Սուրբ Լյուսիան, Լյուսիֆերդան և փոքրիկ Յուլը

Լուսանկարում Սուրբ Լյուսիայի տոնին նվիրված տիկնիկներն են ձեռքերում մոմեր պահածԼուսանկարում Սուրբ Լյուսիայի տոնին նվիրված տիկնիկներն են ձեռքերում մոմեր պահած
Սուրբ Լյուսիա մեզ ապավեն
Դեկտեմբերի 13-ին ամբողջ սկանդինավյան աշխարհը նշում է Սուրբ Լյուսիայի տոնը կամ Սանտա Լուչիայի (ինչպես նշում են Իտալիայում) և գուցե Սուրբ Լույսի(եթե այն նշեին Հայաստանում)...

Շնորհավորում ենք ամենքիդ Սուրբ Լյուսիի տոնի կապակցությամբ:

Տոնախմբությունը նշվում է Սիրակուզիայի միանձնուհի Լուչիայի պատվին, ով դեռևս IV դարում վտանգելով կյանքը հալածյալ քրիստոնյաներին` իրենց մութ թաքստոցներում գոյատևելու համար, հաց ու լույս էր բերում: Հռոմի Կայսր Գայոս Ավրելիանոս Վալերիանոս Դիոկղետիանոս Օգոստոսը, ի դեպ ում շնորհիվ Հայոց Արքայի գահին նստեց Տրդատ Գ Մեծը, հալածում էր քրիստոնյաներին, և այդ էր պատճառը, որ շատերը փրկություն էին գտնում մութ քարանձավներում պահ մտնելով:
Եվ այդպես, անվեհեր ու առաքինի Լյուսիան հաց բերելիս կենարար լույսը կրում էր գլխին, իսկ ձեռքերը ազատ էր պահում, որպեսզի կարողանա հնարավորինս շատ ուտելիք բերել սովյալներին: Նա գլխին դնում էր վառված մոմերով զարդարված հատուկ պսակ, այդկերպ ներկայանալով երանյալ քրմուհու գալուստին սպասող ամենուրեք սփռված, մթնախորշերում տառապող քրիստոնյաներին: Ահա այս անձնվիրությամբ տոգորված եղելությունն է, որ հիմնավորվել է հիասքանչ տոնի ակունքներում ու մեզ թույլ է տալիս այսօր վայելել մեծ տոնախմբության հմայքն ու պերճանքը:
Սուրբ Լյուսիան՝ տոնախմբության գլխավոր հերոսուհին, ներկայանում է ճերմակ երկայնահանդերձ զգեստով, որը հաճախ կրում են պարմանուհիներն ու պատանիները մկրտության ժամին, և անպայման կարմիր գոտիով: Սպիտակ շրջազգեստը խորհրդանշում է անաղարտությունը, իսկ կարմիր գոտին՝ որպես արյան բիծ, խորհրդանշում է նահատակությունը: Անեղծ միանձնուհու ձեռքում սինի է, որի վրա զաֆրան համեմունքով թխված բլիթներ կան: Այո, քրքումի ծաղկի կարմիր առէջները խորհրդանշական լրացումն են տոնախմբության ընթացակարգի:
Թխվածքները թող շատանան, կեցցե Սանտա Լյուսիան


Կաթոլիկ և բողոքական եկեղեցիներում տոնակատարությանը մասնակցում են նաև պատանիները, իսկ զաֆրանե թխվածքաբլիթները տեսքով նմանակում են Սուրբ Ստեփանոսին կամ նիսեներին ու տոմտեներին:

Սուրբ Լյուսիի տոնը մեծ շուքով են նշում նաև Իտալիայի ողջ տարածքով մեկ, Խորվաթիայում, Դալմաթիայում և Հունգարիայում, որտեղ հենց այդ ժամանակ է, որ ցանում են ցորենի հատիկներ, որպեսզի Ծննդյան տոնին այն ծլարձակի և ունենա մի քանի սանտիմետր հասակ:


Տոնը Սկանդինավյան երկրներում անվանում են նաև Փոքրիկ Յուլ: Այդ մասին մենք կպատմենք ձեզ ստորև, կպատմենք տոնի հետ կապված տրոլների ու չար ոգիների մասին, որոնք տոնախմբության գիշերը կարող են անգամ հայտնվել խրճիթներում, ծխնելույզից իջնել վար, ու եթե նրանց չդիմավորեք համապատասխան գործողություններով, ապա ձեզ չի փրկի անգամ Սանտա Լյուսիան՝ իր մոմերի հավերժափայլ լույսով...
Տոնակատարության սկանդինավյան տարընթերցումը նկարագրելուց առաջ, եկեք վայելենք կախարդանքով լեցուն մի երգ, որը կատարում է հեղինակը՝ չքնաղ շվեդուհի, երգահան Յոննա Յինտոնը...
Տեսանյութը դիտելուց անմիջապես հետո, կծանոթանաք շվեդական այս գողտրիկ երգի արևելահայերեն թարգմանությանը: Բարի վայելում...

Լույսը խավարում,

Գիշերային ծանր քայլքով շուրջ բոլորը տան ու բակի,
Երբ արևը լքում է մեզ, ստվերներն են պատում երկրին:
Երազները թևատարած դյութանքներ են շաղում վերից,
Վառիր ճերմակ մոմերը Քո, Սո՛ւրբ Լյուսիա առաքինի:

Կախարդանքները, ուժերը մութ լույսիդ առաջ ծունկ են չոքում,
Երանելի ցոլքն է լույսիդ ամենքիս պահապան դառնում:
Երազները թևատարած դյութանքներ են շաղում վերից,
Վառիր ճերմակ մոմերը Քո, Սո՛ւրբ Լյուսիա առաքինի:

Աստղերն են մեզ ուղղորդում, որ հարթենք մեր ճանապարհը,
Պայծառափայլ անեղծ քրմո՛ւհի, թող առկայծի հար հմայքդ:
Երազները թևատարած դյութանքներ են շաղում վերից,
Վառիր ճերմակ մոմերը Քո, Սո՛ւրբ Լյուսիա առաքինի:
(շվեդերենից թարգմ. Յակոբ Էնկիի)

Մեծ ուրախությամբ թույլ տվեք նշել, որ մեր ինտերակտիվ կապը սկսել է աշխատել, և մենք Սկանդինավիայից սկսել ենք արձագանքներ ստանալ: Դաղբաշյանների ընտանիքը հեռավոր Շվեդիայից, Սուրբ Լյուսիայի տոնի կապակցությամբ, ուղարկել է իրենց չքնաղ դստրիկի և անվեհեր որդու այս տարվա տոնական բեմականացումը պատկերող մի ջերմ ու խորհրդավոր ընտանեկան լուսանկար և այն մեծ խանդավառությամբ ուզում ենք ամրագրել մեր կայքում:

Հայ մանուկները շվեդական Սուրբ Լյուսիայի տոնին


Այժմ անդրադառնանք Սկանդինավիային և մի փոքրիկ պարզաբանում մտցնենք IV դարում սկիզբ առած իրադարձության և այն դեպի հյուսիս տեղափոխելու մասին:
Եվ ուրեմն, քրիստոնեության տարածումը հյուսիսային երկրներում տարածելու միտումով բազմաթիվ քարոզիչներ միջնադարում մուտք են գործում սկանդինավյան աշխարհ և իրենց հետ բերում են նաև Սուրբ Լյուսիայի հետ կապված չքնաղ պատմությունը: Անեղծ պարմանուհու կողմից խավարի ու սովի ճիրաններում ակամա հայտնված կարիքավորներին բերված լույսն ու հացը, պատկերացնում եք, ինչ մեծ նշանակություն պետք է ունենար հյուսիսային ծովերի ափերին բնակվող սկանդինավցիների համար, այն էլ դեկտեմբեր ամսին, երբ արևն իր ջերմով չէր տաքացնում նրանց, իսկ կարճ ու անլույս օրերը լի էին ամառվա կարոտով:
Ենթադրվում է, որ Սուրբ Լյուսիայի տոնը Սկանդինավիա է եկել, փոխարինելու հեթանոսական Յոլին: Հին օրերում նույնպես խավարի ու լույսի ոգիները պայքարի մեջ էին գտնվում: Լյուսիի դերակատարությունը հեթանոսական շրջանում Սկանդինավիայում վերապահված էր դեկտեմբերի 13-ի գիշերը երկնքով սլացող ծեր կնոջը, ում անվանում էին Լյուսիֆերդա: Լյուսիի գիշերվա և բուն Յուլի միջև ընկած ժամանակահատվածում վերակենդանանում էին տրոլներն ու մնացյալ չար ոգիները, որոշ դեպքերում մեռած մարդկանց հոգիները և սլանում էին երկնքով՝ հետևելով Լյուսիֆերդային: Բայց ամենավտանգավորը հենց Լյուսիի գիշերն էր, երբ խորհուրդ չէր տրվում մնալ տանը: Օրինակ, եթե տանը չար երեխաներ կային, ապա պետք է անպայման զգուշանային, քանի որ սավառնող տիկինը կարող էր տան ծխնելույզով վար իջնել ու իր հետ երկինք տանել չարաճճի մանուկներին, իսկ եթե նրանց բախտը բերեր ու Լյուսիֆերդային կարողանային համոզել, ապա հարկ կլիներ ինչ-որ դժվարին առաջադրանք կատարել ու մինչև բուն Յոլի տոնախմբությունը ներկայացնել ծեր կնոջ դատին: Եվ այդպես, Լյուսիի գիշերը արթուն մնալու համար, հարկավոր էր կրակը վառ պահելով շուրջպար բռնել և ուրախանալ ու պարել, որպեսզի աչալուրջ լինելով դիմակայեին ահավիրքը: Դե իսկ չար ոգիները ճարահատյալ անվերջ թռչում էին երկնքով մեկ, թափառում էին տնամերձ անտառներում, լողում էին մոտակա լճերում ու գետերում ու ապարդյուն սպասում, թե մարդիկ երբ են հոգնելու իրենց երգ ու պարից, որպեսզի հարձակվեն ու գողանան նրանց հոգիները:

Վալկիրիաները Ավագ Էդդայում


Լյուսիֆերդայի դերակատարությունը մեկնիչներից շատերը վերագրում են վալկիրիաներին՝ Օդինի քաջ ռազմուհիներին, որոնց մասին կատարյալ տեղեկություններ կքաղեք, եթե ձեռք բերեք ու կարդաք Անտարես հրատարակչության կողմից լույս ընծայված «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսի արևելահայերեն թարգմանությունը: Դուք այն կարող եք ձեռք բերել Երևանի բոլոր գրախանութներում կամ Դարան գրախանութի միջոցով Արցախում և արտասահմանյան երկրներում:

Սկանդինավիայում շատերն այս տոնը կապում են վիկինգների դարաշրջանում ասպարեզ եկած «Օսկորեյա» տոնի հետ, այսպես կոչված «Վայրի որսի» հետ, որը տեղ է գտել անգլո-սաքսոնական հին ձեռագրերում, հետագայում մտնելով հին նորվեգական առասպելների մեջ փոխակերպվել է «Åsgårdsreia»՝ Ասգարդի հեծյալներ, տարբերակի, անգամ անվանվել է «Julereia», աստիճանաբար մոտենալով Ծննդյան տոների հեծյալներ իր վերջանվանմանը: Կարծիքներ կան, որ այստեղ խոսք է գնում Վալկիրիաների մասին, որոնք երկնքից սրընթաց արշավելով մարտի դաշտ կամ գիշերային բնակատեղիների վրա, իրենց հետ Վալհալա էին տանում ընկածներին:
Ինչևէ, կարծում ենք հետագայում մեզ առիթ կընձեռնվի ավելի մանրամասն ներկայացնել այս ամենի մասին, իսկ հիմա բավարարվենք Սուրբ Լյուսիի տոնի կապակցությամբ վերոշարադրյալ բացահայտումներով և շարունակենք հետևել «Սկանդինավյան աշխարհի» նոր անակնկալներին: Վերջաբանի փոխարեն վայելենք Յոննա Յինտոնի թողարկած տեսանյութերից ևս մեկը... Բարի վայելում...


Էանում ենք երազելով...

Լուսանկարում Սուրբ Լյուսիայի տոնին նվիրված տիկնիկներն են ձեռքերում մոմեր պահածԼուսանկարում Սուրբ Լյուսիայի տոնին նվիրված տիկնիկներն են ձեռքերում մոմեր պահած

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Նկարում սպիտակամորուք երեք թզուկներ են ձյուն դրած խոտերի առջև Նկարում սպիտակամորուք երեք թզուկներ են ձյուն դրած խոտերի առջև

Յուլը, Հոկոն Բարեգութը, Նիսեն և Ծննդյան տոները

X դարից սկսած Նորվեգիայի թագավոր Հոկոն I Բարեգութի հրամանով հեթանոսական Յուլը՝ պահպանելով իր անվանումը, փոխակերպվեց Սուրբ Ծննդյան տոների
Նկարում Ֆինլանդիան է՝ ձներով ծածկված եղևնիներով և հյուսիսափայլով Նկարում Ֆինլանդիան է՝ ձներով ծածկված եղևնիներով և հյուսիսափայլով

Բևեռափայլը, Յուլուպուկին և հեքիաթային Ռովանիեմին

Ասում են XI դարում Հայաստանում դիտվել են թվով չորս բևեռափայլեր: Հաջորդիվ մատուցվող նորություններից մեկում կպարզաբանենք մեր ընթերցողների հետ...