Նորվեգական պոեզիայի 52 երանգները

Նորվեգական տարեցույց հայերեն գիրքը, վառած մոմ ու պետուրներՆորվեգական տարեցույց հայերեն գիրքը, վառած մոմ ու պետուրներ
Նորվեգական տարեցույցի շաբաթական թերթիկները

Նորվեգական քնարերգության փառահեղ էջերից ծաղկաքաղ արված և տարվա շաբաթների կուռ հաջորդականությամբ ներդաշնակված «Նորվեգական տարեցույց - շաբաթական տաղեր» ընտրանու բանաստեղծությունները հայ ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ: Գրական նորվեգերեն (Bokmål) և նոր նորվեգերեն (Nynorsk) լեզուներից արևելահայերեն թարգմանված 52 գողտրիկ բանաստեղծությունների հետ մեկտեղ գրքում տեղ են գտել նաև այդ ստեղծագործությունները հեղինակած նորվեգացի տաղանդաշատ գրողների համառոտ կենսագրականները: Գիրքը տպագրվել է Անտարես հրատարակչության կողմից 2022 թվականին Երևանում:

Նորվեգական տարեցույցի շաբաթական տաղերը գրախանութներում են

Հուրախություն մեր ընթերցողների, սկանդինավյան գրականության անքակտելի մասը կազմող նորվեգական գրականությունը տարեց տարի համալրվում է հայերեն թարգմանությամբ լույս ընծայվող նորանոր գրքերով, որի համար ջանք ու եռանդ չեն խնայում հայ հրատարակիչները, ինչպես և նորվեգացի մեր գործընկերները: Լույս են ընծայվել սկանդինավյան դիցաբանության հիմքը հանդիսացող «Ավագ Էդդա» էպոսի «Երգեր Աստվածների մասին» առաջին գիրքի արևելահայերեն թարգմանությունը, «Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» բնագրից արևելահայերեն թարգմանված նորվեգական հրաշապատումների համահավաք ժողովածուն, որը մեծ խնամքով ու բացառիկ ջանասիրությամբ կյանքի են կոչել Նորվեգիայի բարեպաշտ զավակներ Պետեր Քրիստեն Ասբյորնսենը և գերապատվելի Յորգեն Ինգեբրետսեն Մուն:

Սկանդինավյան էպոսը, Նորվեգական հեքիաթները, ավանդազրույցներն ու պոեզիան


Մեկ ամբողջական գրքույկով ներկայացնել նորվեգական բանահյուսության փառահեղ պատմությունը հնարավոր չէ: Ինչպես կարող ենք նորվեգացի հանրահռչակ գրողներ Հենրիկ Վերգելանի, Պետեր Դասի, Բյորնսթերնե Բյորնսոնի, Հենրիկ Իբսենի, Ալեքսանդր Հիելանդի, Յունաս Լիի, Յուհան Ս. Վելհավենի, Սիգբյորն Օբստֆելդերի, Օ. Վինյեի, Հերման Վիլդենվեյի և էլի շատ-շատերի ստեղծագործությունների ողջ ընտրանին զետեղել մեկ գրքում:
Եթե թվարկված պոետների շարքին ավելացնենք նաև ամենատարբեր ժանրերում ստեղծագործող ժամանակակից բանաստեղծներին, ապա հարկավոր կլինի զբաղեցնել մի ամբողջ գրադարան:



Նորվեգիան աշխարհին տվել է երեք Նոբելյան մրցանակի դափնեկիր:
Քնարական ու էպիկական պոեզիայում ցուցաբերած բացառիկ տաղանդի համար 1905 թվականին Նոբելյան մրցանակ է շնորհվել տաղանդաշատ բանաստեղծ Բյորնսթերնե Բյորնսոնին:
Ի դեպ, Նորվեգիայի ազգային օրհներգի տողերը պատկանում են հենց Բյորնսոնին:
Նոբելյան մրցանակի են արժանացել նաև Քնութ Համսունը՝
«Երկրի պտուղները» էպիկական վեպի համար (1920),
և Սիգրիդ Ունդսեթը «Լավրանսի դուստր Քրիստինը» վեպի համար (1928):

«Նորվեգական տարեցույցը»՝ գրքի տեսքով, հայ ընթերցողներին ներկայացնելու գործում չափազանց կարևոր աջակցություն են ցուցաբերել մեր նորվեգացի գործընկերներ՝ գրական գործիչներ և թարգմանիչներ,
Անետե Վոնբերգը և Թունե Կառլսենը, որի համար թույլ տվեք մեր խորին շնորհակալությունները հայտնել նրանց:
Գրականագետներ Անետե Վոնբերգի և Թունե Կարլսենի կողմից հավաքագրված և տարվա 52 շաբաթներով տեղաբաշխված բանաստեղծությունները մանրակրիտ հաշվարկվել և կանոնակարգվել են ըստ յուրաքանչյուր ստեղծագործության տվյալ ժամանակաշրջանին համահունչ իմաստասիրական միտումի և բարոյախրատական ենթատեքստի, իսկ մենք թարգմանելիս ընդգծել ենք հենց այն լեզվաոճական միջոցը, որով հեղինակները փորձել են փոխանցել իրենց ասելիքը ընթերցողին:

«Նորվեգական տարեցույց» ժողովածուի մասին քնարկում է ծավալվել նաև Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում: «Բարձր Գրականություն» հաղորդաշարի շրջանակներում անչափ հետաքրքիր զրույց են վարել գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և գրքի թարգմանիչ Հակոբ (Էնկի) Սարգսյանը: Այն ամբողջությամբ տեղադրում ենք ստորև և կարծում ենք, որ հետադարձ կապի միջոցով ավելի հանգամանալից պարզաբանումներ կհաղորդենք այն բոլոր հարցումներին, որոնք կառաջանան տեսանյութը դիտելուց հետո: Այո՝ դիտելուց, քանզի Հայաստանի Հանրային Ռադիոյի հաղորդումներից շատերն այսօր՝ լսելուց զատ, կարող եք նաև դիտել: Արդ ուրեմն, ինչպես սիրում են ոգևորել աստղագնացները՝ գնացինք...


Եվ իհարկե, չմոռանանք հատուկ ուշադրություն դարձնել ՆՈՐԼԱ (Նորվեգական գրականությունը արտերկրում) ընկերության վրա, որի անմիջական մասնակցությամբ էլ հնարավոր է եղել կյանքի կոչել նորվեգական բանաստեղծություններից ծաղկաքաղ արված այս ընտրանին, քանի որ, երբ 2019 թվականին Նորվեգիայի Թագավորությունը հանդես է եկել Մայնի Ֆրանկֆուրտում անցկացվող գրքի ամենամյա փառատոնի պատվավոր հովանավորի դերում, կազմակերպչական աշխատանքների իրականացումը դրվել է հենց ՆՈՐԼԱ-ի վրա, իսկ ընկերությունն առավել մեծ պատվախնդրությամբ, եռանդով ու նվիրումով է մոտեցել գործին և արժանիորեն կրել ամբողջ բեռը:

Ընթերցողին հնարավորություն ընձեռելով ձեռք բերել «Նորվեգական տարեցույց» բարձրորակ գիրքը և ինքնուրույն ծանոթանալ գրքի 52 շաբաթական տաղերին ու այն ստեղծած պոետների կյանքին ու գրական գործունեության համառոտ նկարագրությանը, պարզապես ցանկանում ենք մի երկու բառ ավելացնել նորվեգացիների ազգային բնավորության գծերի մասին:
Նորվեգացիները միայն առաջին հայացքից են թվում ռացիոնալիզմով և պարփակվածությամբ հագեցված, քանի որ թափանցելով նրանց գրական ստեղծագործությունների խորունկ շերտերի մեջ և ուսումնասիրելով ու վերլուծելով դրանք, իրականում հասկանում ես, որ յուրաքանչյուր նորվեգացի առանձնահատուկ ու ինքնատիպ խառնվածքի տեր է, որին հաճախ բնորոշ է նաև ռոմանտիզմը:

Գրքում բացի նորվեգական տաղերից տեղ են գտել նաև սաամական գողտրիկ բանաստեղծություններ, որոնցից շատերը այսօր նաև երգվում են տարբեր բեմահարթակներում, իսկ հաճախ կատարվում են հենց դրանք ստեղծող քնարերգուների կողմից: Այստեղ թույլ տվեք ներկայացնել «Նորվեգական տարեցույց»- ում իր արժանի տեղը ամրագրած, սաամական արմատներով բանաստեղծուհի Ռոդնա Կարիտա Էյրայի չքնաղ կատարումներից մեկը.


Ձեր երազանքները փնտրեք գրքերում...

Երազանքները կարող են իրականություն դառնալ...

Էանում ենք երազելով...

Կարդացեք նաև