Ավետիք Իսահակյանը և Սկոնիայի գուսանները

Պատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերըՊատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերը
Ավետիք Իսահակյանն ու հյուսիսային էպոսները

Ավետիք Իսահակյանը իր գրական գործունեության ամբողջ ընթացքում արժևորել և կարևորել է համաշխարհային էպոսների դերն ու նշանակությունը: Էպոսների հանդեպ ցուցաբերած նրա հետաքրքրությունների շրջանում են հայտնվել սկանդինավյան աշխարհի գրական հուշակոթողներ «Ավագ Էդդան» և «Նիբելունգների երգը»:

Ավետիք Իսահակյանը՝ գտնվելով Վենետիկում, 1922 թվականի ապրիլի 6-ին նամակ է գրում Վահան Զաքարյանին, նրան խնդրելով Բեռլինից իրեն ուղարկվող անհրաժեշտ գրքերի շարքում անպայման ընդգրկել «Էդդայի» գերմաներեն տարբերակը:

Ավետիք Իսահակյանը և Ավագ Էդդան

Իր նամակում նա գրում է.

«... 60 մարկի չափով կառնես հետևյալ գրքերից, բայց այնպես անես, որ ճամփու ծախս չունենաս, այսինքն բոլորը իմ փողով հոգաս. ես գրում եմ մի քանի գրքերի անուն, չգիտենալով գրքերի գները, որը որ առաջին տեղն եմ դրել, սկզբից նրանք են կարևորները, մնացածները, երբ փողը կբավարարե.
Arnold, Leute Asiens; Byron, Ritte Harold; Indische sprache; Talmud; Nirvana; EDDA; Platon. Phaidros; Ollanta; Chinesche gedichte; Macculag; Gracian; Schelling; Emerson; Davids Badd; Carlyle... ».

 (Իսահակյան Ա. Երկերի ժողովածու 6հ. էջ 186)

Իսահակյանի կողմից չի անտեսվել նաև կարելա - ֆիննական ազգային էպոսը՝ «Կալևալան»: 1949 թվականին՝ «Կալևալայի» հարյուրամյակին նվիրված իր խոսքում, Վարպետը ասում է.
«Կարելո-ֆիննական ազգային էպոսը, «Կալևալան», արդեն անվիճելիորեն դասվում է համաշխարհային էպոսների շարքին — Հոմերոսի, «Էդդայի», «Նիբելունգների երգի» (Իսահակյան Ա. Երկերի ժողովածու 5հ. էջ 262):
Իմաստուն գուսան Վայնամոյնենի խրատները

Սկանդինավյան աշխարհի մասին Ավետիք Իսահակյանի պատկերացումները ավելի ընդհանրական դարձնելու համար հարկավոր է վերընթերցել հյուսիսցիների մասին պատմող նրա ստեղծագործությունները ՝ մասնավորապես 1924 թվականին Վենետիկում գրված նրա «Վիկինգների կյանքից» պատմվածքը:
Անվեհեր վիկինգները գործի են դնում տապարներն ու սրերը

Մեր կայքում արժանիորեն տեղ ենք հատկացրել նաև այդ դրամատիկ պատմվածքին և թույլ տվեք սիրով ներկայացնել «Վիկինգների կյանքից» մի հատված.

« Սկոնիայի գուսանները, թափառաշրջիկ սկալդները, իրենց մրրկաշունչ բամբիռների վրա երգել են անվեհեր վիկինգների արարքները և սերունդները կրկնելով հասցրել են այդ հզոր երգերը մեզ:
Քաջ վիկինգնե՜ր, ազնիվ և անդավաճան, որոնց համար կյանքն արկածների առիթ էր և մահը՝ ժպիտ:
Սարսափն էին նրանք բրիտների և ֆրանկների, Իսպանիայի և իտալիայի պերճ դղյակների կողոպտողներն ու հրձիգները:
Մթին անտառների դարավոր եղևնիներից շինած կարմիր ու անղեկ նավակներով՝ թևբաց, հածում էին նրանք անծանոթ ծովերի վրա, և հուզված ջրերի վրա միայն որոնելով իրենց հանգիստն ու հաճույքը:
Փոթորիկների մեջ զվարթ երգում էին նրանք և վահանների հարվածներով ճեղքում էին իրենց վրա փլչող փրփրադեզ լեռները: Արշավում էին գետերի հոսանքներով դեպի վեր, կռվի շեփոր էին փչում, և նրանց սուրերի սոսկալի շառաչը տանում էին արձագանքները պարիսպավոր քաղաքներից ներս:
Այրում էին, կողոպտում ավաններն ու ոստանները և ավարով դառնում էին հայրենի ափերը: Եվ նրանց իշխանության սահմանն այնտեղ էր, ուր գնում էր ալիքը ծովի՝ սպիտակ բաշերով»...

Սկանդինավյան աշխարհը հետագայում նույնպես կանդրադառնա Ավետիք Իսահակյանի անմար գործերին, իսկ մենք՝ վերջաբանի փոխարեն, ըմբոշխնենք հյուսիսցիների մարտական երգերի ոգեշնչող խրոխտ հնչյունները...

Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Պատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերըՊատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերը

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Պատկերված են Նորվեգական հեքիաթների գիրքը, Թումանյանի գրքերից երկուսը և մի մատիտՊատկերված են Նորվեգական հեքիաթների գիրքը, Թումանյանի գրքերից երկուսը և մի մատիտ

Թումանյանի Օրորոցագողը, Գրբաց Գյուբորը և նորվեգական կախարդանքը

Հայաստանում և Նորվեգիայում չար ոգիները նմանակում են իրար: Կհամոզվենք դրանում, եթե համեմատենք Թումանյանի «Օրորոցագող»−ը և նորվեգական «Գրբաց-հեքիմուհի»−ն