Նորվեգական Ձմեռ Պապիները թրմօղու մաքսանենգներ

Լուսավորված շշերը ձմեռ պապի շորեր են հագել, թիկունքում փոքրիկ տրոլներ ենԼուսավորված շշերը ձմեռ պապի շորեր են հագել, թիկունքում փոքրիկ տրոլներ են
Նորվեգական Յուլենիսեները, փոքրիկ տրոլները և խոզուկները լույսերի ընկերակցությամբ

XX դարասկզբին Արևմտյան շատ երկրներ արգելեցին ոգելից խմիչքների պատրաստումը, վաճառքը և օգտագործումը: Օրենքի գործածումից զերծ չմնաց նաև Սկանդինավյան աշխարհը:

Նորվեգիայում ոգելից խմիչքների վաճառքի և օգտագործման արգելքը տևեց 1916-ից մինչև 1927 թվականները: Ոգելից խմիչքների օգտագործման արգելքը հանվեց համընհանուր հանրաքվեի կիրառմամբ: Նորվեգիայի պետական կառավարման համակարգում սա միակ դեպքն էր, որը օրենքի ուժ ստացավ ժողովրդական համընդհանուր հանրաքվեի միջոցով:
Համեմատության համար բերենք այլ երկրներում գործող նմանատիպ օրենքները.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (1920 -1933) − արգելված էր 0,5 %-ից բարձր ալկոհոլ պարունակող բոլոր տիպի խմիչքները:
Արգելքը բերեց նրան, որ երկրում սկսեց զարգանալ մաքսանենգ ճանապարհով ոգելից խմիչքների, այսպես կոչված տնական թրմօղիների, պատրաստումը և ներկրումը: Կուբայում սկսեցին բարգավաճել Ալ Կապոնեի հիմնած ու ճյուղեր տված քրեական միավորումները, որոնք մաքսանենգ ճանապարհներով Ամերիկայի Միացյալ Նահանգներ ներկրեցին մեծ խմբաքանակներով ոգելից խմիչքներ և հանցագործությունների աննախադեպ աճի գրանցման պատճառ հանդիսացան: Կառավարությունը քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը, 1933 թվականին հանեց արգելքը:

Շվեդիայում ոգելից խմիչքները սահմանափակեցին 1919 թվականից մինչև 1922 թվականի օգոստոսի 27-ը, երբ ամբողջ երկրով մեկ տեղի ունեցավ ժողովրդական հանրաքվե:
Հանրաքվեին մասնակցեց ազգաբնակչության 55%-ը, որոնցից 51%-ը դեմ արտահայտվեց գինու և սպիրտային այլ խմիչքների արգելանքին: Ի դեպ, քվեարկողների 63 %-ը կազմում էին տղամարդիկ, իսկ 37%-ը՝ կանայք:

Ֆինլանդիա (1919-1932) − արգելված էր 2,5 %-ից բարձր ալկոհոլ պարունակող բոլոր տիպի խմիչքները:

Ֆարերյան կղզիներ (1907-1992) − արգելված էր ոգելից խմիչքների ամբողջ տեսականին, բացի Դանիայից ներկրված այն խմիչքների, որոնք նախատեսված էին հատուկ պատվիրատուների համար, ովքեր կարող էին օգտագործել այն խստորեն սահմանված կարգի համաձայն:

Իսլանդիա (1915-1935) − ոգելից խմիչքների ամբողջ տեսականին:
Մինչև 1989 թվականը Իսլանդիայում արգելվում էր նաև օգտագործել 2,25 %-ը գերազանցող թունդ գարեջուր:

Այստեղ տեղին է՝ կարծում եմ, ավելացնել մեր հյուսիսային դաշնակցի՝ Ռուսիայի, մասին մի շատ հետաքրքիր փաստ նույնպես: Պարզվում է, որ Ռուսաստանում 1914 թ.-ից մինչև 1925 թ.-ը արգելվել են ոգելից խմիչքների բազմաթիվ տեսակներ: Գուցե այդ թվականներից է, որ գիտակցելով ռուսների ինքնագիտակցության մեծ կախվածությունը ոգելից խմիչքից, այդ լայնածավալ երկրի ղեկավարները օղին սկսել են օգտագործել, որպես փոխանակման ու աշխատանքի վարձատրության համար կիրառվող կայուն վալյուտա:

Վերստին վերադառնալով Նորվեգիա, փաստենք, որ XX դարասկզբին ոգելից խմիչքների արգելումը նոր իրավիճակ էր ստեղծել երկրի համար: Օրենքն իր հետ նաև սողանցքներ էր բերել: Ալկոհոլն ահավասիկ հարկավոր էր բժշկության մեջ: Դժվար էր պատկերացնել բժիշկների գործունեությունն առանց բժշկական սպիրտի կիրառմամբ: Ահա այդ ժամանակ էլ հասարակության մեջ նկատվեցին, այսպես կոչված «հետույքային սպիրտի» օգտագործման հաճախակի հանդիպող միջադեպեր: Բժիշկները դեղագործական նպատակով դեղատոմսեր էին նշանակում իրենց պացիենտներին, իսկ վերջիններս փոխում էին դրանց կիրառման ավանդական մեթոդները: Այսպիսով ոգելից խմիչքների արգելման օրենքն այդ դժվարին ժամանակներում իր հետ բերեց կոռուպցիայի ծավալման վտանգ նաև բժշկության ոլորտում: Գործին լծվեցին անգամ անասնաբույժները, որոնք ձիերի ու կովերի համար նախատեսված ալկոհոլային դեղատոմսերը գրելիս, չէին անտեսում նաև անասունների տերերին, դե իհարկե եթե վճարը գերազանցում էր սովորական մուծումներին:

Այդ ժամանակ էր, որ Նորվեգիայում սկսեցին օղի թորել հայտնի և անհայտ բոլոր տեսակի բանջարեղեններից, մրգերից ու բույսերից: Դա իր հետ բերեց մասնանենգ ճանապարհով թորած մրգահյութների արտահանում և զուր չէ, որ ծովախորշերում սկսեցին ծավալվել մաքոքային ծովագնացության դեպքեր, որոնց ընթացքում փոքրիկ նավակների գործադրմամբ արգելված մրգողիները այս ու այն կողմ էին արտահանվում: Դա է վկայում այդ օրերին պարբերականներից մեկում՝ նավերի մասին պատմող «Båtmagasinet» ամսագրում, տեղ գտած այս ծաղրանկարը, որը Ամունդ Ռիչի 2021 թ.-ի դեկտեմբերյան համարի հոդվածին է տրամադրել մեր լավ ընկեր, պատմաբան, նավաշինարար և ճանապարհորդ Էյվինդ Լյութենը, 1921 թվականի «Vikingen» թերթից պահպանված մի հին նկարից: Ծաղրանկարում պատկերված են երկու մաքսանենգ Յուլենիսեներ, ասել է թե նորվեգական Ձմեռ Պապիներ, ովքեր արգելված թրմօղի պարունակող «Սև ու Սպիտակ» գրառմամբ մակնանշված արկղով բեռնված իրենց նավակը, Օսլոյի ծովախորշի Ֆերդերյան կղզու անմար փարոսի սպիտակ լույսի ուղղեկցությամբ դուրս են հանում.

Մաքսանենգ Յուլենիսեները արգելված թրմօղին Օսլոից դուրս են հանում , © Նկարը վերցված է Բոտմագասինետ ամսագրից, հեղինակն է Հովարդ Սուլերոդը

Մինչև ալկոհոլային խմիչքների արգելումը չեղարկող հանրաքվեի անցկացումը, որը տեղի ունեցավ 1926 թվականին, Նորվեգիայում ոգելից խմիչքի օգտագործման սահմանափակման տարբեր ձևեր էին կիրառվում: Դրանցից մեկով՝ օրինակ, «հատուկ նոթատետրում» գրանցվում էր 25 տարին լրացած անձի իրեն հասանելիք ալկոհոլի չափաբաժինը: Ամուսնացած կանայք չունեին այդպիսի գրքույկներ, այլ պարտավոր էին գրանցվել իրենց ամուսինների նոթատետրերում, իսկ այ չամուսնացած կանանց վերապահված էր ստանալ չափազանց փոքր քանակի ոգելից խմիչք:
Աղքատները, անգործները, հացագործները և հարբեցողները զրկված էին այդպիսի գրքույկներ ունենալու հնարավորությունից:

Չմոռանանք նաև սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի «Երգեր Աստվածների մասին» գրքում տեղ գտած խրատների մասին, ուր հանգամանալից խոսվում է խմելը չարաշահելու վնասների մասին: Զորօրինակ. «Բարձրյալի խարատանին» երգում տեղ գտած տողերում ասվում է.

... Ավելի անպիտան պաշար,
քան գարեջուրն է քո կոնծած,
չկա, երբ ճամփին ես արդեն։

12. Գարեջուրն այնքան լավը չէ,
ինչքան նրան գովերգում են
ժամանակի որդիները։
Գիտե´մ, ինչքան շատ ես խմում,
այնքան խելքդ բան չի կտրում
ու դառնում ես խեղճ ու մոլոր:

13. Ձկնկուլը մոռացության
թևածում է խնջույքներին
ու մարդկանց անում խելահան...

Նորվեգական հեքիաթները վայելենք նորվեգական ավանդական թրմօղիներով

«Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» անչափ հետաքրքրաշարժ գրքի «Բերթե Թյուփենհաուգի պատմությունները» գլխում մի այսպիսի տեսարան կա նկարագրված, որի մեջ հեքիմուհի և գրբաց Բերթեն՝ ի հեճուկս Նորվեգիայում տասնիններորդ դարում գործող բժիշկների, փորձում է բուժում իրականացնել իր իսկ թրմած մրգօղիներով: Ահա մի հատված այդ պատմությունից.

Բե՛րթե, դու կարո՞ղ է գիտենաս հոդախախտումը բուժելու ձևը, – ամենայն լրջությամբ հարցրեցի ես:
– Օ այո՜, իհարկե ես գիտեմ ինչ անել հոդախախտման դեպքում, չէ որ, երբ խեղճ Նուրդիգարդենը այդպես վնասվել էր, դարձյալ իմ օգնության կարիքը զգացվեց, մինչդեռ անգամ բժիշկն էր անզոր եղել, իսկ Նուրդիգարդենի մայրը ոտքին ինչ ասես, որ չէր դրել, – քմծիծաղը դեմքին ասաց Բերթեն, բայց անմիջապես լրջացավ և շարունակեց, – եթե հարգարժան ուսանողը հավատում է, ուրեմն պետք է ժամանակ չկորցնել ու անցնել բուժմանը: Ես այսպիսի դեպքերում վերքին գինու այրվածքով՝ բրենդիով, թրջոց եմ դնում:
– Դե դո՛ւ բրենդիի զորությունը գիտես, թերև՛ս, էլ ո՞վ, եթե ոչ դու, իհարկե, վարվի՛ր այնպես, որ լավ լինի, – ասացի ես, փորձելով առավելագույնս օգուտ քաղել նրա արհեստի գաղտնիքներին ծանոթանալու մեկ կամ գուցե ավելի հնարավորություններից:
Բերթեն վերցրեց կապույտ խեժափիճուց մի ցմփորիկ շիշ, երեք ոտնաչափ հեռավորության վրա գտնվող դեղնած պահարանից դուրս բերեց բրենդիի բաժակը և թրմօղին լցնելով մեջը, բաժակը զգուշորեն տեղադրեց բուխարու վրայի դարակին, որից հետո քանդեց ձմեռային գուլպայիս կապերը և օգնեց ինձ հանել կոշիկս: Այնուհետև նա սկսեց խաչակնքել բրենդիով լի բաժակն ու ինչ-որ խոսքեր շշնջալ վրան, բայց քանի որ բավականին խուլ էր, ձայնը չթուլացրեց և օգտագործելով ձայնի ընկալման իմ գերազանց ունակությունը, բնականաբար ես լսեցի նրա շուրթերից հնչած հմայախոսքերի ամբողջ շարակցությունը.
– Ես ինձ նետեցի գիրկը փորձանքի,
Ոտքը ցավ առավ իմ սև քուռկիկի,
Ջիլերով հյուսենք, արյունով օծենք,
Իմ սև քուռկիկին շուտ ոտքի հանենք:
Այժմ նրա ձայնը գնալով վերածվեց անհասկանալի մի շշուկի: Ծիսակատարության վերջում նրա շուրթերից հնչեց կրկնակի «թյո՛ւ», և այդ «թյո՛ւ»-երն անմիջապես ուղարկվեցին աշխարհի չորս անկյունները: Կախարդանքի ազդեցության ներքո նա աստիճանաբար բարձրանում և իջնում էր բուխարու առաջ, մինչև որ հասավ այն պահը, երբ սառչող ու գոլորշիացող բրենդին լցրեց իմ ուռած ու կրակից ջերմացած ոտքին, ինչը հաճելի սառնության զգացողություն առաջացրեց ինձ մոտ:
– Ես կարծում եմ, որ այս ամենը, իրո՛ք, օգնում է, Բերթե՛, – ասացի ես, – բայց ասա ինձ, դու իրականում ի՞նչ ես թելադրում բրենդիին:
– Օ՜ ո՛չ, ես չեմ համարձակվի խոսել այդ մասին...

Ինչևէ, այժմ Նորվեգիայում խմիչքների օգտագործման և արտահանման արգելքները հանված են, վայելեք ինչքան ցանկանում եք, չմոռանալով իհարկե խրոխտ նախնիների չափավորության մասին խրատները...

Էանում ենք երազելով...
Լուսավորված շշերը ձմեռ պապի շորեր են հագել, թիկունքում փոքրիկ տրոլներ ենԼուսավորված շշերը ձմեռ պապի շորեր են հագել, թիկունքում փոքրիկ տրոլներ են

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Լուսանկարում Սուրբ Լյուսիայի տոնին նվիրված տիկնիկներն են ձեռքերում մոմեր պահածԼուսանկարում Սուրբ Լյուսիայի տոնին նվիրված տիկնիկներն են ձեռքերում մոմեր պահած

Սուրբ Լյուսիան, Լյուսիֆերդան և փոքրիկ Յուլը

Սկանդինավյան աշխարհը նշում է Ս. Լյուսիայի տոնախմբությունը: Այն անվանում են նաև Փոքրիկ Յուլ: Իսկ Լյուսիֆերդայի, տրոլների և վալկիրիաների մասին կիմանաք ստորև...