Նորվեգական բիզնես կամ Սելբուի ութաթերթիկ վարդը

Եթե դուք ապրանքներ գնեք հղումների միջոցով, դուք կօգնեք «Սկանդինավյան Աշխարհ» կայքին: Գինը Ձեզ համար կմնա անփոփոխ:

Նորվեգական ավանդական բրդյա գործվածքներՆորվեգական ավանդական բրդյա գործվածքներ
Նորվեգական ութաթերթիկ վարդը ջերմացնում է գործվածքը

Սկանդինավյան աշխարհը լի է հրաշքներով: Հրաշքները իրականություն են դառնում այն պահից սկսած, երբ հավատում ես դրանց:

Այստեղ կպատմենք, թե ինչպես երեք զույգ ձեռնոցներ փրկեցին նորվեգական մի փոքրիկ գյուղ և որպես ազգային ապրանքատեսակ, հայտնի դարձան աշխարհով մեկ:

Դժվար ժամանակներ էին ամբողջ երկրում: Նորվեգական Սելբու գյուղի բնակիչները կամաց-կամաց գիտակցեցին, որ գլխավորապես գյուղատնտեսության ու անտառհատումների վրա հիմնված իրենց եկամուտները գնալով նվազում են, այդպիսով վտանգելով այս ոչ մեծ բնակավայրի հետագա գոյատևումը:

Ձմեռային մի օր գյուղի երիտասարդ կանանցից մեկը՝ Մարիտ Էմստադը (Marith Guldsetbrua Emstad, 1841-1929), մի զույգ թաթման գործեց և հագնելով ձեռքերին կիրակնօրյա պատարագին եկեղեցի այցելեց: Թաթմանին ճաշակով գործված զարդանախշը անչափ դուր եկավ համագյուղացիներին: Հանգամանքը Մարիտին նոր միտք հուշեց: Մտահղացումը ոգևորեց երիտասարդ կնոջը և նա ևս երկու զույգ թաթման գործելով վաճառքի դրեց առաջին երեք զույգ ձեռնոցները: Ճիշտ է, ժրաշարժ լեզուները ասում էին, որ Մարիտ Էմստադը զարդանախշը տեսել է իր գործընկերուհու՝ Մարիտ Սեսսենջերդետի ձեռագործ գուլպայի վրա և կրկնօրինակել, սակայն հաշվի առնելով լոկ այն հանգամանքը, որ նա ոգեշնչվել էր տեսածով և հույժ կարևոր գործը գլուխ բերել, կարելի է արժանիորեն առաջնահերթությունը վերագրել հենց նրան:

Ինչևէ, 1857 թվականին Նորվեգիայի արևմուտքում ծվարած Սելբու փոքրիկ գյուղում սկիզբ դրվեց ութաթերթիկ վարդանախշով ձեռնոցների (åttebladrose) արտադրությանը, քանի որ Մարիտի համագյուղացիները, գրեթե բոլորը, և՛ տղամարդիկ ու կանայք, և՛ փոքրերն ու մեծերը սկսեցին նմանատիպ զարդանախշերով բրդյա թաթմաններ գործել:

Նորվեգացի տատիկները լավ գիտեն իրենց գործը

Ձեռնոցները 1897 թ.-ին հասնելով Թրոնհայմ և վաճառվելով նաև այնտեղ, գրավեցին նորվեգական Հուսֆլիդեն համքարության ուշադրությունը: Նորվեգական արվեստների և արհեստների ակումբը (Husflidslag) 1910թ.-ից սկսած Սելբուի վարդի հմայքը սփռեց ամբողջ երկրով մեկ: 1930-ական թվականներին Սելբուում ամեն տարի արտադրվում էր մոտ 100 000 զույգ ձեռնոց:

Ժամանակի ընթացքում նորվեգական ձեռնոցները մեծ ճանաչում ստացան երկրով մեկ, հայտնվեցին Եվրոպայի մյուս երկրներում, հատեցին Ատլանտյան օվկիանոսը և նվաճեցին Ամերիկան ու Կանադան: Այդպես, Հին Արևելքում սկիզբ առած ութանիստ վարդանախշը իր հետքերը թողնելով շումերական, հայկական, խեթական, բյուզանդական, ղպտիական զարդանախշերում, անխտիր միավորելով արիական, քրիստոնեական և իսլամական ավանդույթներով շղարշված արվեստի նմուշները, 16-18-րդ դարերում տեղ է գտնում Իտալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի տեքստիլագործական պատմագիր մատյաններում և, ի վերջո, երիտասարդ նորվեգուհի Մարիտ Էմստադի թեթև ձեռքով իր հիմնական տեղը ամրագրում այժմ արդեն աշխարհահռչակ ձեռագործ բրդյա ձեռնոցներում:

Այսօր արդեն, Սկանդինավիայում ձմռանը չեք գտնի մի երկիր, որտեղ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված յուրաքանչյուր տոնավաճառի ընթացքում, համատարած չտեսնեք Սելբուի հայտնի վարդանախշերով բրդյա տարատեսակ հագուստեղեն — թաթման ու ձեռնոց (selbuvott*), գուլպա ու գլխարկ, սվիտերներ (lusekofte, lopapeysa и mariusgenser*) և այլ բրդյա գործվածքներ:

Չնայած որ գործվածքները ավանդաբար պետք է ունենան միայն երկու գույն, զարդանախշերը հաճախ բացի ութանիստ վարդանախշից կարող են բազմաթիվ բարդ հանգույցներով զարդարվել: Զուր չէ, որ Նորվեգիայում Սելբուի ձեռնոցները ջահել աղջիկները օգտագործում էին որպես օժիտի պարտադիր պարագաներ, որոնց գործելու համար նրանցից բավական ժամանակ էր պահանջվում, ինչպեսև արժանի խնամք ու փորձառություն, որպեսզի ցանկալի տեսքի բերելու համար կատարելագործեին իրենց տեխնիկական հմտությունները: Աղջիկները դեռ փոքր տարիքում սկսում էին հյուսել ավանդական դարձած բրդյա ձեռնոցներ, որպեսզի դրանք ամուսնանալիս նվիրեին իրենց փեսացուներին և հարսանիքի մյուս պատվավոր հյուրերին:

Նորվեգական այս առանձնահատուկ ոճի ձևավորումը մեծ հանրաճանաչություն բերեց վիկինգների մայրցամաքային հետնորդներին և օգնեց նրանց իրենց ազգային ինքնությունը հաստատելու ցանկությունը իրականություն դարձնել, քանի որ Շվեդիայի ունիայից Նորվեգիայի դուրս գալու և անկախությունը վերահաստատելու տասնամյակներ տևած գործընթացից հետևում էր, որ նորվեգացիները փնտրում են իրենց երկրի «իրական ոգին»: Սելբուի վարդը արժանիորեն ներդաշնակվեց նորվեգական ոգու հետ, Նորվեգիայի ֆերմերային կյանքը դարձրեց տնտեսապես իրագործելի և կանանց պարգևեց որոշակի տնտեսական անկախություն: Նորվեգական արտագաղթը և միջազգային առևտուրը վարդանախշը տարածեցին ամբողջ աշխարհում, որտեղ այն հաճախ այլ մեկնաբանումներ ստացավ — ծաղկի փոխարեն ձյան փաթիլ կամ աստղ: Սա էլ հենց օգնեց ամրապնդել նորվեգական վարդանախշի և ձմեռային հագուստի միջև կապը, դարձնելով այն Նորվեգիայի ձմեռային սիմվոլը:

Եվ այսպես, մերօրյա այս գեղեցիկ հեքիաթը իրականություն դարձավ այն պահից սկսած, երբ մեկ զույգ ձեռնոցներ փրկեցին Սելբու անունով նորվեգական մի փոքրիկ գյուղ: Իսկ այժմ, Նոր տարվա նախաշեմին դրական հույզերով լիցքավորվելու համար, եկեք միասին դիտենք Սելբուի ութաթերթիկ հրաշքի մասին պատմող մի փոքրիկ տեսանյութ...

Հեքիաթները իրականանալու հատկություն ունեն...
Երազները երբեմն կատարվում են...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Նորվեգական ավանդական բրդյա գործվածքներՆորվեգական ավանդական բրդյա գործվածքներ

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև