Նորվեգական ծովախեցգետինների տոնի և վիկինգների թեժ մենամարտի մասին

Նորվեգական ծովում ծովային որորը ծովախեցգետին է տանումՆորվեգական ծովում ծովային որորը ծովախեցգետին է տանում
Ծովը չի փրկի ծովախեցգետնին, երբ որորներն են տիրել երկնքին

Հյուսիս-Ատլանտյան օվկիանոսի ալիքներն ամեն օր ողողում են Նորվեգիայի արևմտյան ափերի երկայնքով բաշխված բազմահազար կղզիներն ու ծովախորշերը, իրենց հետ բերելով զանազան ծովային արարածներ և խայտաբղետ ձկնատեսակներ: Յուրաքանչյուր կղզիաբնակ և, ընդհանրապես, սկանդինավյան աշխարհի ցանկացած բնակիչ՝ ժամանակ առ ժամանակ, առնչվում է ձկնորսության հետ, և իր երախտագիտությունն ու հարգանքների հավաստիքը հայտնելով ծովին, համտեսում է նրա բարիքները: Գտնվելով Նորվեգական ծովի ցանկացած կղզում կամ ափամերձ տարածքում դուք կարող եք ճաշակել բազմատեսակ ձկնատեսակներ, սկսած մանր ծովատառեխներից ու մանրաթեփուկ թյունիկներից մինչև հսկայական անտլանտյան սաղմոններ: Նորվեգիան այնքան հարուստ է ծովամթերքով, որ տեղի ձկնորսները մասնագիտացել են այս կամ այն ծովատեսակի որսի բնագավառում:
Ծովն էլ իր հերթին չի զլանում ու իր գրկից՝ ամենօրյա ռեժիմով, բաշխում է և երկփեղկավորներ, և մեծ ու փոքր ծովախեցգետիններ, և ութոտնուկներ, և այլ ձկնատեսակներ:

Ծովը կերակրում է և մեզ, և իրեն


Ի դեպ, մեր ընթերցողը կարող է ոչ միայն հետևել մեր հոդվածում զետեղված նյութերին, նկարներին ու տեսանյութերին, այլև կարող է անմիջական մասնակցություն ունենալ այն միջոցառումներին, որոնց մասին լայնածավալ տեղեկություններ կգտնի մեր կայքում: Այն՝ ինչ չեք գտնի մեր կայքում, կգտնեք մեր կայքին ընկերացած այլ տեղեկատվական աղբյուրներում...

Հետևելով բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի պատգամին, մեր խոսքը ձևակերպենք այսպես՝

«Դուք միայն ցանկացեք, իսկ տիեզերքը կնպաստի ձեր ցանկության իրականացմանը»

Չէ՞ որ, էանում ենք երազելով...

Այժմ եկեք տեղափոխվենք Նորվեգական ծով և տեսնենք, թե ինչ է կատարվում Բերգենից դեպի հյուսիս ընկած, չքնաղագեղ Աթլոյ կղզում, երբ ամեն տարի աշխարհի չորս կողմերից այստեղ են հավաքվում ծովախեցգետինների սիրահարները և սկսվում է տոնախմբությունը:

Երբ ծովն ու ցամաքը համահունչ են լուրթ երկնքի տակ

Եվ այսպես, ամեն տարի՝ հուլիս ամսվա վերջին, սիրողական ձկնորսների կողմից որսվում է և Աթլոյ կղզի է բերվում մոտ 2800 կգ ծովախեցգետին, որից հետո սկսվում է ավանդական տոնախմբությունը:

Նորվեգական ծովի ծովախեցգետինները

Այստեղ իրենց համար զբաղմունքներ կարող են գտնել ինչպես ծերերը, այնպես էլ երիտասարդները: Երեք օր տևող տոնախմբության ընթացքում հնչում են ազգային ուրախ պարեղանակներ և համեղ ուտեստներով լեցուն սեղանների կողքին տեղաբաշխված բեմերում հանդիսականները պարում են ու երգում, ինչքան սրտները ցանկանա:

Կղզու վրա է գտնվում Հերլանդ կամ ինչպես հաճախ ասում են Ասքվոլ փոքրիկ բնակատեղին, որի փոքրաքանակ և բարեհամբույր բնակչությունը հիմնականում զբաղվում է ծովախեցգետինների պատրաստմամբ և արտահանմամբ:

Աթլոյ կղզու և կղզու Հերլանդ բնակավայրի մասին մի շատ հետաքրքիր պատմություն կա, որն անպայման ուզում ենք ներկայացնել այստեղ:

Ասք Էգիլի մասին իսլանդական սագան

850 թվականից մինչ 1000 թ. ընկած ժամանակահատվածում սկիզբ առած «Ասք Էգիլի մասին» իսլանդական սագայից հայտնի է, որ հենց այստեղ՝ Հերլանդի արքայական կալվածքում, Իսլանդիայի ազգային հերոս Էգիլ Սկալագրիմսսոնը մենամարտել է Էյրիկ Արյունոտ Կացին նորվեգական կոնունգի կամակատար Աթլոյի Բարդրի հետ և սպանել նրան, որից հետո, Արյունոտ Կացին Էյրիկի սիրասուն տիկնոջ՝ թագուհի Գունհիլդի, եղբայրները՝ Էյվինդը և Ալֆրը, փորձելով վրեժխնդիր լինել իսլանդացի բանիմաց գուսան և փորձառու ռազմիկ, Էգիլից, իրենք նույնպես կնքել են մահկանացուն՝ այս անգամ մարտնչելով Էգիլի և նրա խիզախ եղբոր՝ Թորոլֆի հետ: «Ասք Էգիլի մասին» իսլանդական սագան չի վրիպել նաև գերմանական հանրահայտ «Ֆաուն» վոկալ-գործիքային երաժշտական խմբի երգացանկից: Եկեք վայելենք միջնադարյան անցքերի մասին պատմող ազգային երաժշտական գործիքներով գերհագեցած երգը , որից հետո կշարունակենք մեր բացահայտումները Նորվեգական ծովի մասին:


Իսլանդական հանրահայտ սագաներին մենք դեռ կվերադառնանք՝ «Ավագ Էդդա» և «Սնորիի Էդդա» էպոսների ու ասքերի հետ մեր ընթերցողին ներկայացնելով ամենահետաքրքիր դրվագները, իսկ այժմ եկեք վերադառնանք Աթլոյ, որտեղ անցկացվող ամենամյա տոնախմբությունը՝ կապված ծովախեցգետինների որսի հետ, տարեցտարի ավելացող զբոսաշրջիկների մեծ հոսքեր է ապահովվում դեպի կղզի:

Աթլոյ կղզու գրեթե բոլոր բնակիչները ձկնորսներ են: Գուցե այսպիսի մի կղզյակի մասին են գրել նորվեգացի հանրաճանաչ բանահավաքներ Պետեր Ասբյորնսենը և Յորգեն Մուն իրենց «Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» ժողովածուում տեղ գտած «Թյունիկների որսը» պատմվածքում.

«Ծովի հետ եմ մեծացել ու դեռ մանուկ հասակից` ժայռապատ կղզիներն ու ալիքները շրջանցելով, նավարկել: Իմ ծննդավայրում նավազները չափազանց հմուտ էին ու դա բնավ զարմանալի չէ, քանի որ փոքր հասակում դեռ մի կարգին քայլել չսովորած, նրանց ամենօրյա առավոտյան վարժանքը պետք է ուղղորդվեր հետևյալ գործողություններով: Նրանք մերկ մարմիններին միայն ներքնաշապիկ քաշած, պետք է բարձրանային ծովափնյա որևէ ժայռաբեկորի կամ բլրակի վրա, որպեսզի զննեին ծովը, իսկ եթե եղանակը պարզ էր, իսկ ծովը՝ հանդարտ, ապա ձեռքի մատները սկզբում բերանը տանելով և հետո վեր պարզելով, պետք է որոշեին բարեբեր քամիների առկայությունն ու ուղղությունը: Հենց որ թիակը կարողանում էին ամուր բռնել, նրանք արդեն նավակում էին, իսկ այնուհետ արդեն պետք է ճաշակեին քմահաճ ծովի վտանգավոր ալիքների ողջ ուժգնությունը:
Դեռ պատանեկան հասակից հաճախ էի ծով դուրս գալիս, և այն էլ այս կողմերում հայտնի մի ծովագնաց նավատարի հետ, որին ես ինձ ծանոթ բոլոր նավաստիներից ամենաճարպիկն եմ համարում: Ժամանակը, որն անց եմ կացրել այդ մարդու հետ, անցյալի իմ հուշերում թողել է ամենավառ ու սիրառատ տպավորությունները: Ազատ ու երջանիկ, ինչպես թռչունները, մենք թեթև առագաստանավակով թևածում էինք ալիքների վրայով, կրակում բադերի, ծովային թռչունների ու փոկերի վրա, որոնց հանդիպում էինք ժայռակղզիների միջև: Իմ փորձառու ծովագնաց-նավատարի նավակի տախտակամածին ապավինած՝ մենք բաց ծով էինք դուրս գալիս թյունիկներ որսալու, իսկ երբ նա գործ էր ունենում, ասել է թե ինչ-որ նավ նրա կարիքն ուներ՝ ծովախութերը հաղթահարելու համար, այդ ժամանակ ես մենակ էի նավակը դեպի տուն ուղղորդում կամ հետևում էի նավատարին: Այդ ժամանակներից սկսած ես միշտ անհագ ձգտում եմ ունեցել դեպի աղահամ ծովը, որի անզուգական հմայքն ու պերճանքն ամեն անգամ գերել են ինձ»:
Որորները մայրամուտին ուռկան տեսան՝ ձկներով լի

Սկանդինավյան աշխարհը լի է նմանատիպ տոնախմբություններով, որոնք տեղի են ունենում գրեթե ամբողջ տարվա ընթացքում: Մեր կայքում դուք պարբերաբար կծանոթանաք ամենահետաքրքիր և մեծ ճանաչում ստացած տոների հետ, որոնք ամեն տարի տեղի են ունենալու Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում և ընդհանրապես, Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում:

Երազանքները իրականանում են ճամփորդելիս...
Այդ հարցում մենք համակարծիք ենք...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Նորվեգական ծովում ծովային որորը ծովախեցգետին է տանումՆորվեգական ծովում ծովային որորը ծովախեցգետին է տանում

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև