Ավագ Էդդայի պատկերազարդ դրվագները

Հարավսկանդինավյան ժայռապատկերում սոլար-նկարներ են, վիկինգների դրաքքար, հողի մշակման դրվագ, ծիսական հարսանիք, աղեղնավորի ու տեգահարի մենամարտ և այլն Հարավսկանդինավյան ժայռապատկերում սոլար-նկարներ են, վիկինգների դրաքքար, հողի մշակման դրվագ, ծիսական հարսանիք, աղեղնավորի ու տեգահարի մենամարտ և այլն
Սոլար-նշաններով հարավսկանդինավյան ժայռապատկերներ

Հարավսկանդինավյան բրոնզեդարյան ժայռապատկերները մեզ հուշում են, որ դեռ անհիշելի ժամանակներից Սկանդինավյան թերակղզին բնակեցված է եղել: Հետո մարդկության պատմության հնագույն բնօրրանը համարվող Առաջավոր և Փոքր Ասիայից ժամանել են բանիմաց աստվածներ և օգնել տեղաբնակներին իրենց երկիրը շենացնելու ու զարգացնելու գործում: Այդ մասին գրված է միջնադարյան Իսլանդիայում հայտնաբերված մագաղաթյա ձեռագրերում, մասնավորապես «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսում, որի գրեթե յուրաքանչյուր դրվագ պատկերված է վաղ միջնադարյան նկարիչների և քանդակագործների կողմից և, ոչ պակաս եռանդով, շարունակվում է մինչ օրս:

... Աստվածներն այդժամ բազմեցին
խորհելու իրենց գահերին,
ժամն էր եկել օրհնյալների
կարգ ու կանոն հաստատելու։
Նրանք անուններ տվեցին
գիշերվան իր սերունդներով,
առավոտին, միջօրեին,
անուն ստացավ և երեկոն,
ինչպես նաև միջկեսօրը
և տարին հաշվել սկսեցին։

7. Հանդիպեցին ասերն ահա,
Իդավելի դաշտավայրում,
հիմնեցին բագին ու տաճար,
սերտորեն հյուսված մեկմեկու։
Հնոցները թեժ վառեցին
և ձուլեցին ոսկե գանձեր,
ապա աքցաններ բանեցրին,
կռեցին գործիքներ, զենքեր...

Հետևելով հանրահայտ էպոսի տողերին շատ բան կարելի է իմանալ: Եվ այսպես, աստվածները ժամանեցին ժամանակակից Սկանդինավիայի տարածք ու այնտեղ մինչ այդ ապրող ցեղախմբերի կոնունգները նրանց արժանապատվորեն դիմավորելով, սկսեցին այդ բանիմաց այրերից սերտել արհեստի ու արվեստի նորությունները: Այդ ամենի մասին խոսում են ամբողջ Սկանդինավիայով մեկ տարածված հուշակոթող քարերին պատկերված ռունագրերը և կենդանդանիների ու գործիքների նկարները: Ժայռապատկերներին և քարե հուշակոթողներին լրացնելու են գալիս նաև պեղումների ընթացքում ի հայտ եկած մեծ արժեք ներկայացնող գտածոները՝ թաղված փայտե դրաքքարները, պատկերազարդ կարպետների կտորները, զենք ու զրահի, ամենատարբեր մետաղադրամների մնացուկները և այլն: Դրանցից շատերը այսօր իրենց արժանի տեղերն են գտել Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների թանգարաններում և ժամանակակից կերպարվեստի գլուխգործոցների հետ միասին ցուցադրվում են և գերում բազմահազար զբոսաշրջիկներին, նրանց ձգելով դեպի աշխարհին դեռ լիովին չներկայացած սկանդինավյան քաղաքակրթական դաշտ:

«Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսը Անտարես հրատարակչության կողմից 2018 թվականին թարգմանվել է հայերեն: Վերևում ձեզ ներկայացրեցինք «Երգեր աստվածների մասին» պատկերազարդ գրքի «Վոլվայի գուշակությունը» երգի տողերը: Այդ երգի գլխավոր հերոսուհին գուշակուհի Վոլվան է, ով ի լուր աշխարհի սկսում է հաղորդել անհիշելի, նախապատմական ժամանակներից սկսած տիեզերքի արարման ընթացքի, կենաց ծառի, Ռագնարոկ աշխարհակործան պատերազմի և արդեն վերակառուցվող նոր աշխարհի մասին, պատմում է գոյություն ունեցող խորհրդավոր, գերբնական, անդրաշխարհյան ուժերի՝ հսկաների, թզուկների, ալֆերի, և այլ էակների մասին։ Վոլվային շատերն են պատկերել իրենց կտավներում, սակայն այստեղ ուզում ենք ներկայացնել մի նկար, ուր մեռյալների աշխարհի տիրուհի Հելն է պատկերված, ում մեկնիչներից շատերը նույնացնում են Վոլվայի հետ, իսկ նրա առաջ Գարմր անունը կրող շունն է:

Գամփռը, Գարմրը, Հելն ու Ավագ Էդդան

«Վոլվայի գուշակությունը» երգի 44-րդ և 45-րդ տներում ասվում է.

Գարմրն է ոռնում ուժգին ձայնով
Գնիպա քարանձավի առաջ,
Ֆրեկին դուրս կպրծնի շուտով՝
շղթաները պատառոտած։
Նրան ամեն ինչ է հայտնի։
Տեսնում եմ ես և ապագան
և գալուստը Ռագնարոկի՝
աստվածների դժբախտության։

45. Եղբայրներն իրար կբախվեն
և կկոտորեն մեկմեկու,
իսկ քույրերի զարմերի դեմ
կսերմանեն թշնամություն։
Տները վշտով կլցվեն,
մեղքերն անվերջ կծավալվեն,
դարերը ցավ կթափեն ցած,
թուր ու տապան, կոտրած վահան,
բուք ու բորան, գայլ ու գազան,
մինչ աշխարհը գտնի վախճան,
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
մարդը մարդուն չի խնայի,
մարդը մարդուն կկործանի։

Գարմրը մեռյալների աշխարհ Հելի դռանը կապված շան անունն է և ներկայացվում է հին հունական դիցարանում դժոխքի դռանը կապված Կերբերյան շան նմանությամբ։ Որոշ մեկնաբաններ Գարմրին նույնացնում են Ֆենրիր գայլի հետ։ 44-րդ տան երրորդ տողում տեղ գտած շղթաներից ձերբազատվող Ֆրեկիի մասին գրառումը նրանց թույլ է տալիս ենթադրելու, որ այստեղ խոսքը ոչ թե շան, այլ գայլի մասին է։ Ֆրեկին Օդինի թիկնապահ գայլերից մեկի անունն է, իսկ նա սնվում է չարագործ մարդկանց մարմինները լափելով։ Այս հանգամանքն է հենց ստիպել մեկնիչներից շատերին կանգ առնել Գարմրին որպես գայլ ներկայացնելու տարբերակի առաջ։ Սակայն Ֆրեկի բառը սկալդների կողմից կարող էր կիրառվել որպես ածական՝ շանը զարհուրելի և արյունռուշտ կեցվածքով նկարագրելու համար։ Մի բան պարզ է, որ Ֆենրիրը և Ֆրեկին տարբեր բևեռներում կանգնած գայլեր են, որոնք տարբեր գործառույթներ են իրականացնում էպոսում (Ֆենրիրը՝ կործանիչ, իսկ Ֆրեկին՝ պատժիչ) և նրանց պետք չէ նույնացնել Գարմրի հետ։

Իսկ հիմա ուշադիր նայելով մեր հոդվածում տեղ գտած հավաքական նկարին համեմատենք հայկական Գամփռի բրոնզաձույլ արձանը, որը քանդակել է ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը և գերմանացի հայտնի նկարիչ-իլյուստրատոր Յոհաննես Գերցի 1889 թվականին կատարված «Հել» աշխատության վերատպությունը, որի մեջ տեղ է գտել մեռյալների թագավորության դժգույն տիրուհու առաջ պատկերված Գարմր շունը:

Գամփռ, Գարմր համակերպվեք, գուցե պարզվի եղբայրներ եք...

«Ավագ Էդդա» էպոսի մեկ այլ «Գրիմնիրի խոսքը» երգի 44-րդ տան մեջ ասվում է.

... Լավագույնը ծառերի մեջ
դա հացենին է Իգդրասիլ,
Սկիթբլաթնիրը՝ նավերի մեջ,
աստվածների մեջ` Օդինը,
նժույգների մեջ՝ Սլեիպնիրը,
Բիլրոստը
՝կամուրջների մեջ,
լավագույն սկալդը Բրագին է,
լավագույն բազեն՝Հաբրոքը,
Գարմրն
ամենազոր շունն է...

Եվ ահա, այստեղից պարզ է դառնում Գարմրի դերն ու նշանակությունը սկանդինավյան դիցարանում և, որ ամենազոր շան տիտղոսակրի պատվավոր կոչումը ի վերուստ վերապահված է հենց նրան: Կարծում ենք, որ հայկական Գամփռը նույնպես իր դիրքն ու կարևորությունը չի կորցրել և կարող է աշխարհի իր ցեղակիցների շրջանում հանդես գալ, որպես լիակատար ու արժանի առաջնորդ:

Միով բանիվ՝ դարձեք մեր կայքի հետևորդը և...
Կատարեք նոր բացահայտումներ...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Հարավսկանդինավյան ժայռապատկերում սոլար-նկարներ են, վիկինգների դրաքքար, հողի մշակման դրվագ, ծիսական հարսանիք, աղեղնավորի ու տեգահարի մենամարտ և այլն Հարավսկանդինավյան ժայռապատկերում սոլար-նկարներ են, վիկինգների դրաքքար, հողի մշակման դրվագ, ծիսական հարսանիք, աղեղնավորի ու տեգահարի մենամարտ և այլն

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև