Մարդու կղզին, վիկինգներն ու եպիսկոպոս Հայգուալդի ոսկեբյուրեղ կճուճը

Նյու-Յորքի Մորգանի թանգարանական գրադարանում պահված ձեռագրերում պատկերված են վիկինգների ծովային արշավանքները դեպի անգլիական Ս. Էդմունդի կղզի (XII դ.)Նյու-Յորքի Մորգանի թանգարանական գրադարանում պահված ձեռագրերում պատկերված են վիկինգների ծովային արշավանքները դեպի անգլիական Ս. Էդմունդի կղզի (XII դ.)
Վիկինգների ծովային արշավանքը դեպի անգլիական Մեն կղզի(866թ.)


Այժմ առանց վարանելու կարող ենք ասել, որ վիկինգները 1000 տարի առաջ բրոնզե կրծքազարդեր էին կրում: Իռլանդական ծովում՝ Անգլիայից, Իռլանդիայից, Շոտլանդիայից և Ուելսից մոտավորապես նույն հեռավորության վրա գտնվող «Մարդու» (Man) կղզում, մետաղաորս սարքերի օգնությամբ այդպիսի զարդեր են հայտնաբերել գանձ որոնողները: 10 սանտիմետր երկարություն ունեցող կրծքազարդերը 2018 թ.-ի դեկտեմբերին հայտնաբերել են Քրեյգ Էվանսը և Ջոն Քրոուն կղզու տարածքում իրականացվող որոնողական գործողությունների ընթացքում: Թանկարժեք գտածոները ուղարկվել են Յորքի հեղինակավոր հնեաբանական լաբորատորիա, որպեսզի հանգամանալից ու հիմնարար հետազոտություններ իրականացվեն և մանրեապաշտպան գործողություններից հետո վերադարձվեն իրենց հայտնաբերման վայր՝ Մեն կղզու մայրաքաղաք Դուգլասում գտնվող վիկինգների դարաշրջանի թանգարան, հետագայում ցուցադրվելու համար: Թանգարանում վիկինգների ժամանակաշրջանի գտածոների հավաքածուն համալրվել է 950 թվականին պատրաստված անգնահատելի արժեք ունեցող օվալաձև բրոնզե զույգ կրծքազարդերով, որոնց մակերեսին արծաթե մանրաթելերով դրվագված են թռչնապատկերներ: Որքան էլ զարմանալի թվա, բայց մանրակրկիտ հետազոտությունները ցույց են տվել, որ զարդերը նախատեսված են եղել տղամարդկանց համար, իսկ այ կանանց զարդեր կղզում կատարված պեղումների ժամանակ այդպես էլ չեն հայնտնաբերվել: Ի դեպ, կրծքազարդեր են կրել նաև խրոխտ վիկինգների գերապատվելի աստվածները: Զուր չէ որ «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսի հայերեն թարգմանությամբ հրատարակված գրքի «Երգ Ռիգի մասին» գլխի նկարազարդ էջերից մեկում Ռիգը, ով հաճախ նույնացվում է պայծառափայլ Հեյմդալար աստծո հետ, իր վերնազգեստի վրա կրում է կրծքազարդ: Համենայնդեպս այդպես է նրան պատկերել դանիացի հանճարեղ նկարիչ Լորենց Ֆրյոլիխը:

Հեյմդալր-Ռիգը Երգ Ռիգի մասին էդդայական էջերում

Մեզ մնում է հավելել, որ հյուսիսային ծովերի ահ ու սարսափ վիկինգները դեռևս 8-րդ դարում են ասպատակել Շոտլանդիայի հյուսիսային ափեր, իհարկե ճանապարհին մուտք գործելով նաև Շետլանդյան, Օրկնեյան և Հեբրիդյան կղզիներ: Վիկինգների գերակշռող մասը այդ ժամանակ նորվեգացիներն էին, որոնք թալանելով բրիտանական ափամերձ եկեղեցիները, 793, 794, 795 թվականներին ներխուժեցին նաև Իռլանդիա ու մասնավորապես Մեն կղզի(797թ.):

Իռլանդական ծովում է գտնվում Մարդու(Մեն) կղզին

Հաջորդաբար ներկայացվող մեր հոդվածներում մենք դեռ կանդրադառնանք Իռլանդական ծովի ափամերձ հարուստ եկեղեցիներից թալանված արժեքավոր գանձերի տեղակայման վայրերին և լայնածավալ պարզաբանումներ կտանք Իռլանդիան, Շոտլանդիան և Անգլիան ասպատակող նորվեգացի և դանիացի կոնունգների միջև տեղի ունեցող կատաղի մարտերին, սակայն եկեք այժմ ծանոթանանք «BBC News» պարբերականի հետաքրքրաշարժ նյութերից ևս մեկին:

Ինչպես նշում է պարբերականը կարևորագույն նշանակություն ունեցող գտածոներ, ինչպիսիք որ վերոշարադրյալ Մեն կղզու գանձերն էին, հայտնաբերվել են նաև 2014 թվականին Շոտլանդիայի հարավում: Մետաղորսիչի օգնությամբ հայտնաբերված գտածոներից մեկը առանձնակի ուշադրության է արժանացել հետազոտողների կողմից: Շոտլանդական Գալոուեյում հայտնաբերված լեռնային բնական բյուրեղից պատրաստված կճուճը, փաթաթված է եղել բամբակյա լաթերով: Մանրակրկիտ զննելու արդյունքում թանկարժեք կճուճի զարդարանքներից մեկի վրա հայտնաբերվել է լատինատառ մի գրառում, ահա այսպիսի շարադրանքով. «Ինձ պատրաստել է եպիսկոպոս Հայգուալդը»: Փորձագետները տարակուսանքի մեջ հայտնվելով և այդպես էլ չպարզելով եկվոր քահանայապետի ազգությունը, համենայնդեպս նրան ամրագրել են IX դարում Շոտլանդիա ժամանած հոգևոր հայրերի շարքում:

Շոտլանդական միջնադարյան ամրոցն է Գալոուեյում


 Գալոուեյի գանձախումբը հայտնաբերել է Դերեք ՄաքԼենընը և այն այժմ ցուցադրվում է Քըրքուդբրայթի թանգարանում: Եվ այսպես, ոսկեզօծ թելերով ընդելուզած և ոսկետառ գրառումով դրոշմված թանկարժեք բյուրեղյա կճուճը և նրա հետ մեկտեղ հայտնաբերված գանձերը բրիտանական մեծահամբավ փորձագիտական աշխատանոցներում կատարված մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում արժանացել են այն եզրահանգմանը, որ գտածոները վիկինգների մոտ են հայտնվել անգլո-սաքսոնական Նորթումբրիայից: Սուրբ Անդրեասի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Վուլֆի կարծիքով միջնադարյան Նորթումբրիայում հայտնի են եղել Հայգուալդ անունով մի քանի քահանայապետեր, իսկ 810 թվականից հետո անգլո-սաքսոնական եպիսկոպոսների մասին գրառումներ մինչ օրս չի հայտնաբերվել:

VIII դ ավետարանական ձեռագիր, Քենտերբերյան Ոսկե Կոդեքսում պատկերված է Մաթևոս առաքյալը

Դոկտոր Մարտին Գոլդբերգը չի բացառում, որ մետաղապատ զարդարանքերով նույնատիպ բյուրեղյա կճուճներ գործածվել են նաև Հռոմեական կայսրությունում և այդպիսի գանձերից զերծ չէ Վատիկանը:

Դե իսկ այժմ եկեք նորվեգացի խրոխտ վիկինգներ Հարալդ և Հալֆդան կոնունգ-եղբայրների կատարմամբ վայելենք «Մայրս ինձ ասաց» մոգական տեսաերգը՝


Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Նյու-Յորքի Մորգանի թանգարանական գրադարանում պահված ձեռագրերում պատկերված են վիկինգների ծովային արշավանքները դեպի անգլիական Ս. Էդմունդի կղզի (XII դ.)Նյու-Յորքի Մորգանի թանգարանական գրադարանում պահված ձեռագրերում պատկերված են վիկինգների ծովային արշավանքները դեպի անգլիական Ս. Էդմունդի կղզի (XII դ.)

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև