Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ

Երևանի  Իսահակյան 16 ա հասցեում գտնվող գրախանությում վաճառքի են հանվել Նորվեգական հեքիաթներըԵրևանի  Իսահակյան 16 ա հասցեում գտնվող գրախանությում վաճառքի են հանվել Նորվեգական հեքիաթները
Գրախանութում իրարանցում է - Նորվեգական Ավանդազրույցներն ու Հեքիաթները շրջագայության են պատրաստվում

Հայ ընթերցողին ներկայացվող և բնագրից առաջին անգամ արևելահայերեն թարգմանված նորվեգական ժողովրդական ավանդազրույցների, հրաշապատումների ու հեքիաթների այս համահավաք ժողովածուն մեծ խնամքով ու բացառիկ ջանասիրությամբ կյանքի են կոչել Նորվեգիայի բարեպաշտ զավակներ Պետեր Քրիստեն Ասբյորնսենը և գերապատվելի Յորգեն Ինգեբրետսեն Մուն:

Թարգմանությունը կատարվել է բնագրից՝ Կոպենհագենում 1896 թվականին՝ Ֆ. Հեգել և Որդիներ հրատարակչական ընկերության կողմից լույս ընծայված «Նորվեգական կախարդական հեքիաթներ և ժողովրդական ավանդազրույցներ» աշխատությունից:

Գիրքը տպագրվել է Անտարես հրատարակչության կողմից 2020 թվականին Երևանում՝ «Նորվեգական գրականությունը արտասահմանում» կազմակերպության աջակցությամբ:

Թարգմանությունը, ծանոթագրությունները և վերջաբանը կատարել է Հակոբ Սարգսյանը:

Գրքի նկարազարդումները կատարել են՝ Պետեր Ն. Արբոն, Հանս Ֆ. Գյուդեն, Վինսենթ Ս. Լերկեն, Էյլիֆ Պետերսենը, Ավգուստ Շնայդերը, Օտտո Լ. Սինդինգը, Ադոլֆ Թիդեմանը...

Այն այլևս անվիճելի իրողություն է...
Պարզապես պետք է գնալ գրախանութ ու գնել...
Բարի ընթերցու՛մ...
Նորվեգական ավանդազրույցներն ու ավանդական խմիչքները համագործակցում են

«Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» ժողովածուն նախատեսված է հետաքրքրասեր ու նրբանկատ պատանիների ու աղջնակների, գերունակ երևակայությունով օժտված հայրիկ-մայրիկների և զանազան առակներ ու ասացվածքներ մտապահած փորձառու տատիկ-պապիկների համար: Հրավիրում ենք նաև բանագետներին ու ազգագրագետներին, որպեսզի նրանք իրենց փորձագիտական միջամտություններով զուգահեռներ փնտրեն այլ ժողովուրդների ավանդույթների և մասնավորապես հայկական ավանդական զրույցների ու հեքիաթների հետ:

Միջնադարյան սկանդինավիայում դրամաները, ողբերգությունները, իմաստասիրական բանաստեղծությունները համարվել են բարձր խավի առանձնաշնորհությունը և ժողովուրդը ստիպված է եղել բավարարվել հեքիաթներով, բարոյա-խրատական պատմվածքներով, ավանդազրույցներով և նկարազարդ գրքույկներով, որոնք ավելի մատչելի լինելով հասարակությանը, նաև դյուրըմբռնելի են համարվել:

XIX դարասկզբին ժողովրդական ավանդազրույցների ու հեքիաթների հավաքագրմամբ սկսում է զբաղվել դանիացի գրող Յու. Մ. Թիլեն (1795-1874) և 1818 թ.-ին հրատարակում է «Դանիական ժողովրդական հեքիաթները»: «Դանիական ժողովրդական ավանդազրույցները» 1823 թ.-ին հրատարակել է մեկ այլ դանիացի բանահավաք՝ Մ. Վինտերը: Նրանք՝ հետևելով Գրիմմ եղբայրների օրինակին, փորձել են հեքիաթները համադրել գրավոր աղբյուրներում զետեղված այն ավանդությունների հետ, որոնք պահպանվել են Սաքսոն Գրամատիկի (1140-1215) և այլ միջնադարյան հեղինակների մոտ:

Բնության հետ ներդաշնակված գերբնական էակներն ու անդրաշխարհյան ոգիները հեքիաթների և ավանդազրույցների մեջ են ներմուծվել հիմնականում գերմանա-սկանդինավյան դիցաբանության փառահեղ դպրոցից, որի հիմնաքարն է իհարկե «Ավագ Էդդա» էպոսը ու սկսել են թափանցել սկանդինավյան գրեթե բոլոր երկրներ:

Դանիացի բանահավաքներին սկսում են հետևել շվեդ գրողներ Լորենցո Համարշյոլդը և Յոհան Իմնելիուսը, որոնք 1819 թ.-ին հրատարակում են «Շվեդական ժողովրդական հեքիաթները»: Այդ տարիներին մեծ հռչակ է ձեռք բերում իսլանդացի ժողովրդագետ Յոն Արնասոնը (1819–1888), որը հրատարակում է իր «Իսլանդական ժողովրդական հեքիաթները»:

Դե իհարկե նորվեգացիները մրցավազքից հետ չեն մնում և չնայած նորվեգական հեքիաթների առաջին հավաքածուն 1833 թվականին Նորվեգիայում լույս է տեսնում Անդրեաս Ֆայեի շնորհիվ, այնուհանդերձ նորվեգական ժողովրդական ավանդազրույցների և հեքիաթների ամենահայտնի հավաքագիրներ են համարվում Պետեր Քրիստեն Ասբյորնսենը և Յորգեն Ինգեբրետսեն Մուն:

Նորվեգական հեքիաթները լի են խորհրդավոր ու գերբնական էակներով՝ տրոլներով, հյուլդրաներով, թզուկներով, ծովախորշերի, ժայռակղզիների, քարանձավների և ջրավազանների բնակիչներ հանդիսացող անտառային ու լեռնային ոգիներով: Հեքիաթներից շատերը հիմնված են իրական պատմական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել վաղ անցյալում և ավանդազրույցների միջոցով գովերգվել ու հասել են մեզ: Այդ մասին Ընթերցողը կարող է բավարար տեղեկություններ քաղել հենց այս գրքում զետեղված ծանոթագրություններից:

Փայտե տրոլը անտառում քարացել է լույսի տակ, բայցև ուրախ է

Եվ մի հետաքրքիր փաստ ևս՝ նորվեգացիների մեջ անցկացված բազմաթիվ հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակչության մոտ մեկ երրորդը հավատում է տրոլների գոյությանը: Նորվեգական ավանդազրույցների և հեքիաթների մասին պատկերացումները մասամբ արմատավորվում են հեթանոսական հավատալիքներում, որոնք ուղղված են դեպի բնության ուժերը և այդ հավատալիքները դեռ պահպանում են իրենց ամուր դիրքերը Նորվեգիայի ժողովրդի հիշողությունում: Ահա այստեղ է, որ պետք է փնտրել այս փառահեղ ժողովածուի բանահյուսական հմայքը և հարատևության գաղտնիքը:

Հանս Քրիստիան Անդերսենն ասում էր.

Հանս Քրիստիան Անդերսենը Մանհեթենյան կենտրոնական այգում

«Չկա ավելի չքնաղ հեքիաթ, քան ինքը՝ կյանքը: Հեքիաթը նմանվում է կյանքին, որտեղ հաճախ ամեն ինչ ընթանում է բնական կանոններով, առանց կախարդական ուժերի մասնակցության, բայց ապշեցուցիչ անսովոր ձևաչափով: Հրաշալի է մարդու խճճված ճակատագիրը, որը երբեմն այնպիսի անակնկալներ է մատուցում, որին չի կարող համադրվել ոչ մի երևակայություն»:

Մենք շարունակաբար կներկայացնենք գրքում զետեղված 34 նորվեգական հետաքրքրաշարժ ավանդազրույցների և կախարդական հեքիաթների մասին ամենահամարձակ կարծիքներն ու արձագանքները, պարզապես հարկավոր է հետևել մեր էջին և ցուցաբերել պատշաճ հետևողականություն:

Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Երևանի  Իսահակյան 16 ա հասցեում գտնվող գրախանությում վաճառքի են հանվել Նորվեգական հեքիաթներըԵրևանի  Իսահակյան 16 ա հասցեում գտնվող գրախանությում վաճառքի են հանվել Նորվեգական հեքիաթները

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Ծանոթացեք նաև