճանապարհորդությունը, որի ընթացքում նրա դրաքարներից շատերը կուլ են գնացել Անտլանտյան օվկիանոսի վտանգներով լի ալիքների գրկում, ինչպես նաև կան տեղեկություններ Օրկնեյան և Ֆարերյան կղզիների բնակիչների մասին:
Կարծում եմ հետագայում առիթ կունենանք մանրամասն խոսելու Էյրիկ Շիկահերի ատլանտյան ծովային ճանապարհորդության մասին:

Վիկինգները ծովային արշավներով անցնում են Անտլանտյան օվկիանոսը

Այժմ եկեք վերստին տեղափոխվենք Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի նավահանգիստ և որոշ պարզաբանումներ տանք իսլանդացիների կողմից գրքերի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի վերաբերյալ:

Իսլանդիայում այսպիսի մի կարծիք է թևածում, ըստ որի իսլանդացիները իրենց գրքերը ավելի շատ են սիրում, քան իրենց երեխաներին: Գուցե դա էր պատճառներից մեկը, որ հին ձեռագիր մատյանների համար ընտրվել էր ոչ թե օդային, այլ ծովային ճանապարհ: Ստացվում է, որ իսլանդացիները նախ այցելել էին օդանավակայան՝ դիմավորելու միջոցառմանը մասնակցել կամեցող, մայրցամաքից դեպի տուն վերադարձող իրենց երեխաներին, և հետո, եկել էին նավահանգիստ դիմավորելու այսուհետ իրենց պատկանող, գրքերը:

Իսլանդացիները այնուամենայնիվ երախտապարտ եղան Դանիայի Թագավորությանը և դանիացիներին՝ իրենց համար հույժ կարևոր ձեռագրերը վերադարձնելու համար: Այստեղ տեղին է հիշեցնել 2021 թվականին՝ այդ կարևոր իրադարձության 50-ամյա հոբելյանին, Իսլանդիայի Արտաքին գործոց նախարարության թվիթերյան էջում կատարած շնորհակալական ուղերձը Դանիային: Այդ էջը թույլ տվեք ներկայացնել ամբողջությամբ.

Ռեյկյավիկի նավահանգստում էդդայական ձեռագրերի շքերթ է

Թույլ տվեք նաև մեր անունից շնորհակալություն հայտնել «youtube»-յան օգտատեր իսլանդացի Գյուլֆիին, ով սերունդների համար անչափ կարևոր այս տեսանյութի տողագրերում մեզ է տրամադրել իր կողմից կատարված անգլերեն թարգմանությունը: Ճիշտ է, ինչպես Գյուլֆին է նշում, իսլանդերեն ոչ բոլոր բառերն են հասկացվել նրա կողմից, մասնավորապես թերի է Իսլանդիայի այն ժամանակվա վարչապետ Յոհան Հաֆսթեյնի ճառը, որի մեջ նա օգտագործում է հին իսլանդերեն բարդ դարձվածքաբանական ասույթներ, սակայն տեսանյութից երևում է կղզիաբնակների բարձր տրամադրությունը, և բառերը չէ, որ պետք է փոխանցեն նավահանգստում տիրող հաղթական մթնոլորտը:

Գրքերը արժանի են մեծարանքի...
Գրքերը սերվում են երազներից և ծնում նոր երազներ...
Էանում ենք երազելով...

Կարդացեք նաև

Պատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերըՊատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերը

Ավետիք Իսահակյանը և Սկոնիայի գուսանները

Ավետիք Իսահակյանը իր գրական գործունեության ամբողջ ընթացքում արժևորել և կարևորել է հյուսիսային աշխարհի էպոսներ «Ավագ Էդդան», «Նիբելունգների երգը» և «Կալեվալան»: