Թումանյանի Օրորոցագողը, Գրբաց Գյուբորը և նորվեգական կախարդանքը

Պատկերված են Նորվեգական հեքիաթների գիրքը, Թումանյանի գրքերից երկուսը և մի մատիտՊատկերված են Նորվեգական հեքիաթների գիրքը, Թումանյանի գրքերից երկուսը և մի մատիտ
Նորվեգական ավանդազրույցն ու Հովհ. Թումանյանի Օրորոցագող բալլադը

Սկանդինավյան աշխարհում՝ մասնավորապես Նորվեգիայում, միջին դարերում՝ այսպես կոչված դարձվորյակ-նորածիններին չար ոգիներից փրկելու համար, տուն էին հրավիրում ժողովրդական դեղամիջոցներով բուժող գրբաց կանանց: Գրբաց-հեքիմուհիները շրջում էին գյուղ առ գյուղ և ջահել ու սնահավատ մայրիկներին օգնում բուժելու իրենց վատառողջ նորածին մանկիկներին: Աղքատ գեղջկուհիները ճարահատյալ դիմում էին այդպիսի միջոցների, քանի որ որակյալ բժիշկների թանկարժեք ծառայություններից նրանք պարզապես չէին կարող օգտվել:

Նորվեգական ավանդազրույցներում հաճախ կարող ենք հանդիպել այնպիսի պատմությունների, որոնք լսողի մոտ ակամա զարմանք ու զարհուրանք են առաջացնում: Հյուսիսային բնակավայրերում թևածում էին կարծիքներ, որ անդրաշխարհյան ու գերբնական չար ոգիները գողանում են նորածիններին հենց օրորոցից և փոխարենը այնտեղ խցկում իրենց հրեշածին զավակներին, իսկ ծննդկան մայրիկները հաճախ չտարբերելով փոքրիկներին, անխռով կերակրում են նրանց մինչև ի վերջո համոզվում են, որ այդ ուրվատեսիլ ու հիվանդագին դարձվորյակները իրենցը չեն:
Լուրը արագ տեղից տեղ էր անցնում ու ընկնում գրբաց-հեքիմների ականջը և նրանք իսկույն հայտնվում էին կարիքավորների մոտ ու անհավանական ու բիրտ միջոցներով սկսում բուժել նրանց մանկիկներին: Դե իսկ այդ վայ-բժիշկները հնարագետ գրբացներ էին, օժտված վարժ ճարտասանությամբ և, գործի դնելով ցանկացած հնարք փորձում էին վաճառել իրենց ձեռքով պատրաստված դեղամիջոցները:

Նորվեգական ավանդացրույցները չար ու բարի ոգիների ընկերակցությամբ

«Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» ժողովածուն, որը մեծ խնամքով ու բացառիկ ջանասիրությամբ կյանքի են կոչել Նորվեգիայի բարեպաշտ զավակներ Պետեր Քրիստեն Ասբյորնսենը և գերապատվելի Յորգեն Ինգեբրետսեն Մուն, իր մեջ ընգրկում է չար ոգիներով գերհագեցած զրույցներ, որոնցից մեկում շատ հանգամանալից նկարագրված է օրորոցային երեխային «օգնություն» ցույց տվող գրբաց-հեքիմուհու այցը սնահավատության ճիրաններում հայտնված նորածնի մայրիկին:

«Գրբաց - հեքիմուհին» պատմվածքում տեղ են գտել նորածին-մանկիկին բուժելու նպատակով ագարակներից մեկը այցելած Երկարաոտ Գյուբորի հնարքների և կախարդանքների մասին մանրամասն նկարագրություններ, որոնցից կարելի է կարծիք կազմել այդ ժամանակ Նորվեգիայում լայն տարածում գտած սնահավատությունների և չար ոգիներից պաշտպանվելու ձևերի մասին:

Հիվանդ երեխայի մայրը գրբաց կնոջ մոտ գանգատվում է, ասելով որ օգտագործել է չար ոգիներից պաշտպանող գրեթե բոլոր միջոցները, որոնք այնուամենայնիվ իրենց չեն արդարացրել:
Այստեղ ուզում ենք թվարկել այդ միջոցներից մի քանիսի մասին և դրանք համեմատել այլ ժողովուրդների մոտ տարածված նմանատիպ հնարքների հետ, իսկ որպեսզի ընթերցողին առավել հետաքրքիր լինի, մենք կփորձենք համեմատության եզրեր գտնել Հայ ժողովրդական զրույցներում հայտնի չար ոգիների և նրանցից պաշտպանվելու եղանակների միջև:

Ինչպես գիտենք հայկական ավանդազրույցներում ծննդկանին և նորածնին վնասող ամենավտանգավոր չար ոգին համարվում է Ալը:

Ալը փարթամ մազածածկույթով, կիսով չափ կենդանու և կիսով չափ մարդու միաձույլ կերպարարանք ունի: Ալից կարելի է պաշտպանվել, եթե ծննդկանի բարձի տակ դրվի երկաթե խաչ կամ մատանի, պարան կամ բանալի, սոխ կամ սխտոր, աղ, ածուխ կամ մոխիր, դանակ, ասեղ կամ այլ կտրող-ծակող մետաղյա իրեր, իսկ ամենազորեղ միջոց է համարվել բարձի տակ դրված Նարեկը կամ Ավետարաններից մեկը:

Ասեղ, սխտոր, բանալի, Չար աչքը թող նվաղի

Հայաստանում հայտնի է եղել նաև մեկ այլ չար ոգի՝ «թպղա»-ն: Թպղայի հավատալիքը սերվում է հնագույն ակունքներից և դեռ լայնածավալ ուսումնասիրության կարիք ունի:

Մենք մեր հոդվածում ավելի հանգամանալից կանդրադառնանք նորածնին սպառնացող մեկ այլ չար ոգուն՝ օրորոցագողին, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև մանկանց գող անվանումով:

Օրորոցագողի հավատալիքը տարածված է հատկապես Լոռիում, Տավուշում, Արցախում և Զանգեզուրում: Օրորոցագողը վտանգավոր է հատկապես գիշերվա ժամերին: Նա ծնողների քնած ժամանակ օրորոցից գողանում է երեխային, տեղը դնելով մի դև: Ժամանակին ժողովրդի սնահավատ մասի մոտ տարածված է եղել այդ դարձվորյակ-դևերից պաշտպանելու համար օրորոցի մեջ նշխարք, խոզի մազ, զանազան հմայիլներ դնելու սովորությունը, իսկ երեխայի բարձին ամրացրել են ասեղ կամ քորոց:

Չեն մոռացել նաև տուն հրավիրել քահանային կամ տանտերերն իրենք են աղոթել ու խաչակնքել երեխային ու օրորոցը:

Չնայած այս ամենին, միևնույն է օրորոցագողը կարողացել է գողանալ ու վնասել նորածնին:

Մինչ օրս էլ՝ հայ ընտանիքներում տարածված սովորույթի համաձայն, հետծննդյան քառասնօրյակի ընթացքում ծնողները նորածին երեխային իր սենյակում՝ օրորոցի մոտ, աշխատում են միայնակ չթողնել, այսպես կոչված քառասունքից անվնաս դուրս հանելու միտումով:

Եվ այսպես, օրորոցագող, տուր, սև տուր, զարկս, ջաջ, ծագ, մեշոկ պապ, արջաբոբոլ կամ պարզապես բոբոլ, բուղդուլավաշ, ուվա, խօխ և այլն:

Այս և այլ չար ոգիների մասին ավելի մանրամասն պատմվում է Հասմիկ Գալստյանի «Չար ոգիները հայ ժողովրդական զրույցներում» ատենախոսության մեջ:

Հայկական զրույցներում ու հավատալիքներում օրորոցագողի դեմ պայքարում են փայտաշեն տիկնիկով կամ մարդակերպ խրտվիլակներով, որպեսզի չար ոգուն խաբեն ու մոլորեցնեն:

Չար ոգին գիշերն է այցելում, կոտրած տիկնիկը ձեռքերում

Այս ամենը՝ զարմանալի նույնությամբ դուք կգտնեք «Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» ժողովածուի «Գրբաց - հեքիմուհին» պատմվածքում: Պատմվածքի ընթերցումը թողնելով գիրքն ամբողջությամբ ընթերցողին, մենք միայն մի փոքրիկ պատառիկ մեջ կբերենք այստեղ.

... այդ ինչպե՞ս եղավ, որ նրանք փոխանակեցին քո երեխային, չէ՞ որ կանխելու համար, դու ինչ ասես, որ չարեցիր:
– Ես նույնպես չեմ կարողանում հասկանա՛լ, թե ինչպե՛ս դա եղավ,– զարմանքը դեմքից չթաքցնելով՝ ասաց տանտիրուհին, – չէ որ ես նրա օրորոցում տզկանեփ էի դրել, իսկ մինչ այդ աղոթել էի ու խաչակնքել, էլ չեմ ասում, որ նրա ներքնաշապիկին արծաթե մի զարդ էի հարմարեցրել, էլ չեմ ասում, որ դռան շրջանակի գլխավերևում դանակ էի խրել, և այդքանից հետո, նրանք ինչպե՞ս կարողացան երեխայիս փոխել:
– Այո, դու ամեն ինչ արել ես ինչպես հարկն է, նրանք դա չէին կարող անե՛լ, – ասաց հեքիմուհի Գուբյորը, – դու նրան անգամ խաչակնքել ես, իսկ դա մեծ զորություն ունի: Ես հիմա քեզ մի բան կպատմեմ, իսկ դու շատ ուշադիր լսիր: Քրիստիանիայի արվարձաններից մեկում մի կին էր ապրում: Ես ճանաչում էի նրան: Այդ կինը մի երեխա ուներ, որին չափազանց շատ էր սիրում և հետևաբար նրան՝ չար աչքից հեռու պահելու համար և խաչակնքել էր, և տզկանեփ էր դրել օրորոցում, և էլի բազում հնարքներ կիրառել, որոնց մասին լսել էր այս ու այն կողմից, քանի որ այդ կողմերում շատ էր տարածված կախարդությունն ու սատանայական խարդավանքները: Օ՜, Տեր Աստված, թող բերանս պապանձվի, հեռու վանիր մեզ չարից: Եվ այդպես, մի գիշեր, երբ ամուսինները պառկում են քնելու, և...

Այո, էպոսները, հեքիաթները, ժողովրդական ավանդազրույցները, ասացվածքներն ու հանելուկները՝ սահմաններ չճանաչելով և ժամանակի լուսանցքներով տեղից տեղ տեղափոխվելով, տարալուծվել են իրար մեջ:

Դրանցից որո՞նք են կանգնած եղել ակունքներում հարցը կախելով երկնքից, իսկ պատասխան-բանալիների փնտրտուքը թողնելով գիտնական-մասնագետներին, թույլ տվեք այստեղ մեջբերել ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կողմից 1893 թվականին լույս ընծայած խորհրդավոր բալլադներից մեկը՝ «Օրորոցագող» ժողովրդական առասպելը.

Կես գիշերին մութ խրճիթում
Մայրը լսեց մի խորդյուն,
Եվ վեր թռավ ահը սըրտում,
Նայեց քնած յուր որդուն։

Մի արարած սև ու խավար
Նա նըկատեց սըրտադող,
Եվ ճանաչեց սարսափահար՝
Օրորոցի մի չար գող,

Որ զավակի բուկը բռնած
Խեղդում էր սև ճանկերում,
Եվ երեխան աչքերը բաց
Չարչարվում էր ու հևում։

Խելակորույս իսկույն ևեթ
Վրա թռավ կատաղի,
Եվ բռնվեցան իրարու հետ
Օրրանի մոտ երեխի։

Կես գիշերին մութ խըրճիթում
Կիսակենդան մանուկին
Իրարից խլել են աշխատում
Ծնող մայրն ու չար ոգին։

Կռիվ են տալիս, նախատում են,
Եվ կըրծում են և թըքում,
Իրար սեղմում և խեղդում են,
Ճանկռում, ծեծում, ապտակում։

Եվ մայրական անհուն սերը
Ուժ էր տալիս գերբնական...
Եվ ուժասպառ, հաղթված չարը
Թողեց օրրանը մանկան։

Ակնհայտ է, որ թե Հայկական Լեռնաշխարհում, թե հեռավոր Սկանդինավիայում, չար ոգիները նմանակում են իրար և նույն գործառույթներն են իրականացնում, ասես առաջնորդվում են մի ընդհանուր աղբյուրից և այդ չարաղետ ակունքի փնտրտուքը նոր հորիզոններ է բացում մասնագետ-գրականագետների առջև, ինչը իհարկե ողջունելի է: Ուսումնասիրության նյութը ծավալուն է և, կարծում ենք, նոր բացահայտումները իրենց երկար սպասել չեն տա...

Ի դեպ, Նորվեգիայում օրորոցային մանկիկին դարձվորյակներից հեռու պահելու համար կիրառվող բազմաթիվ դեղամիջոցների հետ մեկտեղ արտասանել են կախարդանքի բառեր, որոնք հարկավոր է եղել կիրառել հատուկ ընթացակարգով:

Մենք երկար երկմտելուց հետո, որոշեցինք ներկայացնել այն, սակայն ծնողներին խորհուրդ ենք տալիս՝ ամեն դեպքում, անհարկի չկարդալ օրորոցային երեխաների ներկայությամբ... կամ ձեռք բերել «Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» ժողովածուն և ուշադրությամբ կարդալով «Գրբաց-հեքիմուհին» պատմվածքը՝ հետևություններ անել...

«Կանչում եմ ես ցավագարի՛ն, կանչում եմ ես դարձվորյակի՛ն,
 Կանչում եմ ես դրսի ուժերի՛ն, կանչում եմ ես ներսի ուժերի՛ն,
 Կանչում եմ ես եղանակի՛ն, կանչում եմ ես քամիների՛ն,
 Կանչում եմ ես Հարավի՛ն, կանչում եմ ես Արևելքի՛ն,
 Կանչում եմ ես Հյուսիսի՛ն, կանչում եմ ես Արևմուտքի՛ն,
 Կանչում եմ ես Մայր Հողին, կանչում եմ ես Արձակ Ջրին,
 Կանչում եմ ես Խրոխտ Սարի՛ն, կանչում եմ ես Անհագ Ավազի՛ն,
 Կանչում եմ ես՝ ցավն ի վա՜ր, լաստենու ար մատի՛ն,
 Կանչում եմ ես՝ ցավն ի վա՜ր, քուռակի սմբակի՛ն,
 Կանչում եմ ես՝ ցավն ի վա՜ր, դժոխքի կրակի՛ն,
 Կանչում եմ ես՝ ցավն ի Հյուսի՜ս հոսող, ժանտ ջրի՛ն,
 Թող ցավն այնտեղ կու՛լ գնա, թող ցավն այնտեղ կե՛ր դառնա,
 Թող ցավը խեղճ մանկիկի՛ց հուր-հավիտյան հեռանա»...
Առողջություն ամենեցուն...
Խաղաղ գիշերներ ու բարի երազներ...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Պատկերված են Նորվեգական հեքիաթների գիրքը, Թումանյանի գրքերից երկուսը և մի մատիտՊատկերված են Նորվեգական հեքիաթների գիրքը, Թումանյանի գրքերից երկուսը և մի մատիտ

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Հայկական գորգի վրա Ավագ Էդդա, Նորվեգական հեքիաթներ գրքերն են, շվեդական տավիղը և Ակսել Բակունցի դիմանկարըՀայկական գորգի վրա Ավագ Էդդա, Նորվեգական հեքիաթներ գրքերն են, շվեդական տավիղը և Ակսել Բակունցի դիմանկարը

Նորվեգական բազմալար ջութակը, տրոլների պարը և Ակսել Բակունցի դեղատոմսը

Նորվեգական ժողովրդական բազմալար ջութակի և Ակսել Բակունցի հետաքրիր դեղատոմսի մասին կիմանանք սկանդինավյան աշխարհ կայքում, շվեդական տավիղի հնչյունների ներքո...