Սկանդինավյան ոճ

Սկանդինավյան ոճով կահավորված հյուրասենյակՍկանդինավյան ոճով կահավորված հյուրասենյակ
Սկանդինավյան ոճով կահավորված հյուրասենյակ

Մարդիկ ի սկզբանե բնության գողտրիկ տարածքներում կառուցել են իրենց կացարանները, ընդլայնել ու բազմապատկել դրանք, չմոռանալով ներսն ու դուրսը կահավորել այլազան իրերով: Պատշաճ ուշադրություն են դարձրել նաև իրենց հագ ու կապին:

Մենք՝ մինչ օրս, շրջապատված ենք տարբեր նպատակների համար նախատեսված շենք-շինություններով, ապրում ենք մեր բնակարաններում և աշխատատեղերում առկա կահ-կարասու ընկերակցությամբ, զմայլվում ենք մեր իսկ ստեղծած կերպարվեստի գլուխգործոցներով, մեր երեխաներին և, ինչու չէ նաև մեզ, զվարճացնում ենք ամենատարբեր խաղալիքներով: Սակայն մի բան ակնհայտ է:

Կեցությունը մարդկանց գիտակցության մեջ որոշակի սահմանումներ է ներմուծել և մարդիկ՝ բնակվելով աշխարհի տարբեր ծայրերում, հարմարվելով տեղանքի բնակլիմայական պայմաններին, ելնելով ազգային ու ժողովրդական սովորույթներից, իրենց ապրելակերպը երանգավորել են յուրահատուկ համադրությամբ: Ասել է թե՝ սովորույթների ընդհանրությամբ իրար միավորված երկրները ձևավորել են իրենց ինքնատիպ ոճը: Զորօրինակ՝ սկանդինավյան երկրներն ունեն իրենց յուրահատուկ ոճը, այն այդպես էլ կոչվում է՝ սկանդինավյան ոճ:

Արդ ուրեմն, եկեք այստեղ փոքր-ինչ խոսենք սկանդինավյան ոճի առանձնահատկությունների մասին, փորձենք պարզել մեր ժամանակներում «թրենդ»−ային դարձած սկանդինավյան ոճի գործառական պարզության և զուսպ նրբաճաշակության գաղտնիքները:

Եթե փորձենք անվերապահ ճշմարտության տեսանկյունից առավել հակիրճ ձևակերպում տալ սկանդինավյան ոճին, ապա կարող ենք այն բնութագրել ընդամենը երեք բառով՝ պարզություն, պարզություն և պարզություն...

Լճերը Սկանդինավիայում խաղաղ են, պարզ ու երանավետ...

Անխախտ թողնելով լճերի անդորրը, եկեք ծանոթանանք սկանդինավյան ոճաբանության նախապատմության հետ:

Սկանդինավյան ոճավորման արվեստը սկիզբ է առել 1930-ականներին: Այն ավելի հանրաճանաչ է դառնում 1950 թվականից սկսած, երբ նախագծողներն ու ճարտարապետները որոշում են վերականգնել սկանդինավյան աշխարհի հին մշակույթը ձևավորող որոշ սովորույթներ:
Շարժման զարգացման համար խթան են հանդիսանում մոդեռնիստ- ճարտարապետներ Ալվար Հուգո Հենրիկ Աալտոյի, Էերո Սաարինենի և Լյուդվիգ Միս վան դեր Ռոհեի աշխատանքները, որոնց միջոցով առօրյա են վերադառնում հին օրերի հյուսիսային մշակույթը ներկայացնող բազմազան ավանդական տարրեր:

Սկանդինավյան ոճը թերևս ավելի ընդգրկուն հասկացողություն է և այն հարկավոր է դիտարկել ոչ միայն գեղագիտական տեսանկյունից: Ոճի ձևավորման համար (1930÷1970)թթ-ին զգալի ներդրումներ են ունեցել Շվեդիան, Դանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Իսլանդիան: Նախագծողները նախապատվությունը տվել են հիմնականում կիրառական բնանյութերին, իրենց նախագծերում օգտագործելով փայտ, քար կամ երկաթ, իսկ կահավորանքի պարագաներին տվել են պարզ երկրաչափական ձևեր՝ ներմուծելով շեշտակի սահմանագծեր և խտացված գույներ: Ոճը ձևավորելիս աշխատել են խույս տալ շքեղությունից, գերադասելով հասանելի, գործնական և պարզ մոտեցումները:

Մշակութային և ոճաբանության զարգացման գրեթե բոլոր ուղղություններով անցած աշխարհն այսօր սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել շվեդական, նորվեգական և, ընդհանրապես, սկանդինավյան ոճի կիրառության վրա: Արվեստի ձևավորման սկանդինավյան եղանակները թափանցել են առօրյա կյանք, լինի դա ճարտարապետա-շինարարական նախագիծ, կահավորանքի, հագուստեղենի, ամանեղենի ձևավորում կամ այլն:

Սկանդինավյան ոճը հատուկ կանոններից բաղկացած հավաքածու չէ, այն ավելի շուտ հայեցակարգ է, հիմնված պարզության, ներդաշնակության ու նրբաճաշակության վրա և իր մեջ ներառում է երկրաչափական պարզ ու սահուն գծերի մի ամբողջ համակարգ, որի կիրառական առանձնահատկությունները զգալիորեն նկատվում են տներում, հյուրանոցներում, աշխատավայրերում և այլ միջավայրերում: Կառուցապատման և կահավորման մեջ օգտագործվում են բազմաթիվ բնական տարրեր: Հատուկ աճեցվող ծառերի փայտանյութից ու արմատներից պատրաստվում են փոքրիկ նավակամատույցներ, կահ-կարասի, խեցեղեն, լուսամփոփներ, օգտագործվում է քար, կավ, ծղոտ, ապակի, սիզախոտ, քարամամուռ և այլ բնական միջոցներ:

Սկանդինավյան տնակում հանգստանալը լոկ հաճույք է պատճառում

Պարզությունն ու հավասարակշռվածությունը գլխավորում են սկանդինավյան ոճի բաղադրիչների շարքը: Խոսքը գույների բազմազանության մեջ չէ, կարելի է բավարարվել նաև սև-սպիտակով, և դա ամենևին էլ ձանձրալի չէ, եթե պարզությունը համեմվում է հավասարակշռված լուծումներով, օրինակ՝ սկանդինավները կահույքը պատրաստում են փայտանյութի ամբողջական կտորներից և այն չեն երեսապատում ծաղկավոր կտորեղենով: Իհարկե կարևոր է նաև պահպանել կահույքի և այն շրջապատող միջավայրի համաչափությունը, կախված այն բանից, թե տարածքը բնակելի է, թե հանդիսատեսային, նախատեսված է հանգստի, մարզական, արտադրական, թե վարչական գործունեության համար:


Սկանդինավյան ոճին բնորոշ է առաջին հերթին հաշվի առնել ժամանակակից մարդու կյանքի հարմարավետությունն ու գեղագիտական պահանջները:


Համաչափությունը սենյակի ձևավորման բանալին է:


Կահույքը և տնային զարդարանքի իրերը նախընտրում են չափերով ավելի մեծ ընտրել, քան միջավայրի անշարժ բաղադրիչները, որպեսզի տան մեջ բոլոր առարկաները՝ ներառյալ դռներն ու պատուհանները, գերակա դերերում հայտնվեն: Այդ դեպքում՝ ըստ սկանդինավների, կունենաք կատարյալ հավասարակշռություն:

Սկանդինավյան ննջասենյակի կատարյալ օրինակ

Սենյակի բոլոր անկյունները պետք է առաջնային լինեն և իրենց ուրույն դերակատարումն ունենան համընդհանուր պատկերում:

Պարզությունից և համաչափությունից զատ, սկանդինավյան ոճի կարևոր բաղադրիչներից է նաև իրերի ներդաշնակությունը, քանզի հենց ներդաշնակության շնորհիվ է, որ մարդն իրեն շրջապատող միջավայրի ամբողջ տարածքում գտնվելու է բարեհաճ տրամադրության մեջ:

Սկանդինավյան ոճին սկզբնական շրջանում տրվել է «Hygge» անվանումը, բառացիորեն նշանակում է հարմարավետություն: Այո, հենց հարմարավետություն կգտնեք շվեդական հանրահայտ ԻԿԵԱ կահույքի և տան պարագաների խոշորագույն ընկերության ողջ տեսականու մեջ, դրան են միտնած նաև Apple −ի և iPhone −ի ապրանքները:
Սկանդինավյան ոճաբաններն իրենց ավանդույթները ներդրել են եվրոպական մշակույթի, ճարտարապետության և արտադրության ոլորտում դեռ 20-րդ դարասկզբում: 1920-30 թվականներին դանիական արդյունաբերական ձեռնարկությունները ստիպված էին մրցակցել եվրոպականների հետ, հետևաբար հաճախորդին գրավելու համար հարկավոր էր ապացուցել սկանդինավցիների ոճական առավելությունը, իսկ դա կարելի էր անել, եթե առաջին պլան մղվեին ձեռքի աշխատանքներ, որոնք շատ արագ կարող էին տեղափոխվել հոսքագծերի վրա, որտեղ էլ հենց դանիական արտադրողները ընդգծված առավելություն ունեին իրենց մրցակիցների նկատմամբ:

Դանիական ձևավորման արվեստը լայն գործածության մեջ դնելու նպատակով, 1920 թվականի սկզբներին դանիացի գործարար Ֆրեդերիկ Լուննինգը (1866 –1935) Նյու-Յորքում մի փոքրիկ խանութ է բացում, որտեղ վաճառքի են հանվում Սկանդինավիայից բերված ապրանքներ՝ Գեորգ Յենսենի հեղինակային արծաթագործական իրերը, Կայ Բոյսենի փայտյա խաղալիքները և Կոպենհագենի թագավորական արտադրամասերում պատրաստված զանազան ապրանքանմուշներ:

1951 թվականից ուժի մեջ է մտնում Ֆրեդերիկ Լուննինգի մրցանակը, այսպես կոչված «Սկանդինավյան ոճի նոբելյան մրցանակ», որը տրվում է երկու տարին մեկ պարբերականությամբ լավագույն երկու սկանդինավցի դիզայներներին: Լուննինգի մրցանակին 1951-1970 թվականներին արժանացել են բազմաթիվ տաղանդավոր դիզայներներ Դանիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից, Շվեդիայից:



Սկանդինավյան ոճի ձևավորման ու առաջընթացության համար արժանին պետք է մատուցել նաև Ֆրեդերիկ Լուննինգին:

Որ գույներն են գերակշռում սկանդինավյան ոճով ձևավորված տարածքներում կիմանանք քիչ անց, իսկ այժմ եկեք միասին դիտենք անչափ հետաքրքիր մի տեսանյութ, որը հանգստություն և գեղագիտական հաճույք կպատճառի ձեզ.

Սպիտակի և սևի կիրառության մասին վերոշարադրյալ հատվածում արդեն խոսեցինք, այժմ դիտարկենք մյուս գույները: Սպիտակի հետ կարելի է համադրել կարմիրը կամ կապույտը, այդ օժանդակ գույները սենյակին լրացուցիչ հարմարավետություն կհաղորդեն: Ճիշտ կիրառելու դեպքում փակ տարածությունն ավելի ընդարձակ կերևա: Սենյակի պատերը կամ վարագույրները նույնպես կարելի է ընտրել կարմիր կամ կապույտ գունավորմամբ: Հյուրասենյակում, խոհանոցում, ննջասենյակում կամ այլուր կարող եք գնել կահավորանքի գունավոր առարկաներ, որոնցով լի են շվեդական կամ դանիական համապատասխան խանութները:

Սկանդինավիայում սիրում են շենք-շինությունների արտաքին պատերը ներկել կարմիր, կապույտ, երբեմն էլ այլ հիմնական գույներով: Շատ տեղերում գունավորում են անգամ եկեղեցական շինությունները.

Սկանդիավյան հոգևոր տներից մեկն է՝ երանյալ խաղաղության մեջ

Սկանդինավյան տներում և հյուրանոցներում հաճախ կարող եք տեսնել հին արժեքավոր իրեր` գրքեր, նկարներ, արվեստի գործեր, որոնք տերերը ձեռք են բերում հնահավաք վաճառանոցներից կամ մասնավոր հնագրավաճառներից, իսկ դա լիովին տեղավորվում է սկանդինավյան ոճի շրջանակներում:

Սկանդինավյան ոճով ձևավորված բնակարան

Մեր առօրյան բազմաթիվ խնդիրներ է առաջադրում և դրանցից շատերը անախորժություններ են պատճառում մեզ կյանքում, քանի որ մենք մեքենայորեն փորձում ենք լուծումները փնտրել թվային դաշտում։ Ճիշտ է համընդհանուր զարգացումը օգտակար է և, անգամ, անհրաժեշտ արդի պայմաններում, սակայն մենք նաև տեսնում ենք, որ արհեստական բանակցության ներմուծումը կյանք և ժամանակակից տեխնոլոգիաները փոխարինում են մեր պարզ մարդկային փոխազդեցությունները, մեր ֆիզիկական ակտիվությունը և նյութականության և ընկալման մեր փորձը, ինչը հանգեցնում է ստանդարտացման բարձրացման:

Սկանդինավյան ոճն այստեղ ևս փորձում է հավասարակշռել ստեղծված իրողությունը: 2022 թվականի փետրվարից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում բացված անչափ հետաքրքիր ցուցահանդեսն այդպիսի նպատակ է հետապնդում: Ցուցահանդեսում ներկայացված են դանիական ոճով ձևավորված գործվածքներ, գորգեր և գրաֆիկական աշխատանքներ, որի հեղինակը Դանիայի բազմատաղանդ դուստր, դիզայներ Քիրստեն Սկաու-Յորգենսենն է:

Դիզայներ Քիրստեն Սկաու-Յորգենսենը ցուցահանդեսում. Կոպենհագեն, 2022


Քիրստեն Սկաու-Յորգենսենի աշխատանքները ուսումնասիրում են մարդկային ներաշխարհը, նրան մղում են դեպի բնություն, փորձում են զերծ պահել նրանց մեքենաների վնասակար ազդեցությունից: Ցուցադրվում են մատիտով կատարված էսքիզներ, թվային եղանակով տպագրված գործվածքներ և ինքնատիպ գորգեր և, տեխնածին առարկաների համադրմամբ, բնանյութեր: Ցուցադրվում են նաև նրբաճաշակ ֆիլմեր, որոնք երբեմն տեսողական պատրանքներ են առաջացնում հանդիսատեսի մոտ: Ցուցանմուշների մեջ կան նաև շարժողական բաղադրիչներ. օրինակ փոքրիկ ճյուղերը շարժվում են և մարդու մոտ ստեղծում տարբեր զգացողություններ: Առկա է և հավասարակշռություն, և՛ լճացում, և՛ իրարանցում, և՛ պառակտում ու բախում։ Եվ այնուամենայնիվ առաջին պլան է մղվում հավասարակշռությունը, և իհարկե մարդիկ, որոնց հույզերը փոխակերպվում են վստահության, սիրո և հարգանքի:

Քիրստեն Սկաու-Յորգենսենը կարծում է, որ մեքենաները, աստիճանաբար ընդունելով այդ զգացմունքները որպես պարտադրանք՝ առաջադրված մարդու կողմից, ի վերջո կընդունեն մարդկանց ու բնության գերակայությունն իրենց նկատմամբ:

Սկանդինավյան ոճի առանձնահատկություններին հանգամանալից ծանոթանալու համար հարկավոր է նախ հետևել հետևյալ պայմաններին.

ա. օգտագործեք բնական իրեր և իրական ծաղիկներ, ինչպես սպիտակ, այնպես էլ մոխրագույն երանգավորումներով,
բ. ջերմ մթնոլորտ հաստատեք, օգտագործելով փայտե իրեր և կանաչ բույսեր,
գ. սենյակում ուշադրության առարկա դարձրեք ծաղկամանները և դռան ինքնատիպ բռնակները,
դ. եթե հազվագյուտ գտածոներ ունեք, դրեք սենյակի երևացող հատվածում,
ե. անհապաղ ազատվեք ավելորդ կահույքից ու իրերից,
զ. ավելացրեք բույսերի քանակը,
է. լուսավորեք սենյակը և վառ գույներ օգտագործեք, որպեսզի տարածքը մեծացնեք լուսավորության հաշվին,
ը. օգտագործեք բնական լույսը և խուսափեք պայծառ լամպերից,
թ. սենյակներում հնարավորինս նվազեցրեք մութ տարածությունները,
ժ. ամեն ինչ պետք է լինի կիրառական և վայելչագեղ,
ի. մի ձգտեք հասնել առավելագույնին,
լ. տարածքը քիչ աղտոտեք,
խ. հատուկ ցուցատախտակ ստեղծեք, ուր տեղ կգտնեն ոգեշնչող լուսանկարներ կամ պատկերներ,
ծ. պատերին նկարներ ավելացրեք՝ ձեր նախընտրած շրջանակներով,
կ. հյուրասենյակի հատակը ծածկեք ձեր ինքնատիպությունը շեշտադրող գորգով,
հ. խուսափեք մութ ու տրտմություն հաղորդող գույներից,
ձ. կենտրոնացեք ծավալուն քանդակների, փորագրված և այլ տպավորիչ իրերի վրա,
ղ. հաճախակի չօգտագործվող իրերը հեռացրեք աչքից, պահեք պահարաններում,
ճ. ձեռք բերեք իրեր, որոնք պատրաստված են բնական և որակյալ նյութից,
մ. փնտրեք ուղիներ և միջոցներ մաքուր օդը սենյակ մղելու համար...

Ահա այն մինիմալ պահանջները, որոնց տեղյակ լինելով, կարող եք փոխել ձեր ապագան և սկանդինավյան ոճը կդառնա նաև ձեր սեփականությունը...

Տեղեկացված եղեք...
Երազները իրականության վերածել կարողացեք...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Սկանդինավյան ոճով կահավորված հյուրասենյակՍկանդինավյան ոճով կահավորված հյուրասենյակ

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ: