Որտե՞ղ է թաղված Ջեյմս Բոնդը

Ֆարերյան կղզիներ, Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը և ատոմի կառուցվածքըՖարերյան կղզիներ, Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը և ատոմի կառուցվածքը
Ջեյմս Բոնդ - Մեռնելու ժամանակը չէ

Ցանկանում ե՞ք գտնել բրիտանական ագենտ 007-ին՝ Ջեյմս Բոնդին:
Չեք կարող, քանզի հերոսն այլևս չի ապրում... նա վախճանվել է,
և այժմ կարող եք գտնել լոկ նրա շիրմաքարը:
Ջեյմս Բոնդի գերեզմանը Ֆարերյան կղզիներից մեկում է:
Նրա շիրմաքարին գրված է. «Ջեյմս Բոնդի հիշատակին 1962 - 2021 Մարդու իրական գործառույթը ապրելն է, այլ ոչ գոյատևելը»:
Այո բրիտանական հանրահռչակ հետախույզն իր վերջին հանգրվանը գտավ Ֆարերյան կղզիներից մեկում՝ Քալսոյում, ուր կանգնեցվել է նրա շիրմաքարը: Վերջին ահեղ մենամարտում՝ աշխարհն աղետից փրկելու նրա ճիգերը պսակվեցին հաջողությամբ, սակայն այս անգամ անպարտելի հերոսը կնքեց իր մահկանացուն:

Անտլանտյան օվկիանոսի հյուսիսային ծովերով շրջապատված Ֆարերյան կղզիներից մեկում՝ դաժան սցենարիստների աղետաբեր գրչով, 2021 թվականին իր մահկանացուն կնքեց բրիտանական հետախուզության հանրահռչակ ասպետ՝ «Ագենտ 007» մականվամբ, Ջեյմս Բոնդը:
«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմը բրիտանական հետախույզի մասին պատմող 25-րդ ֆիլմն է և նկարահանվել է Ֆարերյան կղզիներից մեկում, որտեղ այսօր կանգնեցված է Ջեյմս Բոնդի շիրմաքարը:

Ֆարերյան կղզիախմբի հյուսիսում գտնվող, անհավանական ուղղաձիգ ժայռերով ու միստիկ ձորերով հարուստ, երկարուձիգ Քալսոյ կղզին «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում պայմանականորեն ներկայացնում է չար Լյուցիֆեր Սաֆինի որջը՝ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև ընկած, այսպես կոչված, «Թունավոր կղզին», որին՝ ֆիլմի վերջնամասում, տիրում է բրիտանական ամենակարող հետախույզը և այնտեղ ծավալում իր փրկրչական գործունեությունը:

Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Ռաֆթոն Քրեյգը

Ֆիլմում Ջեյմս Բոնդի դերում հանդես է գալիս անգլիացի տաղանդավոր դերասան Դենիել Ռաֆթոն Քրեյգը: Դենիել Քրեյգը հանրությանը հայտնի է նաև Կազինո Ռոյալ (2006), Գթասրտության քվանտ (2008),Վիշապի դաջվածքով աղջիկը (2011) և 007: Կոորդինատները «Սքայֆոլ» (2012) ֆիլմերով:

«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի դրվագները նկարահանվել են 2019 թվականի աշնանը, Քալսոյ կղզու հյուսիսային Քալուր հրվանդանում և Տրոլանես գյուղում, ուր գերժամանակակից կինոտեխնիկական սարքավորումներով համալրված նկարահանող խմբի 60 անդամները կիրառել են իրենց հմտությունները, ապահովելով ֆիլմի դիտողականությունը:

Քալսոյ կղզու հրվանդանում գտնվող Քալուր փարոսը

Ճիշտ է, ֆիլմում այս հրաշագեղ փարոսը չի երևում, սակայն չարաղետ թունավոր այգին անմիջական կապի մեջ է ուղղաձիգ հրվանդանին վեր խոյացած աշտարակի հետ: «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում ենթասյուժեները հանգուցալուծվում են վերջին ակտի ժամանակ, երբ մահաբեր հրթիռային հարվածից զոհվում է գլխավոր հերոսը՝ բրիտանական հետախուզության լեգենդար առաջամարտիկ Ջեյմս Բոնդը:

Այո, 1962 թվականից աշխարհի կործանումը կանխող Ագենտ 007-ը՝ սցենարիստների ծանր ձեռքով, կնքում է իր մահկանացուն...

Կինոմատոգրաֆիայի աշխարհի ներկայացուցիչների գրեթե մեծամասնության երազանքները կիզակետվում են Սկանդինավյան աշխարհի կղզիներում, մասնավորապես Ֆարերյան կղզիներում: Աշնանային արևի ցածր դիրքը հորիզոնի նկատմամբ ապահովում է կինոյի համար անհրաժեշտ լուսավորության պայմաններ և հավերժական տրամադրություն է ստեղծում։ Այսպես կոչված «Ոսկե ժամ»-ի առկայությունը թույլ է տալիս նկարահանումներ իրականացնել գրեթե ամբողջ օրվա ընթացքում, երբ լեռները պարուրվում են շիկացած մայրամուտի դյութիչ լույսերով: Աշնանային այդպիսի լույսի ներքո Ֆարերյան կղզիներում ակամա հայտնվում ես հեքիաթային անիրականության տիրույթում: Առեղծվածային իմաստնությամբ տոգորված ամպերի, խստաշունչ օվկիանոսի և անընդհատ փոփոխվող արևափայլի մեջ կա մի չափազանց հզոր և անզուսպ խորհուրդ:

Կալսոյ կղզու լուսանկարն է՝ Տրոլանես գյուղի պատկերով

Այս լուսանկարը, որի մեջ երևում է փոքրիկ Տրոլանես գյուղը, արվել է Քալսոյ կղզու ամենահյուսիսային մասում գտնվող Բորգարին լեռան վրայից, որտեղ՝ «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում, գտնվում է չարագործ Սաֆինի որջը:
Հենց այստեղ է մահանում Ջեյմս Բոնդը։

Եկեք այստեղ միասին վայելենք Բիլլի Այլիշի ֆիլմին նվիրված չքնաղ կատարումը, իսկ մինչ այդ մեզ մնում է ավելացնել, որ Նորվեգիայից, Դանիայից, Շվեդիայից, Իսլանդիայից և Ֆինլանդիայից այս չքնաղագեղ կղզիներ կարող եք ժամանել նավով, որպեսզի վայելեք Կալսոյ կղզուց շուրջբոլորը բացվող ապշեցուցիչ տեսարաններ: Տեսարաններից ամենադիտարժանը հարևան Էյսթուրոյ կղզուց երևացող հրաշք ջրվեժն է, որը գահավիժում է ուղիղ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերի գիրկը:


Ի դեպ, չմոռանաք ձեզ հետ վերցնել ծաղիկներ, որպեսզի խոնարհաբար տեղադրեք
մարդկությունը բազմիցս փրկած խիզախ հետախույզ Ջեյմս Բոնդի շիրիմին:
Թող ահավիրքը տեղ գտնի միայն ֆիլմերում...
Թող խաղաղություն տիրի աշխարհին...
Թող երազանքները առաջնորդվեն Բարօրությամբ...
Էանում ենք երազելով...

Ջեյմս Բոնդն այլևս հիշողություն է

Կարդացեք նաև