Կարլ XII-ը և շվեդական մսագնդիկները

Շվեդական խոհանոցի ուտեստներՇվեդական խոհանոցի ուտեստներ
Շվեդական ուտեստներ բնության գրկում

Շվեդական խոհանոցում՝ ինչպեսև ողջ սկանդինավյան խոհանոցում, գերակշռում են ծովամթերքները, սակայն քիչ չեն նաև մսով և բուսական հիմքով ուտեստները:
Սկանդինավյան այս երկրի բնակիչները շատ են սիրում իրենց ազգային կերակուրներից մեկը՝
սերուցքային սոուսի մեջ եփված եղնիկի մսից պատրաստված մսագնդիկները:
Ամենայն հարգանք տածելով բուսակերների և բնապահպանների ներկայացուցիչներին,
ցանկանում ենք փոքր ինչ մեղմել նրանց զայրույթը կապված անմեղ եղնիկների նկատմամբ ցուցաբերած անհարգալից խոհանոցային միջամտության համար, և ասել, որ այս ուտեստը Շվեդիայում շատերն այսօր պատրաստում են միայն խոզամսից:

Շվեդական արմատներ ունեցող և շվեդական կազմակերպության իմիջը մինչ այժմ պահպանող, կահույքի և տնային պարագաների վաճառքի աշխարհում խոշորագույն առևտրային ցանցերից մեկը՝ ԻԿԵԱ (IKEA) նիդեռլանդական արտադրական-առևտրային ընկերությունների խումբը, իր գրեթե բոլոր մեծ հանրախանութների խորտկարաններում մատուցում է ավանդական շվեդական մսագնդիկներ:

Այստեղ կուզենայինք փոքրիկ բացահայտում անել սկանդինավյան աշխարհում շվեդական մսագնդիկների հայտնվելու մասին:

Շվեդիայի Թագավորության մայրաքաղաքում


Շվեդական մսագնդիկների բաղադրատոմսը և պատրաստման եղանակը 18-րդ դարասկզբին Օսմանյան Կայսրությունից Շվեդիա է բերել Կարլ XII Թագավորը, երբ ժամանակավորապես բնակվելիս է եղել ներկայիս Մոլդովայի տարածքում գտնվող Բենդեր քաղաքում:
Այդ մասին հետազոտություններ է կատարել Շվեդիայի մեծությամբ չորրորդ քաղաք Ուփսալայի համալսարանի գրականագիտության ամբիոնի դասախոս Աննի Մաթսոնը:
Ըստ Մաթսոնի, Շվեդիայի թագավոր Կարլ XII-ը ՝ Պոլտավայի ճակատամարտում(1709) պարտվելով Պետրոս Առաջինին, Օսմանյան Կայսրության կողմից ապաստան է ստանում և թաքնվում Բենդեր քաղաքում: Մաթսոնը պնդում է, որ թագավորն այնտեղից բերել է ոչ միայն շվեդական մսագնդիկների բաղադրատոմսը, այլ Սկանդինավիա է բերել տոլմա ուտեստը, սուրճի հատիկներն ու դրանցով սուրճ եփելու գաղտնիքը:

Կարծում եմ այստեղ տեղն ու ժամանակն է, որպեսզի միջամտեն հայ հետազոտողները և պատմության էջերը լրացնեն իրենց նկատառումներով: Մենք միայն կուզենայինք հիշեցնել մեր ընթերցողին, որ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում մեծ համբավ էին վայելում հայ խոհարարները:

Ի դեպ, Կարլ XII-ի կողմից իր հայրենիք տարած մսագնդիկների հիմնական բաղադրիչը կազմել է խոզի միսը, որի օգտագործումը մուսուլմանների մոտ հայտնի է, թե ինչպես է ընկալվում: Եվ այսօր, թուրքական լրատվականների բարձրացրած աղմուկը, որ Շվեդիայում ժամանակին հայտնված մսագնդիկները, տոլման և սուրճը իրենց խոհանոցից է ներմուծված, առնվազն զարմանք է առաջացնում:

Կարլ XII-ի և, Պոլտավայի ճակատամարտում Պետրոս Առաջին ռուսական ցարի կողմից կրած պարտությունից հետո, նրա Օսմանյան Կայսրությունում հայտվելու մասին մենք դեռ առիթ կունենանք խոսել մեր կայքի մյուս հոդվածներում, իսկ այժմ եկեք ծանոթանանք շվեդական մսագնդիկների բաղադրատոմսին, որը զետեղված է հետևյալ կայքում:


Կայքում կգտնեք նաև պատրաստման եղանակի մասին պատմող տեսանյութ.

Köttbullar med Gräddsås (Շվեդական մսագնդիկներ սերուցքային սոուսի մեջ)

Նախատեսված է 4 անձի համար

Բաղադրիչներ


140 մլ թանձր սերուցք
5 ճ/գ պաքսիմատ
1 գլուխ սոխ
60 գ կարագ
400 գ աղացած եղնիկի միս
100 գ աղացած խոզի միս
1 ձու
2 ճ/գ աղ
1 ճ/գ մանանեխ
40 գ ալյուր
100 մլ սպիտակ գինի
400 մլ բանջարեղենի արգանակ
1 դափնու տերեւ
½ թեյի գդալ կիտրոնի հյութ
բուսական յուղ (տապակելու համար)
կարտոֆիլի պյուրե (մատուցելու համար)
հապալասի ջեմ (մատուցելու համար)
պղպեղ
աղ

Պատրաստման եղանակը

Փոքր թասի մեջ 40մլ սերուցքը խառնել պաքսիմատի հետ, դնել մի կողմ:
Կտրատել 1 գլուխ սոխը:
20գ կարագը 400գ եղնիկի մսի և 100գ խոզի մսի հետ խառնել,
ավելացնել 1 ձու, սերուցքի հետ խառնած պաքսիմատը,
2 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ մանանեխ ստացված խճողակին:

Թավայի մեջ կարագ դնել և տեղափոխել թույլ կրակի վրա:
Կարագը հալվելուց հետո ավելացնել սոխը և տապակել մինչև թափանցիկ դառնալը;
Մի կողմ թողնել մինչև սառչելը: Սառելուց հետո ավելացնել մսի խճողակին և լավ խառնել:
Ձեռքերը թրջել ու խճողակից փոքրիկ գնդիկներ ձևավորել:

Թավայի մեջ բուսայուղ լցնել և դնել միջին բարձրության կրակին:
Տապակել գնդիկները մինչև բոլոր կողմերից շագանակագույն դառնալը, այնուհետև դնել մի կողմ:
40գ կարագը հալեցնել թավայի մեջ, ավելացնել 40գ ալյուր և խառնելով տապակել ալյուրը մինչև ոսկեգույն շագանակագույն դառնալը, չդադարեցնելով խառնել ավելացնել 100 մլ սպիտակ գինի,
400մլ բանջարեղենի արգանակ և մնացած 100մլ թանձր սերուցքը:
Խառնել 5 րոպե կամ մինչև թանձրանալը, ավելացնել մսի գնդիկները և դափնու տերև:
Եփել ևս 5 րոպե , ավելացնել աղ, պղպեղ և կիտրոնի հյութ:
Մատուցել կարտոֆիլի խյուսի և հապալասի ջեմի հետ:

Վերջում թույլ տվեք ներկայացնել շվեդական կոլոլակների պատրաստման մեկ այլ եղանակ ևս.

Բարի ախորժակ...
Կշտանում ենք ուտելով...
Էանում ենք երազելով...

կարդացեք նաև