Տրոլ — առասպել, հեքիաթ, թե՞ իրականություն

Նորվեգական հեքիաթների և դյուցազնավեպի վրա տրոլով նկար է դրվածՆորվեգական հեքիաթների և դյուցազնավեպի վրա տրոլով նկար է դրված
Առասպելի, հեքիաթի և իրականության միջնագծում

Նորվեգացիների զգալի մասը հավատում է տրոլների գոյությանը: Այո, այդ տարօրինակ էակների գոյությանը հավատում են մեկ տարեկանից մինչև հինգ տարեկան նորվեգացի բոլոր երեխաները, իսկ մեծահասակները, չնայած այդ հարցում ավելի զուսպ են, այնուամենայնիվ ակնածանքով չեն վերաբերվում դրան:
Հազարամյակների խորքից հայտնի դարձած այդ անհասկանալի հրեշների մասին սկանդինավյան աշխարհի բնակիչները երևակայական պատմություններ են հորինել և իրար պատմել, իբրև իրենք տրոլներին հանդիպել են լեռներում, անտառներում ու քարանձավներում: Ժամանակակից սկանդինավցիներից շատերը պնդում են, որ տրոլները իրական են: Իհարկե, գիտությունը հերքում է, որ հեքիաթային էակները ժամանակին իրական են եղել, սակայն որոշ գիտնականներ տրոլներին համարում են բրածո կենդանիներից սերված ու փոխակերպված արարածներ, այդ փոխակերպումը մասնավորապես վերագրելով մամոնտներին, քանի որ նրանք բազմաթիվ նմանատիպ հատկանիշներով են օժտված — ունեն հսկայական չափսեր ու փարթամ մազածածկույթ, դանդաղաշարժ են և երբեմն իրենց ահռելի ուժով փորձում են վնասել մարդուն:
Տրոլներին հաճախ նույնացնում են յոտունների և այլ հսկա-հրեշների հետ: Այդ մասին են վկայում նաև սկանդինավյան առասպելները, ավանդազրույցները և հեքիաթները:

Քանի դեռ կա Ավագ Էդդան, Քար կդառնա տրոլ-հսկան

Սկանդինավյան դիցաբանության մեջ գլխավոր դերերում հանդես եկող չար ու կործանարար հսկա յոտունները, որոնց դեմ Օդինի գլխավորությամբ դուրս են գալիս մարտնչելու սկանդինավյան հին աստվածները (հատկապես Թորը իր կայծակնացայտ Մյոլնիր մուրճով), «Ավագ Էդդա» էպոսի գրեթե բոլոր երկերում հաճախ ներկայացվում են ավելի հանդուրժող ու կառուցողական, քան հենց իրենք՝ աստվածները: Յոտունները, որոնց ի սկզբանե վերապահված է գործել ի բարօրություն մարդկանց, այնուամենայնիվ սկանդինավյան դիցաբանության մեջ հանդես են գալիս որպես չար հրեշներ: Հսկաներին հաճախ տրվում է տրոլ անվանումը (troll, trǫll), որը հին սկանդինավյան լեզվից թարգմանաբար նշանակում է չարք, դև, դարձվորյակ, կախարդված: Գերբնական այդ էակները՝ տրոլները, իրենց դիրքերը վաղուց ամրագրել են սկանդինավյան առասպելներում, ավանդազրույցներում և հեքիաթներում:

Տասներորդ դարից սկսած Եվրոպայի հարավից մուտք գործող քրիստոնեությունը, աստիճանաբար տարածվում է հյուսիսային ժողովուրդների մոտ: Վիկինգների մոտ խոր արմատներ գցած հին հեթանոսական ավանդույթները բախվում են նոր կյանքի ավետաբեր և նոր արժեքներ ներկայացնող քրիստոնեական քարոզների հետ, որոնք հյուսիսցիների կողմից ընկալվում են որպես վտանգ և նրանց ստիպում հաճախ դաժան հաշվեհարդար տեսնել դրանց տարածողների դեմ։ Գուցե հենց այդ ժամանակ է, որ տրոլները, ի դեմս Նորվեգիայի ամենահայտնի թագավորներից մեկի՝ Սուրբ Օլաֆի (Olaf II Haraldsson), ձեռք են բերում ոխերիմ թշնամի և, հավանաբար, հին վիկինգներից ժառանգելով քրիստոնյաների դեմ կռվելու սովորույթը, մինչ օրս շարունակում են իրենց թիրախում պահել քրիստոնյաներին և հնարավորության դեպքում հարձակվել նրանց վրա: Բայց մարդիկ նույնպես հզոր զենքեր ունեն այդ անճոռնի հրեշների դեմ — օրինակ՝ լույսը, խաչը, եկեղեցու ուժգին զանգերը:
Տրոլները սարսափում են արևից և իրենց որջերից որսի են դուրս գալիս հատկապես գիշերը: Լույսից նրանք քարանում են և զուր չէ, որ սկանդինավյան աշխարհում լայն տարածում գտած առանձնահատուկ տեսք ընդունած ժայռերը տեղաբնակները համարում են քարացած տրոլներ, նրանց տալով հատուկ անուններ:

Տրոլ Պապիկն ու Տրոլ Տատիկը անտառում

Տրոլները ունեն երեքից ութ մետր կամ ավելի բարձր հասակ, ունեն երեք, վեց կամ ավելի գլուխներ, օժտված են անճոռնի քթով, իսկ ամենակարևորը, տգեղ են, դանդաղաշարժ և հիմար: Նրանք հաճախ նմանվում են առանձնահատուկ գրոտեսկային բնութագիր ունեցող մարդկանց և ընդօրինակում են նրանց վարվելաձևերը:
Տրոլների մասին բավարար տեղեկություններ են զետեղված սկանդինավյան դիցաբանության հիմնաքարը հանդիսացող «Ավագ Էդդա» էպոսի գրեթե բոլոր երկերում:

Տրոլները մեծ են, բայց Ավագ Էդդան ավելի մեծ է

Էպոսում սկանդինավյան աստվածներն ու հերոսները շարունակաբար մարտնչում են գերբնական էակների և հսկա-հրեշների դեմ, որոնք ձգտում են կործանել աստվածների կողմից հսկվող տիեզերական կանոնակարգը, սակայն ո՛չ աստվածային ամենակարողությունը, ո՛չ տրոլների կործանարար անհանդուրժողականությունը չեն կարող խախտել տիեզերական աներեր կառուցվածքը, քանզի և՛ աստվածների, և՛ մարդկային սերունդների, և՛ ամենազոր Տիեզերքի տեր ու տիրակալը ամենակարող Ճակատագիրն է։ Իսկ այդ ճակատագիրը ոչ միշտ է բարեհաճ հսկա տրոլների հանդեպ և նրանց ամեն անգամ տանում է դեպի դաժան կործանում:

Թեկուզ տրոլը կապից պոկվի, Գրքի լույսից քար կկտրի

Տրոլների մասին բազմաթիվ պատմություններ կգտնեք նաև նորվեգական ժողովրդական բանահյուսության ասպարեզում զգալի հետք թողած Նորվեգիայի պանծալի զավակներ Պետեր Քրիստեն Ասբյորնսենի և գերապատվելի Յորգեն Մուի կողմից խնամքով հավաքագրված «Նորվեգական կախարդական հեքիաթներ և ժողովրդական ավանդազրույցներ» փառահեղ ժողովածուի բնագրից հայերեն թարգմանված և «Անտարես» հրատարակչության կողմից 2020 թվականին հայ ընթերցողին ներկայացված «Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» պատկերազարդ գրքում:

Տրոլների մասին տեղեկանալ սիրում են ամենքը


Տրոլներին աչքաթող չեն արել նաև սկանդինավյան մյուս հանճարեղ գրողները, երաժիշտները և նկարիչները — Հենրիկ Իբսենը, Էդվարդ Գրիգը, Աստրիդ Լինդգրենը, Հանս Քրիստիան Անդերսենը, Զախարիաս Թոփելիուսը, Ջոն Թոլքինը, Պոլ Անդերսոնը և թող ներեն բոլոր նրանք, ում չկարողացա ընդգրկել սույն ցուցակում, քանի որ նրանք անթիվ-անհամար են: Ինչպես չհիշենք նորվեգական հանրահայտ «Պեր Գյունտ» հեքիաթի հիման վրա գրված Հենրիկ Իբսենի հանրահայտ գլուխգործոցը, որին իր չքնաղ երաժշտությունն է ներդաշնակել մեկ այլ հանճարեղ նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգը: Եկեք մի պահ ընդմիջենք և վայելենք «Պեր Գյունտ» սիմֆոնիկ սյուիտից «Լեռնային թագավորի քարայրում» հատվածը.


Անգլիացի հանրահռչակ գրող և բանասեր Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» ստեղծագործություններում, որի համար հիմք են հանդիսացել «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսի երկերը, տրոլները ներկայանում են մի փոքր այլ կերպ: Ճիշտ է, նրանք աժդահա են և չար, սակայն երբեմն բարեհոգություն են ցուցաբերում և բնավ նման չեն սկանդինավյան դիցաբանությունում տեղ գտած իրենց նախապապերին:

Գրենդել անվամբ տրոլի և նրա հրեշածին մոր հետ է մարտնչում տասներորդ դարում գրառված «Բեովուլֆ» (Beowulf) անգլո-սաքսոնական հանրահռչակ էպիկական պոեմի գլխավոր հերոս Բեովուլֆը և հաղթանակած դուրս գալիս:

Տրոլներին հաղթում է լույսը, այլ ոչ տեսախցիկը

Տրոլները տեղ են գտել նաև կինոարվեստում: 2010 թվականին նորվեգացի տաղանդավոր սցենարիստ և ռեժիսյոր Անդրե Օվրեդալի կողից հանդիսատեսին է ներկայացվում «Տրոլների որսորդը» պսևդովավերագրական կինոնկարը, որը անմիջապես իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային կինեմատոգրաֆի փառահեղ էջերից մեկում:

Իրականության և հեքիաթայինի շփման եզրագծով ընթացող այս անչափ հետաքրքիր կինոնկարը պատմում է տրոլների դեմ պայքարող անվախ որսորդ Հանսի մասին, որի գիշերային սարսափազդու արկածները փորձում են տեսագրել ոչ պակաս անվեհեր նկարահանող խմբի անդամները: Խորհուրդ կտայինք անպատճառ նայել այդ ֆիլմը.

Համաշխարհային կինոարտադրությունը բազմիցս անդրադարձել է հսկա-հրեշներ Քինգ-Քոնգին և Գոձիլային ու նրանց մասին բազմաթիվ կինոնկարներ են հանձնվել մեծ էկրանի սիրահարների դատին: Եվ իհարկե, արդար չէր լինի, եթե այդ ասպարեզից դուրս մնային սկանդինավյան տրոլները: Զուր չէ, որ 2022 թվականին ամերիկյան հանրահռչակ «Նեթֆլիքս» ընկերությունը կինոդիտողներին ներկայացրեց ֆանտաստիկ ժանրով նկարահանված «Տրոլ» դիտարժան ֆիլմը: Խորհուրդ կտայինք նայել նաև այս կինոնկարը.


Ու այսքանից հետո մաղթում ենք բարի գիշեր և խաղաղ երազներ...
Երազը իրականության գեղաշուք արտապատկերն է...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Նորվեգական հեքիաթների և դյուցազնավեպի վրա տրոլով նկար է դրվածՆորվեգական հեքիաթների և դյուցազնավեպի վրա տրոլով նկար է դրված

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև