Սկանդինավյան դիցաբանություն

Նկարում սկանդինավյան դիցաբանության մասին գրքեր են և առասպելական պատկերներՆկարում սկանդինավյան դիցաբանության մասին գրքեր են և առասպելական պատկերներ
Սկանդինավյան դիցաբանության անակնկալներով լի լաբիրինթոսում

Սկանդինավյան դիցաբանության մասին խոսելուց առաջ, եկեք մի փոքր ներածական կցենք նյութին:

Դիցաբանությունը կամ առասպելաբանությունը որպես հոգևոր մշակույթի հիմնական մասերից կարևորագույնը ձևավորվել է անհիշելի ժամանակներից սկսած: Աստվածների, դյուցազունների, բնության տարերքները խորհրդանշող բազմատեսակ ոգիների և կենդանակերպ էակների մասին վառ երևակայությամբ ստեղծված պատմությունները տարբեր ազգերի մոտ ուրույն ձևակերպումներ են ստացել և մեզ են հասել ժայռապատկերների ու քարակերտ արձանագրությունների միջոցով, կավե սալիկներին դրոշմված, մագաղաթյա և պապիրուսե թերթիկներին հանձնված: Ի վերջո, թափառական գուսանները` տեղից տեղ անցնելով, երգել ու փոխանցել են այն սերունդներին:

Ինչքան աղքատ կլիներ աշխարհասփյուռ ժողովուրդների կողմից ստեղծված, դարերով պահպանված և, սերնդե սերունդ փոխանցված առասպելները, ասքերը, վիպերգությունները, առակները, հեքիաթները, սիրո երգերը, եթե այնտեղ չհիշատակվեին միջագետքյան Մարդուկն ու Էնկին, հնդկական Ինդրան ու Ագնին, հունական Զևսն ու Աֆրոդիտեն, հռոմեական Յուպիտերն ու Վեներան, սկանդինավյան Օդինը, Թորն ու Ֆրեյան, գերմանական Վոդանը և Զիգֆրիդը, հայկական Վահագն ու Աստղիկը, Հայկն ու Անահիտը և այլ աստվածներ ու հերոսներ:

Կարծում ենք լավ կլիներ, եթե առասպելաբանությունը ուսումնասիրող գրական նյութերը նույնպես ընդգրկվեին դպրոցական ուսումնական ձեռնարկներում և դասավանդվեին հավուր պատշաճի:

Այստեղ տեղին է մեջբերել հայ մեծ իմաստասեր Գրիգոր Մագիստրոսի կողմից կատարված այն գրառումը, ուր ասվում է.

«Նախուստ քան զայսոսիկ կրթեցելովք ներկուռ վերծանությամբ զհին և զնոր կտակարանս, և առասպելավարժությիւնս ի բազում և զանազան տեղիս եղեալ զորքանութեամբ արտայայտել հաւանիմք, և ի խոյզ ելանել ջերմագոյն և քաջողջական խոհականությամբ և տրամաբանական հատվածոց հոմերական և պղատոնական նախասականին և այլոցն բոլոր արհեստից և մատենից։»
(Մանուկ Աբեղյան, Երկեր Դ, 1970թ. էջ 38.)

Ինչպես տեսնում ենք Գրիգոր Մագիստրոսը դիցաբանությունը և առասպելաբանությունը չի զատում ուսման ամբողջական ծրագրից։

Սկանդինավյան և գերմանական հնագույն ժողովուրդները, ի տարբերություն հին հույների, բավարար ձեռագիր աղբյուրներ չեն պահպանել, որոնք թույլ կտային լիակատար պատկերացումներ կազմել նրանց դիցաբանության և պատմամշակույթային գործունեության խորքային շերտերի վերաբերյալ, սակայն սկալդների՝ հյուսիս-եվրոպական թափառական գուսանների, բանավոր խոսքից ժամանակին գրառված և մեզ հասած ոչ ծավալուն, բայց հիմնարար գրական նյութը հնարավորություն է ստեղծում հանգամանալից տեղեկություններ ստանալ նրանց առասպելների ու ասքերի մասին:

Սկանդինավյան դիցաբանության նախաշեմին փոքրիկ էքսկուրս անցկացնենք սկանդինավյան թերակղզի ներթափանցած հարավային քաղաքակրթության տաք հոսանքների ու հյուսիսցիների վրա դրանց ազդեցության մասին, և զուգահեռաբար լսենք՝ նյութին ներդաշնակ, հին միջնադարյան սկանդինավյան երաժշտության գողտրիկ պատառներից կազմված համահավաք մի կատարում, որը ուղղեկցվում է միջնադարյան երաժշտական գործիքների նվագակցությամբ.

Սկանդինավյան դիցաբանությունը անհնար է զատել գերմանականից: Զուր չէ, որ հեղինակավոր գրեթե բոլոր գրական աղբյուրները՝ իրենց վերլուծությունները կատարում են հենց «Գերմանա-սկանդինավյան դիցաբանություն» գլխագրի տակ:

Նախաքրիստոնեական դարաշրջանում հյուսիսային ցեղախմբերով բնակեցված տարածքներում տեղի ունեցած դեպքերից կցկտուր տեղեկություններ կարող ենք քաղել ավելի ուշ կատարված պատմական ուղեցույցներից, որոնք իրենց հերթին գրառել են Տակիտոսը, ՊաուլԴիակոնը, Ալքուինը, Էյնհարդը, Սաքսոն Գրամատիկը և այլոք։ Վաղ գրառված ձեռագրերում տեղ են գտել հետքրիստոնեական հազարամյակի հենց սկզբում տեղի ունեցած գերմանական ցեղախմբերի առաջին միավորող հերուսկների առաջնորդ Արմինիուսի հաղթանակը հռոմեական երեք լեգեոնների հրամանատար Վարոսի նկատմամբ, III, IV դարերում գոթերի լայնարձակ երկրում ամենահայտնի թագավոր Հերմանարիխի «Airmanareiks» իշխանական տոհմագրությունը, բուրգունդյան թագավորության ընթացքը և վախճանը, IV, V դարերում արևելքից ներխուժած հոների ճնշման տակ ժողովուրդների մեծ տեղաշարժը և Աթիլայի գերիշխանության կործանումը, որոնք էլ հիմնականում պատմական հիմք են հանդիսացել սկանդինավյան դիցաբանության հիմնաքարը հանդիսացող «Ավագ Էդդա» էպոսի, «Փոքր Էդդա» և հյուսիսային թագավորական տոհմերի մասին արձանագրող ասքերի՝ սագաների, ստեղծման գործում։

Այն, ինչ զետեղված է գրքերում, չեք գտնի այլուր

Հյուսիսից եկող շարունակական կործանիչ հարվածների հետևանքով վերջնական կործանման է հասցվում Հռոմեական կայսրությունը։ Փոխարենը դեպի հյուսիս են ուղղվում քրիստոնեության ավետաբեր ու լուսարձակ ճառագայթները և աստիճանաբար տարածվում հյուսիսային հեթանոսության նահանջող դիրքերում։ Դա ավելի է ընդգծվում հատկապես 804 թ.-ին սաքսոնների, իսկ X դարավերջին սկանդինավյան ժողովուրդների կողմից քրիստոնեության ընդունումից հետո։ Արևելքից և հարավից սնվող, սակայն հյուսիսի ինքնատիպ կենսակերպին բնորոշ հատկանիշներով, սկիզբ է դրվում նաև այդ երկրների մշակույթին և նրանց ժողովուրդների գրական գործունեությանը։ Եվ այսպես կյանքի են կոչվում հնագույն առասպելներն ու էպիկական երգերը, որոնք հնարավորինս ներառնում են գոթերի, բուրգունդների, ֆրանկների և այլ հյուսիսային ժողովուրդների աշխարհայեցողության, մշակույթի և կենցաղի մասին բավարար նյութ։ Բուռն իրադարձություններով են հագեցված նաև IX, X և XI հարուրամյակները, որոնք ընդունված է անվանել «վիկինգների դարաշրջան»։ Սկանդինավյան առաջին կոնունգ-թագավորները, արհեստավարժ ծովագնաց վիկինգները, իրենց խիզախ ու մարտական ջոկատներով, ծավալատիրության ենթարկելով ծովային ու ցամաքային լայնատարած բնակավայրեր, իրենց զգալի ազդեցությունն են թողել ամբողջ Եվրոպայի և Ասիայի զգալի հատվածի վրա:

Եվ այսպես ութերորդ դարից սկսած ստեղծվում և աստիճանաբար գրառվում են այնպիսի առասպելներ, ինչպիսիք են անգլո-սաքսոնական «Բեովուլֆ» էպոսը, վերին-գերմանական «Երգ Հիլդեբրանդի մասին» առասպելը, իսկ ավելի ուշ իսլանդական հռչակավոր «Ավագ Էդդա» աստվածների և հերոսների մասին պատմող առասպելական մագաղաթյա ձեռագիր-մատյանը, Սնորի Ստուրլուսոնի «Փոքր Էդդա»-ն և «Շրջան երկրային» արձակ պատմագրությունը, գերմանական «Նիբելունգների երգը», նորվեգական թագավորների մասին պատմող սագա-ասքերը և այլ էպիկական գլուխգործոցներ։ Կարևորագույն տեղեկություններ են պարունակում նաև բազմաթիվ քարե հուշակոթողների վրա փորագրված ռուները, Հյուսիսային Եվրոպայում պեղումների արդյունքում հայտնաբերված փայտե գտածոները, զարդանախշ ու փորագրություններով հարուստ ոսկորից առարկաները և պատկերազարդ գոբելենները։

Մինչ օրս գիտնականները՝ իրենց աշխատությունները գիտական քննության ու վերլուծության ենթարկելիս, օգտվում են ռունագրերում պահպանված տեղեկություններից:

Գերմանա-սկանդինավյան դիցաբանությունից եկեք պայմանականորեն զատենք սկանդինավյանը և ծանոթանանք «վիկինգների դարաշրջանի» անցքերի ու ասքերի գրական աղբյուրների հետ, իսկ հաջորդիվ ներկայացվող մեր հոդվածներում, դեռ առիթ կունենանք միասին բացահայտելու գերմանական առասպելաբանության լայնաշերտ էջերը:

Սկանդինավյան դիցաբանության հիմնական աղբյուրները բխում են «Ավագ Էդդա» սկանդինավյան էպոսից, որի՝ հին իսլանդերենով գրված, միակ մագաղաթյա ձեռագիր մատյանն այսօր գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաք Արնի Մագնուսսոնի անվան ձեռագրերի ազգային ինստիտուտում: Ձեռագրերը Հյուսիս Ատլանտյան Դաշինք Կազմակերպության (ՆԱՏՕ) ռազմանավերի ուղղեկցությամբ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենից դեպի Իսլանդիա են ուղարկվել՝ 300 տարուց ավել պահպանվելով Դանիայի թագավորական գրադարանում: Այդ մասին տեսանյութ և մանարամասն տեղեկություններ կգտնեք Սկանդինավյան Աշխարհ կայքի անչափ դրամատիկ հոդվածներից մեկում.

Հին վիկինգների հավատալիքների, ծիսակատարությունների, աստվածների և աստվածությունների մասին բազմազան պատմությունների ամբողջությունը հիմնականում զետեղված է բազմաթիվ փոխաբերություններով և սիմվոլներով հագեցած «Ավագ Էդդա» կարևորագույն գրական հուշակոթողում:

Եղիր միշտ զգոն և ուշադիր, սակայն վախից ազատ ապրիր...

«Ավագ Էդդա»-ի 12 երգերից բաղկացած «Երգեր Աստվածների մասին» գլուխը սկսվում է «Վոլվայի գուշակությունը» առասպելով, որի նկարագրությունները պատկերում են տիեզերքի արարումը, ոսկե դարի երանելի ընթացքը, ապա այսպես կոչված Ռագնարոկ աշխարհակործան պատերազմը և վերջանում աշխարհի երկրորդ ծնունդի նկարագրումով, որտեղ պետք է վերականգնվեն ոսկե դարից ժառանգություն ստացած հին կարգերը և ավանդույթները, վերստին պետք է տիրի արդարություն, առատություն, իսկ բարին պետք է իր երկար սպասված հաղթանակը տանի չար ուժերի դեմ։ Բազմաթիվ մեկնիչներ համակարծիք են, որ «Վոլվայի գուշակությունը» երգը տիեզերքի արարման հին հունական և հին հռոմեական տեսակետների գերմանա-սկանդինավյան արտապատկերումն է։
Համեմատության համար անդրադառնանք մեր թվագրութան առաջին դարի հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Կերպարանափոխություններ» աշխատությանը, որի մեջ նույնպես պատկերվում են Քաոսի վերածումը Տիեզերքի, հսկաների ընդվզումը, տիեզերական կանոնակարգի փլուզումը, Լիկայոնի փոխակերպումը գայլի, ջրհեղեղը և վերստին վերադարձը Քաոսին, աշխարհի վերաբնակեցումը և այլն։
Իսկ մեր թվագրությունից առաջ VIII դարում հին հունական բանաստեղծ և վիպասան Հեսիոդոսի «Գործեր և օրեր» աշխատության մեջ նկարագրվում է ոսկե դարի երանելի ժամանակաշրջանի մասին, նրան բնորոշ հատկանիշներով, որոնցից մեկը ցորենի ծլարձակումն ու բերքատվությունն է, առանց ցանքսի իրագործման։

Սկանդինավյան դիցաբանության մասին ընդգրկուն պատկերացումներ կազմելու համար, նախ հարկավոր է ծանոթանալ սկանդինավյան դիցարանի տիեզերական կառուցվածքին և նրա ինը աշխարհներին, դիցարանը ընդհանրացնող երկու աստվածային խմբերին՝ ասերին և վաներին, աստվածներին ու աստվածուհիներին, հերոսական առասպելներին, հսկա-յոտուններին, թզուկներին, բարի ու չար ոգիներին և, հյուսիսային աշխարհի ինքնատիպությունը խորհրդանշող, բազմաթիվ այլ երևույթներին:

Ուր է տանում ուղին Ռիգի, գիտեն Օդինը և Լոկին


Եվ ահա, սկանդինավյան դիցաբանությունն ավելի ամբողջական ներկայացնելու համար մենք այն պայմանականորեն կբաժանենք մի քանի մասերի և դրանց մասին կխոսենք՝ առանձին-առանձին, մեր կայքի մյուս հոդվածներում:

Դրանք հետևյալն են.

Ա. Սկանդինավյան դիցարանի աստվածները և աստվածուհիները,
Բ. Սկանդինավյան դիցարանի տիեզերական կառուցվածքը,
Գ. Սկանդինավյան առասպելներ և հերոսներ,
Դ. Հսկաները, թզուկները և բարի ու չար ոգիները սկանդինավյան դիցարանում,
Ե. Սկանդինավյան, գերմանական և կարելա-ֆիննական էպոսների առաձնահատկությունները:

Եվ ուրեմն, զինվենք արևելյան իմաստուն համբերությամբ և հերթով ու կարգով մտնենք ու բարեհաջող դուրս գանք սկանդինավյան դիցաբանության խորհրդավոր ու անակնկալներով լի լաբիրինթոսից:

Երազանքներով կյանքդ պարուրիր,
Դրոշմիր պարույրն այդ քո երազներին,
Երազդ թրծիր արևի բովով,
Շունչ տուր կրակին, էացիր կյանքով...


Les flere artikler om den skandinaviske verden

Նկարում սկանդինավյան դիցաբանության մասին գրքեր են և առասպելական պատկերներՆկարում սկանդինավյան դիցաբանության մասին գրքեր են և առասպելական պատկերներ

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև