Ավագ Էդդա

Ավագ Էդդա էպոսը ընդգրկող գիրքը  Ատլանտյան օվկիանոսի առաջին պլանումԱվագ Էդդա էպոսը ընդգրկող գիրքը  Ատլանտյան օվկիանոսի առաջին պլանում
Ավագ Էդդան հաղթահարում է Անտլանտյան օվկիանոսի առայժմ խաղաղ մակերևույթը

Ձեռք բերեք գերմանա-սկանդինավյան էպոսը և կծանոթանաք Իսլանդիայում պահպանվող Թագավորական կոդեքսին, կիմանաք, թե ինչու էին հետաքրքրված սկանդինավյան էպոսով Մեծ վարդապետ Կոմիտասն ու Ավ. Իսահակյանը, կվերագնահատեք վիկինգների դարաշրջանը, կբացահայտեք սկանդինավյան դիցաբանության գաղտնիքները:

«Ավագ Էդդա»-ի կրկնապատկվող հատկությունը

Գերմանա-սկանդինավյան դիցաբանության հիմք հանդիսացող «Ավագ Էդդա» գրական հուշակոթողի հին իսլանդերենից արևելահայերեն թարգմանված «Երգեր Աստվածների մասին» նկարազարդ առաջին գիրքը Հակոբ Սարգսյանի երկար տարիների աշխատանքի արդյունքն է: Ծավալուն նախաբանը, տասներկու գլուխները՝ իրենց մանրամասն ծանոթագրություններով, ձեզ կուղեկցեն համաշխարհային պատմագրության հետաքրքրաշարժ ժամանակաշրջաններից մեկը, այսպես կոչված «Վիկինգների դարաշրջանը»: Ներդաշնակվելով գրքի էջերում տեղ գտած դյութիչ երգերի տողերին, դուք ասես կլսեք իսլանդական արքունական ու թափառական գուսանների՝ սկալդների, համապատասխան ռիթմիկ քնարաչափական յուրահատուկ ոճով արտաբերած երգեցիկ խոսքերը, հաղորդակիցը կլինեք նրանց կողմից հնչեցրած հին հեթանոսական ավանդույթների ու առասպելների խրոխտ ելևէջներին, որոնք կամա-ակամա բախվում են ավետաբեր ու նոր արժեքներ ներկայացնող քրիստոնեական գաղափարական քարոզներին: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ հին առասպելների պահպանման և գրառման գործում պատշաճ մոտեցում դրսևորելով, ինչպեսև առասպելագիտությունը համարելով ազգապահպանության գերագույն գործոն, էդդաները և իսլանդական սագաները գրառել, պահել ու պահպանել են սերունդների համար հենց Իսլանդիայի քահանաները, չմոռանալով իհարկե համընթաց կատարել իրենց քրիստոնեական պարտավորությունները.

Հե´յ , ուշադիր լսե´ք դուք ինձ,
օրհնյալ սերունդնե´ր պատվելի,
զավակնե´ր ավագ ու կրտսեր
պայծառափայլՀեյմդալարի ։
Վալֆա´թր, կամքիդ համաձայն,
ինչպես հիշում եմ, կպատմեմ
ճակատագրերն էակների՝
հին ու դյութիչ երգերի հետ...

«Ավագ Էդդա»-ն կամ այսպես կոչված՝ «Պոետիկ Էդդա»-ն, իրենց գրական գործունեության համար, որպես ոգեշնչման աղբյուր են համարել այնպիսի հայտնի գրողներ, ինչպիսիք են Վիլհելմ Էքելունդը, Ավգուստ Ստրինդբերգը, Էզրա Փաունդը, Խորխե Բորխեսը և այլոք, իսկ Ջ. Թոլկիենը իր ամբողջ ստեղծագործությունները հյուսել է էդդայական առասպելների հենքի վրա։

Ավագ Էդդան իր էպիկական գերարժևորման շնորհիվ, ոգեշնչել է բազմաթիվ հանճարեղ արվեստագետների։ Համաշխարհային մշակույթի օվկանոսում «Էդդա» անունը կրող նավը վագներյան շեփորներից ծնունդ առած հուժկու քամիների ուղեկցությամբ է հաղթահարել անծայրածիր հորիզոնները։
Մեծ վարդապետ Կոմիտասը, անդրադառնալով Ռիխարդ Վագների «Նիբելունգների մատանին» քառապատմանը, որի գրական հիմնանյութը վերցված է «Ավագ Էդդա»-ի երգերից ու «Ասք Վյոլսունգների մասին» սագայից, այն համարել է բոլոր ժամանակների ամենամեծ դրաման և անգամ դրա օրինակով երբեմնի մտահաղացում է փափագել՝ կյանքի կոչել «Սասնա ծռեր» քառապատում-օպերան:

Մեծն Կոմիտասի «Սասնա ծռեր» անավարտ օպերան և «Ավագ Էդդա»-ն


«Էդդա»-ին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև մեծանուն հայ գրող Ավետիք Իսահակյանը, երբ 1922 թվականին, գտնվելով Վենետիկում, նամակ է գրում Վահան Զաքարյանին, նրան խնդրելով Բեռլինից իրեն ուղարկվող անհրաժեշտ գրքերի շարքում ընդգրկել նաև «Էդդա» -ի գերմաներեն թարգմանված տարբերակը։

«Ավագ Էդդա» էպոսագիրքը Ավետիք Իսահակյանին հյուրընկալվելիս


Հայազգի մեծանուն գիտնական, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին հայկական հերոսական էպոսի նախաբանում՝ «Սասունցի Դավիթը» և մյուս ժողովուրդների էպիկական զրույցները բաժնում, հետաքրքիր համեմատություններ է կատարել «Սասնա Ծռերի» անմահ հերոսների և մյուս ժողովուրդների էպիկական ավանդազրույցների հերոսների միջև...

Մեր կայքում արժանիորեն տեղ է գտել Օսլոյի համալսարանի սոցիալական մարդաբանության և փիլիսոփայության բակալավրի որակավորումով շրջանավարտ, Բրիսթոլի համալսարանում մանկավարժության մագիստրոսի կոչում ստացած նորվեգացի մտավորական, Հայ ժողովրդի բարեկամ Սյուր Կապելեն Փափազյանի գրառումը «Ավագ Էդդա» սկանդինավյան էպոսի վերաբերյալ:

Ակնառու են Սյուր Կապելեն Փափազյանի սոցիալական ցանցերում կատարված հետաքրքրական պարզաբանումները համաշխարհային էպոսագիտության ոլորտում:

Սյուրի սուր աչքից չեն վրիպում անգամ նոր երևան եկած հանգամանքներն ու բացահայտումները, որոնք միտված են հին և նոր Արևելքի ու Արևմուտքի քաղաքակրթությունների համախառն քաոսից հայտաբերելու, զտելու և ըստ իրավական չափանիշների դասակարգելու իրողության այն արդյունքները, որոնք կարող են ի չիք դարձնել դարերով մարդկությանը տանջող շատ հարցականներ:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Սյուր Կապելենի հայագիտական ուսումնասիրությունները և կարծում եմ, որ մեծարգո հայասերի հետ նախապես պայմանավորվելուց հետո, մեր հետագա հոդվածներից մեկում կարող ենք զետեղել նաև այդ գրառումները, իսկ այժմ թույլ տվեք ներկայացնել նրա գրառումը «Ավագ Էդդայի» վերաբերյալ.

Քաղվածք նորվեգացի էպոսագետ Սյուր Կապելեն Փափազյանի ֆեյսբուքյան էջից

Այժմ եկեք ներկայացնենք մեկ պարզաբանում ևս.

Հյուսիսային Եվրոպա մուտք գործելով սկանդինավյան դիցարանի աստվածները զգալի ազդեցություն են թողել ցրտաշունչ Հյուսիսը անհիշելի ժամանակներից բնակեցրած տեղաբնակների ապրելակերպի ու աշխարհայացքի վրա:
Ըստ XIII դարի իսլանդացի պատմիչ, քահանա և բանաստեղծ Սնորրի Ստուրլուսոնի Ասիայից հյուսիս ժամանած իմաստուն ու քաջ աստվածների մի խումբ Հյուսիսային Եվրոպա է բերել հողագործության կատարելագործման գաղտնիքները, ձիաբուծությունը, երկաթի և ոսկու մշակման արհեստները, աստղագիտությունն ու մարդկային հարաբերությունների օրենսդրական դրույթները: Այդ դրույթները մասամբ ներառված են «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսի «Երգեր Աստվածների մասին» առաջին գրքի «Բարձրյալի խրատանին» երգում:

«Բարձրյալի խրատանին», այսպես կոչված «վիկինգների սահմանադրությունը», հնչում է սկանդինավյան դիցարանի գերագույն աստված, գրագիտության և հզորության գերաստված Օդինի շուրթերից և նույնքան կարևորություն ունի ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական լսարանի համար:

Զորօրինակ Օդինը՝ համայն մարդկությանն ուղղված իր պատգամ-խրատներից մեկում, այսպես է դիմում Միդգարդը բնակեցնող մարդկանց ենթադրյալ քրմապետ Լոդֆաֆնիրին.

134. Խորհուրդ կտամ քեզ, Լոդֆաֆնի´ր,
ականջ դնել խրատներիս։
Կշահես, երբ այն ընկալես,
գոհ կլինես, երբ կիրառես։
Ճերմակահեր ծեր գուսանին
չծաղրես դու ամենևին,
թանկ են խոսքերն ալևորի...


Թույլ տվեք մեր ջերմագին ողջույնները հղել հայալեզու այն բոլոր պարբերականներին և հրատարակչություններին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում համաշխարհային առասպելաբանության գլուխգործոցների լուսաբանման ու տարածման պատվաբեր գործում:
Հարգելի Ընթերցո՛ղ, այս և այլ հետաքրքրաշարժ մանրամասներին ծանոթանալու համար, իսկ ամենակարևորը՝ այս փառահեղ երգերը վայելելու, նրա տողերին հաղորդակցվելու համար, հարկավոր է շուտափույթ ձեռք բերել և կարդալ գիրքը...
դե իհարկե չմոռանալով հարցեր ուղղել թարգմանիչ Հակոբ Սարգսյանին.

Ծովային ճանապարհորդություն դեպի Օսլոյի ծովախորշ
«Ավագ Էդդա» - ի մասին դեռ կշարունակենք գրել...
Էանում ենք երազելով...
Ավագ Էդդա էպոսը ընդգրկող գիրքը  Ատլանտյան օվկիանոսի առաջին պլանումԱվագ Էդդա էպոսը ընդգրկող գիրքը  Ատլանտյան օվկիանոսի առաջին պլանում

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Երևանի  Իսահակյան 16 ա հասցեում գտնվող գրախանությում վաճառքի են հանվել Նորվեգական հեքիաթներըԵրևանի  Իսահակյան 16 ա հասցեում գտնվող գրախանությում վաճառքի են հանվել Նորվեգական հեքիաթները

Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ

Այլ տեղ մի փնտրեք տրոլներին, հյուլդրաներին, թզուկներին, ծովախորշային դրաուգներին, անտառային, լեռնային ու տնային ոգիներին, նրանք բոլորն այստեղ են...