Նորվեգիայի Սահմանադրության օրը - Մայիսի 17-ը

Նորվեգիայի սահմանադրության օրը տոնում են բոլորըՆորվեգիայի սահմանադրության օրը տոնում են բոլորը
Մայիսի 17, Նորվեգիայի սահմանադրության օրը տոնում են բոլորը

Ամեն տարի Մայիսի 17-ին նորվեգացիները տոնում են իրենց Սահմանադրության օրը: Համազգային տոնը սկսել են նշել 1836 թվականից և այդ հրաշագեղ ու համատարած տոնախմբությունը, որին մասնակցում են ամենակրտսեր նորվեգացուց մինչև Թագավորը՝ ընտանյոք հանդերձ, շարունակվում է մինչ օրս:

Այո, 1814 թվականի մայիսի 17-ին Նորվեգիայի բարեպաշտ ու ազգասեր ազնվականներից և մտավորականներից բաղկացած Հիմնադիր ժողովը (Սթորթինգը) Էյդսվոլում ընդունեց Նորվեգիայի Սահմանադրությունը և հռչակեց երկրի անկախությունը։

Մայիսի 17, նվագախումբը համախմբման քայլերգ է հնչեցնում

Ստորև կփորձենք ներկայացնել Նորվեգիայի համար հույժ կարևոր սույն իրադարձության նախապատմությունը և որոշ պարզաբանումներ տալ Հյուսիսային Եվրոպայի պատմագրության հատկապես այս դրվագի մասին, իսկ մինչ այդ եկեք միասին դիտենք մեկ ազգ, մեկ պետություն դարձած նորվեգացիների հրաշագեղ տոնախմբության շքերթներից մեկի տեսագրությունը.

Տոնը մեծ ծիսակատարությամբ նշում են Նորվեգիայի գրեթե բոլոր քաղաքներում և բնակավայրերում, սակայն այն առանձնահատուկ նշում են մայրաքաղաքում՝ Օսլոյում: Երեխաների մեծ շքերթը և դրոշների առատությունը Օսլոյի մայիսի 17-ի տոնակատարությունների կենտրոնական տարրերն են: Շքերթը, որին թագավորական ընտանիքը ողջունում է թագավորական պալատի պատշգամբից, ներառում է մոտ 60,000 երեխա 100 դպրոցից, ինչպես նաև երթը ուղղեկցող նվագախմբեր: Ազգային տարազներով հագնված ու զարդարված մոտ 100000 մարդ շտապում են քաղաքի կենտրոն՝ մասնակցելու գլխավոր տոնակատարություններին:

Մտովի տեղափոխվենք XIII դար, երբ Նորվեգիայի տարածքը հասնում էր իր ամենածավալուն չափերին: Քաղաքացիական պատերազմներից հետո փոքր-ինչ կայունացած Նորվեգական թագավորության գլուխ անցած Սվերիր Սիգուրդարսոնի (Sverrir Sigurðarson) ժամանակվանից Շվեդիայի ու Նորվեգիայի սահմանագծում գտնվող Յեմտլանդն ամբողջովին պատկանում էր Նորվեգիային, ինչպես նաև Շետլանդյան և Օրքնեյան կղզիախմբերի զգալի մասը:

1262թ.-ից ինքնիշխան Իսլանդիան ալթինգում հավատարմության երդում է տալիս Նորվեգիայի միապետին, որի արդյունքում նորվեգական իշխանության տակ են անցնում նաև Գրենլանդիան, որը մինչ այդ գաղութացվել էր և փաստացի պատկանում էր իսլանդացիներին: IX դարից Նորվեգիայի հյուսիս-արևելյան շրջանում բնակվող, հիմնականում եղջերվապահությամբ և որսով զբաղվող սաամները սկսում են հարկեր վճարել Նորվեգիային: Հետագայում տարածքը ընդլայնվում է մինչև Ֆինմարկ և Կոլի թերակղզու արևմտյան հատված:
Նորվեգական ծովի ափամերձ տարածքներում հիմնադրված խոշոր առևտրական կենտրոններին ավելանում են նոր քաղաքներ: Կոնունգ-թագավորներն ու յարլ-իշխաները սկսում են պայքարել իրենց ազդեցության գոտիները ընդլայնելու համար: XII դարում Նորվեգիայում հիմնականում աչքի են ընկնում վեց քաղաքներ՝ Նիդարոս-Թրոնդհայմը (երկրի կրոնական կենտրոնը՝ արքեպիսկոպոսի նստավայրը), Բերգենը (երկրի ամենախոշոր առևտրական կենտրոնը), Օսլոն (երկրի պետական կառավարման կենտրոնը), Կոնունգհելլան, Բորգը, Թյոնսբերգը: Նորվեգացի խոշոր հողագործները և ազնվականներն իրենց նավերով Անգլիա, Գերմանիա և այլ եվրոպական երկրներ են արտահանում ձկնամթերք, արջի, բևեռաղվեսի, սկյուռի, կուղբի, սև սամույրի մորթիներ, ծովացուլի ժանիքներ և թանկարժեք հանքանյութեր:

Նորվեգական Միապետության ծաղկունքի ժամանակաշրջանի քաղաքական և մշակութային ճակատով քողարկված էր երկրի տնտեսական կյանքի իրական ընթացքը: Նորվեգական պետության ամրապնդման ու կայացման համար հարկավոր էր ամուր նյութական հիմք ունենալ, որը նրան առնվազն տնտեսապես ինքնաբավ կդարձներ:

XIV դարի կեսերին Եվրոպային պատուհասած ժանտախտի համաճարակը ներխուժում է նաև Նորվեգիա և պատճառ դառնում բնակչության զգալի մասի կորստին: Ցնցվում է նորվեգական տնտեսությունը, կաթվածահար է լինում երկրի սոցիալ-քաղաքական կյանքը: Կարելի է պնդել, որ Եվրոպայում ոչ մի այլ երկիր այդքան չի տուժվում «Սև մահից», որքան հենց Նորվեգիան, ինչը պատճառ է հանդիսանում հետագայում երկրի ինքիշխանության կորստի համար:

Փաստորեն, 1349 թվականին անգլիացի նավաստիների կողմից Բերգենի նավահանգիստ բերված ժանտախտի համաճարակը՝ շատ արագ տարածվելով ամբողջ երկրով մեկ, Նորվեգիայի բնակչությունը պակսեցնում է երկու երրորդով: Հողագործ-բոնդերի սնանկացման հետևանքով կրճատվում է նաև թագավորական ունեցվածքը և իշխանությունը ստիպված է լինում ապակենտրոնացնել երկրի կառավարումը՝ մասամբ հանձնելով հողագործներին: Տնտեսության անկումը տակնուվրա է անում Նորվեգիայի վարչա-պետական կառավարումը և երկիրը կանգնեցնում անկախության վերջնական կորստի առաջ:

Նորվեգիայում ազնվականները թվով զգալիորեն զիջում են հարևան Դանիայի և Շվեդիայի անհամեմատ ավելի հարուստ իշխաններին և կախվածության մեջ ընկնում իրենց երկրների տնտեսության արագ վերականգնման շնորհիվ մեծ կարողություններ ձեռք բերած հարևաններից:

Այն, ինչ կատարվում է Նորվեգիայում XIV դարի կեսերից պատմաբանները անվանում են «Մռայլ ժամանակներ»: Շվեդիայի թագավոր Բիրգեր Մագնուսսոնի եղբայր՝ «Օրինակելի ասպետ» մականունով Էրիկը առաջին անգամ փորձ է կատարում ստեղծել միացյալ սկանդինավյան մի պետություն, որտեղ Նորվեգիային՝ ի տարբերություն հարևանների, մեղմ ասած վերապահում է ոչ այնքան առաջնային դերակատարություն: Իշխան Էրիկի և նորվեգական իշխող դինաստիայի հերթական թագավոր Հակոն V-ի միակ դստեր՝ Ինգեբորգի, պատմությանը և միացյալ պետության կառավարման մասին մենք հետագայում կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածներում, իսկ այժմ թերթենք մեր մյուս էջը, որտեղ արտացոլված են 1397 թվականի իրադարձություններից մեկը:

1397 թվականին Դանիայի թագուհի Մարգարետ Առաջինը հոգևոր և աշխարհիկ մեծամեծներին հրավիրում է շվեդական Կալմար քաղաք և, թագադրելով Էրիկ Պոմերանցուն որպես միացյալ թագավորության միապետ, հայտարարում է Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի միջև «հավերժ խաղաղության և միության» դարաշրջանի սկիզբը:
Այստեղ ուզում ենք ավելացնել, որ այդ փաստաթղթի տակ այդպես էլ տեղ չեն գտել «հավերժ միությունը» հաստատող երեք թագավորություններից և ոչ մեկի ներկայացուցչական կնիքները:
 Նորվեգիայի կողմից Կալմարյան վեհաժողովին չի մասնակցել ոչ մի բարձրաստիճան հոգևորական, իսկ զավեշտալին այն էր, որ Նորվեգիայի միապետական կնիքն այդ ժամանակ արդեն Կոպենհագենում էր գտնվում:
Մի խոսքով, սկսվում է Դանիայի ունիայում գտնվելու չորս հարյուրամյա դարաշրջանը: Սկանդինավյան պատմագրությունն այն բաժանում է երեք շրջանների.

1. 1380-1536 թթ. Նորվեգիան դեռևս պահպանում է իր սեփական կառավարությունը,
2. 1536 թ.-ից հետո երկիրն իր լիակատար ենթակայությունը հանձնում է Դանիայի միապետին ու ազնվականությանը,
3. 1660 թ.-ից տնտեսական առաջադիմության շնորհիվ Նորվեգիայի ժողովրդի մոտ ձևավորվում է ազգային շահերի առաջ մղման համար տարվող պայքարի գործընթացը:

17-րդ և 18-րդ դարերում Դանիայի և Շվեդիայի մասնակցությունները Եվրոպայում ընթացող անվերջանալի պատերազմական գործողություններին, ընդ որում այդ երկու երկրները գրեթե միշտ ընդգրկվել են հակադիր ռազմական դաշինքներում, Նորվեգիային պարտադրում են մասնակցել այդ պատերազմներին: Նորվեգիան ժամանակ առ ժամանակ պատերազմել է նաև Շվեդիայի դեմ, որպեսզի դիմակայի տարածքային պահանջներ ներկայացնող իր հարևանին:

Նորվեգիայում ազգային զարթոնքի հերթական մեծ ալիքն իր գագաթնակետին է հասնում 1809 թվականի դեկտեմբերի 29-ին, երբ Էստլանդում նորվեգական բանակի հրամանատար արքայազն Ֆրեդրիկ Հեսսենցին կյանքի է կոչում մի միություն, որը մեծ նշաձող է սահմանում Նորվեգիայի առաջ՝ հանուն երկրի գրական ու տնտեսական կայունացման: Ազգային գաղափարի շուրջ համախմբվում են երկրի ազնվականները, բյուրգերները, մտավորականները:
Ճիշտ է, միությունն իր առաջ քաղաքական պահանջներ չի դնում, սակայն Դանիայում իշխանությունները հասկանում են հեռու գնացող նպատակները և փորձում են ամեն կերպ խոչընդոտել նախաձեռնությանը:
Եվ ահա, Նապոլեոնյան արշավանքները Եվրոպայում և նրա դեմ ծավալված ռազմական դաշինքի պայքարը դրական դեր են խաղում Նորվեգիայի համար: Նորվեգիան օգտվելով այն հանգամանքից, որ Դանիան Ֆրանսիայի դաշնակիցը լինելով ստիպված դիմակայում է Անգլիային, Ռուսաստանին, Շվեդիային, պատրաստվում է իր ազգային շահը առաջ մղել, ընդհուպ փորձելով իրականություն դարձնել իր վաղեմի երազանքը, այն է վերականգնել Նորվեգական Թագավորությունը:
Նապոլեոնի պարտությունը Եվրոպային կանգնեցում է նոր իրողության առջև:

Ինչևէ, պատմությունը թողնելով պատմագետներին, եկեք շատ արագ անցնենք իրադարձությունների վրայով.

Շվեդիան շուտափույթ խզում է դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ և մեծացնում ճնշումները Դանիայի վրա, որպեսզի վերջինս Նորվեգիան իրեն զիջի:

Ռուսաստանը 1813թ.-ի մարտի 3-ին ողջունում է անգլո-շվեդական միջպետական համաձայնագիրը, որով Անգլիան համաձայնվում է Նորվեգիայի անցնցում փոխանցմանը Դանիայից Շվեդիային:

1813թ.-ի հոկտեմբերի 16-19 Լայպցիգյան ճակատամարտից հետո Հյուսիսային միացյալ ուժերի հրամանատար Կարլ XIV Յուհանը դանիացիներին՝ նահանջի ենթարկելով, ստիպում է խաղաղության բանակցություններ սկսել: (Weilbull J. Carl Johan och Norge 1810 - 1814. Unionsplanerna och deras förverkligande. Land, 1957)

1814 թ.-ի հունվարի 14-ին կողմերի միջև գոլդշտեյնյան Կիլ քաղաքում կնքվում է պատմական Կիլյան տրակտատը, որտեղ Դանիայի թագավորը հրաժարվում է Նորվեգիայի վրա ունեցած իշխանությունից, այն փոխանցելով Շվեդիայի թագավորին, սակայն իր տիրապետության տակ է պահում նախկինում Նորվեգիայի տիրապետության տակ գտնվող տարածքները՝ Իսլանդիան, Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները: (Angeberg. Le congrès de Vienne. Paris, 1864, v. 1, p. 90-100.)

1814 թ.-ի փետրվարի 25-ին նորվեգական գրեթե բոլոր քաղաքային և գյուղական եկեղեցիներում բնակիչները երդվում են սատարել իրենց ազնվականությանը և կյանքի գնով պահպանել Նորվեգիայի անկախությունը: Միաժամանակ սկսում են հավաքագրվել և համայնքների կողմից ընտրյալ 25 տարեկանից բարձր երկու-ական ներկայացուցիչներին՝ հողերի սեփականատերերը և վարձակալողները, վաճառականները, արհեստավորներն ու ձեռնարկատերերը, ուղարկել Պետական համընդհանուր վեհաժողով:

Սահմանադրական վեհաժողովը սկսվում է 1814 թվականի ապրիլի 10-ին Քարստեն Անկերի Էյդսվոլ կալվածքում, որին մասնակցող երևելի մարդկանց շարքում են դանիական կողմնորոշում ունեցող գյուղական դատավոր Քրիստիան Մագնուս Ֆալսենը, պրոֆեսոր Գեորգ Սվերդրուպը, Էնեվոլդ Ֆալսենը, դատավորներ Կ. Դիրիկսը և Վ. Քրիստին, շվեդական կողնորոշում ունեցող կոմս Վեդել-Յարլսբերգը, մետալուրգիական արդյունաբերող Յակոբ Ալը, քահանայապետ Նիկոլայ Վերգելանը և Անգլիայի հետ սերտ կապեր ունեցող այլ գործարարներ:

Նորվեգական սահմանադրության ձևավորման համար մեծ ազդեցություն են ունեցել ֆրանցիացի լուսավորիչ Մոնտեսքյոյի և XVIII դարի շվեյցարացի իրավաբան Դե Լոլմի իշխանության ձևավորման դեմոկրատական հիմունքները, հաշվի է առնվել Ժան Ժակ Ռուսսոյի ժողովրդի սուվերենության իրավունքը, ինչպես նաև օգտագործվել են ԱՄՆ 1787 թվականի, Ֆրանսիայի 1791 թվականի, Շվեդիայի 1809թ.-ի և Իսպանիայի 1812 թ.-ի սահմանադրությունները:

Ի վերջո, 1814 թվականի Մայիսի 17-ին տեղի է ունենում երկար սպասված, մինչ օրս արդիական Էյդսվոլյան Սահմանադրության վերջնական տեքստի տակ պատգամավորների ստորագրությունների դրոշման հանդիսավոր արարողությունը: (Grunnloven vår med andre dokumenter av nasjonal viktighet, Oslo, 1953, s. 61-71; Constitution du Royaume de Norvège. Christiania, 1814).

Էյդսվոլյան Սահմանադրության ընդունման օրը և փաստաթղթի կազմը

Հենց այդ օրը Նորվեգիայի արքայազն Քրիստիան Ֆրեդերիկը հայտարարվում է որպես Նորվեգիայի նորընտիր Թագավոր, միաժամանակ Մայիսի 17-ը Նորվեգիայում դառնում է Անկախության օր:

Իրական անկախություն Նորվեգիան ստանում է արդեն Շվեդիայի հետ կազմած ունիայից դուրս գալով 1905 թվականի աշնանը, սակայն այդ մասին հաջորդիվ:

Այժմ եկեք վայելենք ևս մեկ տեսանյութ և վերստին շնորհավորենք Նորվեգիայի ողջ ժողովրդին այս հրաշագեղ օրվա կապակցությամբ:

Նյութի պատրաստման ընթացքում մեր պատշգամբում բացվեցին չինական վարդի զույգ ծաղիկները՝ տոնախմբությանը ընդգծված գարնանային տեսք հաղորդելով...

Նորվեգիայի ազգային տոնը, ծաղիկների, գրքերի և դրոշների տարափի տակ
Gratulerer med grunnlovsdagen og nasjonaldagen 17. mai 2022
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Նորվեգիայի սահմանադրության օրը տոնում են բոլորըՆորվեգիայի սահմանադրության օրը տոնում են բոլորը

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև