Դանիական պանիրների աշխարհում

Դանիական պանիրների տեսականին և կտրատած հացԴանիական պանիրների տեսականին և կտրատած հաց
Հաց ու պանիր, կեր, վայելիր

Բոլոր դանիական պանիրները պատրաստվում են կովի կաթից:
Պանիրը Դանիայի ավանդական և ժամանակակից սննդի մշակույթի կարևոր մասն է:

Դանիական կով №00128

Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը այն ճաշասեղանին դնելը թանկարժեք շքեղություն էր համարվում, բայց պանիրը շատ արագ ընդգրկվեց դանիացիների հիմնական սննդակարգում և լայն տարածում գտավ ամբողջ երկրով մեկ:

Դանիական պանիրների մասին ընդհանուր կարծիք կազմելու համար, կարելի է այցելել Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի կենտրոնում գտնվող Osten Ved Kultorvet պանիրների մասնագիտացված խանութ, որի տեսականին ամբողջովին օրգանական է: Այստեղ դանիացիները և մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկները կարող են համտեսել և գնել իրենց նախընտրած ցանկացած տեսակի պանիր, իսկ դրանք բազմազան են և տեսակով, և համերով: Ավելի ստույգ պատկերացնելու համար հավելենք, որ այս խանութը ձեզ կհրամցնի 120 տեսակի էկոլոգիապես անարատ և օրգանական պանիրներ: Սկզբնական շրջանում խանութը նախատեսել է իրականացնել մեծածախ առևտուր, սակայն ֆերմերներց երկուսի մտքով անցել է պանիրները վաճառել նաև մանրածախ եղանակով՝ հենց խանութից:

Ստորև կներկայացնենք այդ պանիրներից մի քանիսը...

BERNSTEIN GRUBÉ (Սաթե քարանձավ)

Գաուդայի նմանությամբ այս պանիրը կատարյալ է պանրագործ սկսնակների համար, քանի որ այն աներևակայելի յուղալի է, փափուկ ու մեղմ:

«Սաթե քարանձավ» (Bernstein Grubé) կոչվող պանիրը արտադրվում է Դանիայի Յուտլանդիա կղզում գտնվող Հյերմ քաղաքում: Պանիրը կրաքարային քարանձավում հասունացվում է առնվազն 20 շաբաթ: «Սաթե քարանձավ» պանիրը փափուկ է ստացվում յուրահատուկ խոնավության շնորհիվ, քանի որ ջուրը նրանից դանդաղ է գոլորշիանում: Այն հարուստ է համերով և էականորեն տարբերվում է մյուս պանիրներից:

Նույնատիպ պանիր ունեն նաև շվեդները, սակայն շվեդական խոհանոցի մասին կխոսենք մեր մյուս հոդվածներում:

BENEDICT ESROM (Բենեդիկտյան Էսրոմ)

Դանիական (BENEDICT ESROM ) սերուցքային սպիտակ պանիրն իր անունը ստացել է առաջին անգամ Բենեդիկտյան միաբանության Էսրոմ վանական համալիրում պատրաստվելու շնորհիվ: Բենեդիկտյան Էսրոմ ծակոտկեն պանիրը՝ պատրաստվելուց հետո պատվում է մեղրամոմով, ինչը դանդաղեցնում է հասունացման ընթացքը և նրան հաղորդում փափկություն ու յուրահատուկ համ: Հնեցման ժամանակը տևում է երկու շաբաթ:

ELBO (Էլբո)

Վեց ամիս հնեցմամբ Էլբո կիսաթանձր պանիրը դանիական դասական ուտեստ է, որը ընդգրկված է գրեթե բոլոր լանչ փաթեթներում: Այն պատրաստվում է գոմեշի կաթից և բաղադրությամբ շատ նման է չեդեր պանրին:
Էլբոն բավականաչափ սուր է, որպեսզի ունենա վառ արտահայտված համ՝ միաժամանակ մնալով բավական չեզոք՝ վայելելու համար այն բազմաթիվ տեսակի հացերի, կրեկերի, ջեմի կամ մրգերի հետ:

FYRMESTER (Փարոսապահ)

Կովերը, որոնց կաթից արտադրում են Fyrmester պանիրը, արածում են Հյուսիսային ծովի երկայնքով: Պանիրը արտադրվում է Դանիայի հյուսիսարևմտյան հողերում գտնվող Թիսե բնակավայրում: Այն ի սկզբանե պահվել է Հյուսիսային ծովի ափին գտնվող հանրահայտ Բովբյերգ հրվանդանում հառնող փարոսի հետևում գտնվող գոմում, այստեղից էլ ստացել է իր անվանումը, որը դանիերենից թարգմանաբար նշանակում է փարոսապահ: Թիսե համայնքը այժմ սեփականաշնորհել է Բովբյերգի փարոսը և այն դարձրել իր պանրային պահեստներից մեկը: Փարոսապահ պանիրները 26 շաբաթ հասունանում են ծովամերձ պահեստում և այդ ընթացքում աղակալվում են դոնդողանման ծովի ջրով: Արդյունքում ստացվում է պինդ ու բավական աղի պանիր, որը այնքան էլ սուր համ չունի:

Բովբյերգի փարոսը Դանիայում
LILLE Ø (DANBO)

Փոքրիկ Ø կամ Դանբո կոչվող պանիրը թույլ նյարդեր ունեցողների համար չէ:
Այս տիպիկ դանիական պանրի մակերեսը պատում են կաթնաթթվային կարմիր քսուկով, որը նրան թթվաշ համ է հաղորդում: Համը վրա է հասնում ուտելուց փոքր-ինչ անց ու դեռ երկար պահպանվում է: Ամեն դեպքում Lille Ø-ն համարվում է օրգանական պանիր, յուղալի է ու հնեցվում է 12-52 շաբաթվա ընթացքում։ Այս պանիրը դուք Դանիայից դուրս ոչ մի տեղ չեք կարող ստանալ, այնպես որ օգտվեք այն համտեսելու հնարավորությունից, երբ այն ձեռք բերեք:

Դանիական կապույտ կամ բորբոսնած պանիր
VIKING BLUE(Վիկինգյան կապույտ)

Կապույտ պանրի սիրահարներ ձեր ժամանակը եկել է:
VIKING BLUE-ն կամ, ինչպես ասում են, բորբոսնած պանիրը ձեզ կզարմացնի իր խորը ընկույզի համով և ուժեղ հոտով:
Այն պատրաստվում է կովի կաթի սերուցքով և հնեցվում մոտ 26 շաբաթ: Վիկինգյան կապույտը պատրաստվում է Դանիայի հյուսիսարևմտյան շրջանում՝ Գեդստեդի պանրի գործարանում, որը հիմնականում մասնագիտացված է կապույտ բորբոսի կիրառմամբ պանրի արտադրության մեջ:
Ի դեպ, բորբոսնած պանրի սիրահարներին հարկավոր է զգուշանալ,
Վիկինգյան կապույտը հաճախակի ճաշակելիս, այն խիստ կախվածություն է առաջացնում:

Իսկ վերջում եկեք միասին ըմբոշխնենք դանիական Յուտլանդիայում՝ Հյուսիսային ծովի ափին, հավի ձվով և դանիական բորբոսնած պանրով ձվածեղի պատրաստման ընթացքին...
Բարի ախորժակ...

Սնունդը չափավոր օգտագործեք, իսկ ավելի լավ է պարզապես վայելեք...
Նոր կերակուր եք ճաշակում՝ երազանք պահեք...
Երազանքը իրականանալու հատկություն ունի...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Դանիական պանիրների տեսականին և կտրատած հացԴանիական պանիրների տեսականին և կտրատած հաց

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև