Ղազարոս Աղայանը սկանդինավյան բանահյուսության ակունքներում

Ղազարոս Աղայանի կիսանդրին համանուն դպրոցի առջև և Ֆրիտյոֆի մասին սագայի գրքակազմըՂազարոս Աղայանի կիսանդրին համանուն դպրոցի առջև և Ֆրիտյոֆի մասին սագայի գրքակազմը
Ղ. Աղայանը և Ասք Հանդուգն Ֆրիտյոֆի մասին սկանդինավյան սագան

Սկանդինավյան բանահյուսության հետ  Ղազարոս Աղայանը սկսել է ծանոթանալ դեռ երիտասարդ հասակում: Նրան գերել են գերմանա − սկանդինավյան առասպելաբանության իրեն հասանելի էջերը: Այդ մասին են վկայում նրա աշխատություններից մի քանիսը, որը չէր կարող դուրս մնալ մեր ուսումնասիրությունների ծիրից և, որի մասին կուզենայինք որոշ պարզաբանումներ հնչեցնել ու հաղորդակցվել մեր ընթերցողի հետ: Սակայն թույլ տվեք անչափ հետաքրքիր պարզաբանումից առաջ, մի կարճ նախաբան կցել ստորև շարադրված հոդվածին:

Ընդհանրապես հայ մեծ գրող, մանկավարժ ու հրապարակախոս Ղազարոս Աղայանի գրական գործունեության մասին կարելի է անվերջ խոսել: Նրա ստեղծագործությունների մեջ մեծ կշիռ ունեն հեքիաթները և, զուր չէ, որ նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման կարևոր միջոց և հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը:

Ղազարոս Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով: Հայկական Հանրագիտարանը՝ ներկայացնելով  գրողի համառոտ կենսագրականը և գրական գործունեությունը, չի մոռացել գրառել նրա առանձնապես հիշատակության արժանի փոխադրությունները՝ Ֆ. Շիլլերի «Երկրի բաժանումը» (1888),
Հ. Հայնեի «Ֆըրդովսի» (1890), Լ. Տոլստոյի «Ոսկե կացին» (1910), Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (1910), Կռիլովի առակներից և այլ աղբյուրներից (ՀՍՀ, հ.1, էջ 243):
Սակայն այստեղ տեղ չեն գտել Աղայանի «Ֆրիտյոֆի փորձությունը» և «Հեքիաթների անմահ ստեղծողը» փոխադրությունները, որոնցից առաջինը նա գրել է 1885 թ., իսկ երկրորդը՝ 1890-ին:

«Հեքիաթների անմահ ստեղծողը» շատ գեղեցիկ մի շարադրվածք է դանիացի հանճարեղ բանաստեղծ և հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի կյանքի ու գործունեության մասին: «Պատկերներ Անդերսենի կյանքից» ենթավերնագիրը կրող այս չքնաղ փոխադրությունը Աղայանը սկսել է Անդերսենի հետևյալ խոսքերով՝

«Իմ կյանքը մի շատ գեղեցիկ հեքիաթ է, հարուստ և բախտավորությունով լիքը: Իմ կյանքի պատմությունից մարդիկ նույն համոզմունքը կստանան, ինչ որ ես եմ ստացել,― թե սիրաբուխ արարչի ամեն ստեղծածը բարի է և բարիքի պատճառ»:

Հանս Քրիստիան Անդերսեն՝ Հեքիաթների անմահ ստեղծողը


Մեր կայքում դեռ հնարավորություն կունենանք լուսաբանել այս հրաշագեղ ստեղծագործությունը, իսկ այժմ եկեք քննարկենք Ղազարոս Աղայանի «Ֆրիտյոֆի փորձությունը» փոխադրությունը:

«Ֆրիտյոֆի փորձությունը» չափածո պոեմը Աղայանը սկսում է մի չքնաղ տեսարանի նկարագրությամբ, հյուսիսային ցրտաշունչ մի երկրի, ուր իր ձմեռային սառցե կապանքներից ազատվող գարունը՝ սիրո և գարնան ավետաբեր աստվածուհի Ֆրեայի հովանավորությամբ, քնքշությամբ փարվում է ջերմության կարոտ բնության զավակներին՝ անկենդան ու կենդանի էակներին: Գարնան զարթոնքի հետ մեկտեղ հորդում է և սերը մարդկային, որի բարեգութ ալիքները իրենց մեջ նաև վտանգներ են պարունակում.

Ֆրեայի պես սիրուն վարդի
Կարմիր թշիկն է երևում,
Մահկանացու սրտերի մեջ
Հանգած սերը կրկին վառում:
Նորոգում է խանդ ու եռանդ,
Նորից տալիս է քաջություն,
Թմրած մարդն էլ է ըսթափվում,
Զգում իր մեջ նոր զորություն...

Կոնունգ արքայի, թագուհու, դյուցազն Ֆրիտյոֆի, նրանց միջև ծագած սիրային ինտրիգի և հանգուցալուծման մասին դուք կարծիք կկազմեք, երբ կարդաք Ղազարոս Աղայանի «Ֆրիտյոֆի փորձությունը» չափածո պոեմը, սակայն ստեղծագործության համար հիմք հանդիսացող գրական գլուխգործոցի մասին եկեք խոսենք մի փոքր հանգամանալից:

«Ֆրիտյոֆի փորձությունը» 13-րդ դարավերջին և 14-րդ դարասկզբին իսլանդիայում գրի առնված հին սկանդինավյան «Ասք Հանդուգն Ֆրիտյոֆի մասին» էպիկական պոեմի 24 երգերից մեկն է՝ թվով 21-րդը: Այս էպոսի մեզ հասած երկու տարբերակներից մեկը իսլանդերենից նոր նորվեգերենի է փոխադրել Իվար Օսենը, որը տարբերվում է իսլանդերենից շվեդերեն թարգմանած Էսայաս Թեգների աշխատանքից: Մենք կարծում ենք, որ Ղազարոս Աղայանը, որպես իր համար փոխադրության նյութ, վերցրել է երկրորդ տարբերակից կատարված ռուսերեն թարգմանությունը:

Ամենից առաջ, եկեք պարզաբանենք Ֆրիտյոֆ անվան ծագումնաբանությունը: Հայտնի են տղամարդկանց տրվող այս սկանդինավյան անվան Fritiof, Frithiof, Fritjof, Frithjof և Fridtjof  ձևերը, սակայն բառի իմաստը պարզվում է, երբ  այն օգտագործվում է  իր նախնական տեսքով՝ Friðþjófur  կամ պարզապես Friðþjófr, բառի հին սկանդինավյան գրառությամբ: Առաջին բառարմատը friðr-ն է, որը հին իսլանդերենից թարգմանաբար նշանակում է «խաղաղություն», իսկ երկրորդ բառը þjófr-ն է, որը նշանակում է «գող», այսինքն ստացվում է «խաղաղության գող»: Սկալդները՝ սկանդինավյան երգասաց գուսանները, իրենց բանավոր խոսքում հաճախ են օգտագործել երկու կամ երեք բառից կազմված դարձվածաբանական գոյականներ՝ այսպես կոչված քեննինգներ: Քենիննգների մասին կարելի է կարդալ «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսի «Երգեր աստվածների մասին» գրքի նախաբանում:

Եվ ուրեմն, եթե Ֆրիտյոֆ անունը վերծանենք ըստ սկանդինավյան դարձվածաբանության ստացվում է որ անվան տողատակում դրված է հերոսի «խաղաղություն փախցնող» իմաստը, այսինքն ընդգծվում է դյուցազնի մարտնչող, անվեհեր պահվածքը: Զուր չէ, որ սկանդինավյան էպիկական պոեմը վերնագրվել է «Ասք Հանդուգն Ֆրիտյոֆի մասին»:

«Ասք Հանդուգն Ֆրիտյոֆի մասին» էպոսը «Ասք Վիկինգի որդի Թորսթեյնի մասին» իսլանդական սագայի շարունակությունն է: Այն ավելի վաղ է գրառվել, և էպոսում նկարագրված են 8-րդ դարում Նորվեգիայում կատարվող անցքերը:
Այդ էպոսին մենք դեռ կանդրադառնանք, իսկ այժմ եկեք խոսենք սկանդինավյան Ռոմեոյի և Ջուլիետի՝ Ֆրիտյոֆի և նրա սիրեցյալ արքայադուստր Ինգեբորգի, մեծ սիրո պատմության մասին:

«Ասք Հանդուգն Ֆրիտյոֆի մասին» էպոսում «Ֆրիտյոֆի փորձությունը» երգին նախորդում են մյուս տասնութ գլուխները, որոնց մասին ստորև կփորձենք համառոտ ծանոթագրություններ ներկայացնել մեր ընթերցողին:

Ասք Ֆրիտյոֆի մասին սագայի նկարներից. նկարիչ Ա. Մալմստրյոմ 1876թ.

Կոնունգ-արքա Բելին, բացի իր երկու զավակներից՝ խոժոռադեմ ու դաժան Հելգեից, և գեղեցկադեմ Հալֆդանից, ունի նաև մի գեղեցկատես դուստր, որի անունը Ինգեբորգ է:
Սիրո և գեղեցկության աստվածուհի Ֆրեայի նմանությամբ իր գեղեցկուհի դստերը Բելին փոքր հասակից խնամելու է տալիս բոնդ-հողատեր Հիլդինգին: Այդ ժամանակ բարեսիրտ ու բանիմաց Հիլդինգի խնամքի տակ է գտնվում նաև խիզախ պատանյակ Ֆրիտյոֆը՝ Վիկինգի որդի Թորսթեյնի զավակը:



Ի դեպ՝ հին օրերում, Սկանդինավիայում սովորույթ կար, որի համաձայն կոնունգ-արքաներն ու մեծապատիվ իշխանները իրենց զավակներին ու դստրերին՝ արժանի ուսում և դաստիարակություն ապահովելու համար, ուղարկում էին իրենցից աստիճանով ցածր, սակայն մեծ իմաստնությամբ օժտված ծանոթ հարազատների մոտ:

Հիլդինգի մոտ իրենց  անեղծ մանկությունը վայելող գեղանի Ինգեբորգը և քաջ Ֆրիտյոֆը անտարբեր չեն իրար նկատմամբ: Նրանց մեջ սեր է ծագում, որի անշեջ կրակը դեռ բորբոքվելու է մի ողջ հավերժություն: Հիլդինգը կանխազգալով այդ սիրուց բխող վտանգները զգուշացնում է պատանուն, որը Ինգեբորգը՝ Օդինի աստվածածին հետնորդ թագավորների շարքում դասվող կոնունգ Բելիի դուստրը լինելով, չի կարող բաժին հասնել սովորական հողատեր Թորսթեյնի զավակ Ֆրիտյոֆին: Սակայն սերը վեր է ամեն ինչից և աշխարհում չկա մեկ այլ ուժ, որը կդիմակայի սիրուն:

Արքա Բելին՝ մոտալուտ մահվան շեմին, կոչ է անում որդիներին սուր բարձրացնել միայն թշնամիների դեմ, հոգ տանել Ինգեբորգի մասին, եղբոր պես ընկերություն անել Ֆրիտյոֆի հետ, ինչպես որ ապրել է ինքը՝ հարյուրամյա Բելին, Ֆրիտյոֆի հոր՝ փառահեղ վիկինգ, ճշմարտախոս ու հավատարիմ Թորսթեյնի հետ:
Այստեղ տեղին է մեջբերել  «Ասք Հանդուգն Ֆրիտյոֆի մասին» էպոսի «Կոնունգ Բելին և Վիկինգի զավակ Թորսթեյնը» երգի 21-րդ տան հետևյալ տողերը, որոնք հնչում են Թորսթեյնի շուրթերից.

Այդժամ վեր ելավ Թոլսթեյնն իր տեղից,
Ասաց. «Մենակ մի գնա Օդինին այցի,
Ով արքա Բե՛լի, կիսել ենք կյանքը մենք միշտ միասին,
Կարծում եմ, մահն էլ մեզ չի բաժանի...

Նրանց կամքը կատարվում է: Դաժան Հելգեն ու գեղեցկադեմ Հալֆդանը սկսում են համատեղ կառավարել, իսկ Ֆրիտյոֆը, որպես սեփականություն ստանում է նորվեգական Վանգսնես թերակղզու վրա գտնվող իր հոր կալվածքը:

Ի դեպ, գերմանական կայզեր Վիլհելմ Երկրորդի հովանավորությամբ XX դարասկզբին կանգնեցվել է խիզախ հերոսի 22 մետրանոց բրոնզաձույլ արձանը, որի հեղինակն է գերմանացի քանդակագործ Մաքս Ունգերը: Այն՝ այսօր էլ,  իր սլացիկ ու հպարտ կեցվածքով աչք է շոյում Սոգնեֆյորդի չքնաղ ծովախորշը սահմանափակող հրվանդանի բարձունքում:
Կենտրոնում Ֆրիտյոֆի բրոնզաձույլ արձանն է: Քանդ. Մաքս Ունգեր 1913թ.

Ֆրիտյոֆը կալվածքի հետ մեկտեղ ժառանգություն է ստանում նաև թանկարժեք մի թուր, ոսկե բազպան՝ շքեղ ու խոշոր սուտակով զարդարված, «Էլիդա» անունը կրող առագաստանավը, որն ասում են ի երախտագիտություն օվկիանոսների և ծովերի հովանավոր հսկա Էգիրին մատուցած ծառայության նվեր է ստացել Ֆրիտյոֆի պապը:

Սակայն այդ ամենը չեն կարող մարել հերոսի սրտում բորբոքված սիրո կրակը և նա դիմում է Բելի արքայի գահը կիսող եղբայրներին՝ նրանցից խնդրելով ոսկեծամ գեղեցկուհի Ինգեբորգի ձեռքը: Հելգեն՝ մոռանալով այն մեծ սխրանքների մասին, որ գործել է Ֆրիտյոֆը՝ անձնազոհաբար փրկելով եղբայրներին ոսոխների դեմ վարած դաժան մարտերում, հեգնում ու ծաղրում է նրան՝ հիշեցնելով որ նա չի կարող ամուսնանալ Ինգեբորգի հետ, քանի որ պատկ անում է ավելի ցածր դասի, քան արքայադուստրը: Վիրավորանքից Ֆրիտյոֆի աչքերը ցասումով են լցվում և նա հազիվ է դիմանում, որպեսզի սրախողող չանի Հելգեին, սակայն՝ զայրույթը մեղմելու համար, իր ամենազոր թրով երկու կես է անում Հելգեի վահանը:

Նրանցից Հյուսիս ընկած հողերի վրա իշխում է հարուստ կալվածքների տեր ծեր արքա Ռինգը: Նա նույնպես լսել է Ինգեբորգի գեղեցկության մասին և շուտով թանկարժեք նվերներով մեծ պատվիրակություն է ուղարկում Կոնունգ Բելիի զավակների մոտ, որպեսզի նրանցից խնդրի նրանց քրոջ ձեռքը: Եղբայրներից մերժում ստանալով ծեր արքան զորագունդ է հավաքում և կռվի նետվում: Եղբայրները Ինգեբորգին թաքցնում են Օդինի և Ֆրիգի պայծառափայլ զավակ՝ հավերժ պատանի և արևային էությամբ լուսավոր գարնանային աստված Բալդերի տաճարում, որը տեղակայված է Օրկնեյան կղզիներից մեկում, իսկ իրենք պատրաստվում են սպասվող մարտին: Հելգեն խնամակալ Հիլդինգի միջոցով Ֆրիտյոֆին օգնության է կանչում, սակայն վերջինս մերժում է: Ֆրիտյոֆը իմանալով, որ Ինգեբորգը պահվում է Բալդերի տաճարում, գիշերով՝ գաղտնաբար նրան այցի է գնում և սիրահարները՝ չդիմանալով գայթակղությանը, իրար գիրկ նետվելով, սիրով են զբաղվում: Վախվորած Ինգեբորգի հորդորները կրքոտ Ֆրիտյոֆին հետ չեն պահում չափն անցնող գրկախառնումներից: Աղջիկը վախենում է վերահաս պատժի վտանգից, քանի որ պայծառափայլ Բալդերի անեղծ տաճարում խստիվ արգելվում է տղամարդու և կնոջ միջև տեղի ունեցող ցանկացած հանդիպում, սակայն ամենազոր սիրո կապանքներից դեռ չի հաջողվել ճողոպրել ոչ մի սիրահարի:

Ֆրիտյոֆը այնուամենայնիվ գնում է եղբայրների կողմից հավաքած թինգին մասնակցելու և Հելգեին խոստանում, որ կօգնի ծեր արքա Ռինգի դեմ կռվին, եթե եղբայրը համաձայնվի իրեն կնության տալ քրոջը: Հավաքվածները միահամուռ խնդրում են Հելգեին չմերժել խնդրանքը և Ինգեբորգին տալ Ֆրիտյոֆին, որպեսզի դյուցազնը օգնի նրանց հաղթելու ծեր արքային, սակայն Հելգեն տեղյակ է սիրահարների հանդիպման մասին և ի լուր ամենքի հայտարարում է, որ նրանք մահացու մեղք են գործել՝ հանդիպելով Բալդերի տաճարում: Հավաքվածները սարսափից գունատվում են: Նախնյաց օրենքի համաձայն Ֆրիտյոֆին մահ է սպառնում, կամ էլ նա պետք է արշավի Ագանթիր թագավորի ապարանք ու նրանից  ստանա այն հարկը, որը Բելիի մահվանից հետո հարկատուն հրաժարվել է վճարել նրա զավակներին: Ֆրիտյոֆը զիջում է դիրքերը և Ինգեբորգի ձեռքին հագցնելով իր ոսկե բազպանը, բաց ծով է դուրս գալիս և բացելով իր «Էլադա» նավի առագաստները սլանում Ագանթիրի մոտ: Նա մարտի է նետվում Ագանթիրի բազմաքանակ զորքի դեմ և իր խիզախության համար՝ արժանանում իր հոր երբեմնի ընկեր թագավորի խրախուսանքին: Ագանթիրից մեծ հարստություն ստանալով նա վերադառնում է և ակամա տխուր տեսարանի հանդիպում: Պարզվում է նրա գնալուց հետո ծեր արքա Ռինգը հարձակվել է և հրի ու սրի մատնել Հելգեի կալվածքը, իսկ ոսկեծամ Ինգեբորգը ստիպված է եղել կնության գնալ ծեր կոնունգին, որպեսզի եղբորը փրկի մահվանից: Եվ ահա, Ռինգը իր հետ տարել է Ինգեբորգին, իսկ նրա ձեռքի բազպանը դեն շպրտել: Զայրույթից կարկամած Ֆրիտյոֆը՝ իր հավատարիմ ընկերոջ, Բյորնի ընկերակցությամբ նետվում է պայծառափայլ Բալդերի տաճար, ուր Հելգեն ատրուշանի կրակի առաջ, կրակի, որը արևի սուրբ պատկերն է խորհրդանշում երկրի վրա, իր աղերսն է հղում Բալդրի կոթողին: Ֆրիտյոֆը Բալդերի ձեռքին տեսնելով իր ոսկե բազպանը, խելքը կորցրած քաշում է այն, ու այդ ամենն իրար հետ ընկնելով սուրբ կրակի վրա, հրի են մատնում Բալդերի փայտաշեն մեհյանը:
Արդյունքում փլվում է սրբազան տաճարը ու վերածվում մոխրակույտի:

Կենտրոնում արևափայլ Բալդերն է. նկարիչ Յոհաննես Գեհրց 1901թ.

Այդ սրբապիղծ արարքի համար Ֆրիտյոֆին անիծում են ու վերջնականապես վտարում երկրից, և նա կրկին բաց ծով դուրս բերելով իր «Էլադա» առագաստանավը, հավատարիմ ընկեր Բյորնի հետ հեռանում է դեպի հարավ, հասնում հեռավոր Հունաստան:

Հարավային տաք հոսանքները ի վերջո հոգնեցնում են Ֆրիտյոֆին, իսկ կարոտն իր հարազատ հյուսիսային հողերի և, էլ ավելի ընդգծված կարոտը իր սիրեցյալ Ինգեբորգի նկատմամբ, ստիպում են նրան շուռ տալ «Էլադա»-ի նավացռուկը դեպի հարազատ Հյուսիս: Ֆրիտյոֆը՝ շրջանցելով իր կալվածքը, այցելում է ծեր արքա Ռինգին և նրան առաջարկում իր ծառայութունը, որպեսզի մի վերջին անգամ վայելի իր ոսկեծամ սիրեցյալին, որն արդեն որպես թագուհի է հանդես գալիս Ռինգի արքունիքում: Ծեր արքան կասկածում է, որ սա կարող է ծպտված Ֆրիտյոֆը լինի, սակայն, այնուամենայնիվ չի կարծում, որ դյուցազնը կարող է այդ կողմերից անդարձ հեռացած Ֆրիտյոֆը լինել, քանի որ մտածում է, եթե Ֆրիտյոֆը լիներ, ապա վրեժխնդրությունից ելնելով թշնամական քայլերի կդիմեր իր նկատմամբ: Ռինգը շուտով համոզվում է, որ դյուցազնը ազնիվ է և ոչ մի կարգազանց արարք չի դրսևորում, որ պախարակելի լինի և ընդունում է Ֆրիտյոֆի ծառայությունը:

Ի դեպ, «Ասք Հանդուգն Ֆրիտյոֆի մասին» էպոսը գրառելիս  շվեդ բանաստեղծ Էսայաս Թեգները՝ 24 երգերից ամեն մեկը գրելիս, կիրառել է դյուցազներգության ավանդական  տաղաչափական ռիթմից  տարբերվող առանձնահատուկ ոճական համակարգ: Օգտագործվել են բանաստեղծական գրեթե բոլոր  հնչերանգները:

Իսկ հիմա եկեք վերադառնանք Ղազարոս Աղայանի «Ֆրիտյոֆի փորձությունը» փոխադրությանը, քանի որ մեր պատմական ակնարկը նույնպես հասնում է  հենց այդ դրվագին, որտեղ «Կոնունգ արքան» որսի է հրավիրում քաջ Ֆրիտյոֆին՝ փորձելու քաջ մարտիկի հավատարմությունը իր հանդեպ.

Կոնունգ  արքան  ու  թագուհին
Որսորդության  են  պատրաստվել,
Նըրանց ուրախ ըզբոսանքին
Բոլոր պալատն է  մասնակցել.
Հավաքվել  են նըրանց  շուրջը
Ամեն գույնի  հագուստներով,
Ամբողջ դաշտը լքցըվել է
Զինավորված որսորդներով:
Մարդկանց գոչյուն,  գոռ, աղաղակ
Նժույգ  ձիանց  խրխինջ,  դոփյուն,
Շառաչելով  որոտում է
Զենք  ու  զրահի թինդ,  դրնդյուն:
Արյունախում բազեները
Ճըղավում  են  կատաղաբար,
Զոհ  են ուզում թռչնիկներից,
Որ  փետրատեն  անգթաբար...

Թագավորը որսի ամենաթեժ պահին հետ է մնում իր զորախմբից և թագուհի Ինգեբորգից, սակայն նրա մոտ է հավատարիմ դյուցազն Ֆրիտյոֆը: Ֆրիտյոֆը նույնպես անհանգիստ է և երկմտած: Նրա գլխում խռնվում են մտքերը, հիշում է իր գործած մեղքերը՝Բալդերյան տաճարի այրումը, ծովից ծով անմիտ թափառելու ընթացքում գլխին եկած բազմաթիվ աղետները, օրիորդ Ինգեբորգին մանկուց տված երդումները և այլն.

«Ավա՜ղ, ինչո՜ւ անմտաբար
Ես իմ ծովից հեռու փախա,
Ինչո՞ւ այս դառն աղետքներին
Ես իմ կամքով մատնվեցա.
Ծովը խոր է, նա կուլ կըտա
Սև ու տխուր մտածմունքը,
Մեկ էլ տեսար հողմը փչեց,
Էլ չերևաց նրա հետքը:
Միշտ Բալդերյան տաճարն եմ ես
Աչքիս առջև կանգնած տեսնում,
Օրիորդի տըված ուխտն է
Սիրտս ու հոգիս միշտ պղտորում,
«Այսուհետև էլ իմը չես.
Աստվածներն են այդ պահանջում»...
Ահա այսպես խորասուզված,
Իր բախտիցն էր նա տըրտնջում...

Եվ այսպես, ծեր արքան ու Ֆրիտյոֆը՝ միայնակ մնալով, հայտնվում են անտառի բացատում և հոգնած արքան ցանկանում է փոքր ինչ հանգստանալ: Ֆրիտյոֆը վերարկուն փռում է թաց գետնին և իր ծունկը առաջարկում տիրոջը, որպես բարձ, որպեսզի արքան՝ ճերմակահեր գլուխը դնելով Ֆրիտյոֆի ծնկին, քուն մտնի: Ահա, այստեղ է, որ սյուժեն թեժանում է՝ հասնելով իր կիզակետին: Ֆրիտյոֆի մտքերը փոթորկվում են, հայտնվում են խորհրդանշական սև ու սպիտակ թռչունները և երկփեղկում դյուցազնի  գիտակցությունը.

Բայց, սո՜ւս, մեկ տես սև թռչունը
Ի՜նչ է երգում, լավ ականջ դիր.
« Ֆրիտյոֆ, տե՛ս քո հին հաշիվըդ,
Քնած ծերին շո՜ւտ սպանի՜ր,
Ոչ ոք չըկա, որ քեզ տեսնե,
Ինքըդ կառնես նրա այրին,
Դարձյալ սիրով գիրկը կառնե
Սիրուն հարսը իր փեսային»...

Այստեղ, իհարկե, միջամտում է երկրորդ թռչունը, և հակառակ կողմ ուղղորդում Ֆրիտյոֆի մթագնած գիտակցությունը.

Ո՛չ, ըսպասի՛ր, տես ի՜նչ ձայն է,
Սպիտակ թռչունն է երգողը,
« Ոքմին չըկա՜... բա Օդի՞նը,
Մոռացե՜լ ես քո ստեղծողը.
Դու սպանած կա՞ս անզենք մարդու,
Հիմա քնածին պիտի մորթե՞ս.
Ո՜հ, չար ճամփով ի՜նչ չես անիլ,
Գեթ նըրանով փառքի հասնե՜ս»...

Ընդհանրապես սա առաջին դեպքը չէ, երբ էպոսներում և ավանդազրույցներում օգտագործվում է թռչունների լեզուն ընկալող աստվածների, մարգարեների և հերոսների հետ կատարվող իրադարձությունների նկարագրությունը: Հիշենք Գիտելիքների ծառի վրա բնակվող՝ սիրամարգի պոչով, շան գլխով ու ձկան թեփուկներով պատված թռչնի տեսքով, գերբնական Սիմուրգին, որը կարողացել էր այնքան բան սովորել, որ տիրապետում էր բոլոր տեսակի և բոլոր ժամանակների գիտելիքներին։
Ինչպես Սողոմոն թագավորը, սկանդինավյան դիցարանի գերագույն աստված Օդինը, նրա հետնորդներ Սիգուրդ-Զիգֆրիդը, Հեյմդալար-Ռիգը, նրա զավակ Կոնը նույնպես հասկանում էին թռչնի լեզուն.

Հասկանում էր թռչնի լեզուն
սանձահարում էր կրակին,
վիշտն ու տառապանքը մեղմում,
խաղաղեցնում միտքն ու հոգին,
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
ուժեղ էր նա և դիմացկուն,
ուներ ութ մարդու զորություն...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
46. Գնաց Կոնը երիտասարդ
թփուտների միջով անտառ,
թռչնի համար լարեց թակարդ,
նետահարեց նա աջ ու ձախ.
47. Այդժամ ճյուղի վրա նստած
մի ագռավ ձայն տվեց հանկարծ.
« Հեյ, Կոն ջահել, ինչու ես դու
թռչուններին անվերջ որսում.
Կարծում եմ, որ վայել է քեզ
ձի հեծնել և ասպատակել,
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
ու թշնամուն խոցահարել:
Ավագ Էդդա, Den Ældre Edda,
Երգեր Աստվածների Մասին,
Ասք Ռիգի մասին, էջ 307, 308
Թարգմ. Հակոբ (Էնկի) Սարգսյանի


Ի դեպ, գոթերի լայնարձակ երկրով մեկ տեղաբաշխված հին գերմանական ժողովուրդների մոտ ընդունված էր համարել, որ միայն աստվածները և ընտրյալները կարող են հասկանալ թռչունների լեզուն:

Վերստին հիշենք Օդինի ուսերին նստած, նրա անբաժան խորհրդատու զույգ ագռավներին: Հուգինը և Մունինը ամեն առավոտ թռչում են բոլոր իննը աշխարհների վրայով և իրենց տեսած ու լսած միջադեպերի մասին տեղեկացնում իրենց տիրոջը: Այդ մասին կարող եք ծանոթանալ Անտարես հրատարակչության կողմից 2018 թ. լույս ընծայած «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսի հին իսլանդերենից արևելահայերեն թարգմանած «Երգեր Աստվածների մասին» գրքում:
Սկանդինավյան առասպելներից հայտնի է, որ 6-րդ դարի շվեդ թագավոր Իմաստուն Դագը մի ճնճղուկ է ունեցել, որի միջոցով կարողացել է նորություններ հայթհայթել իր արքունիքից դուրս կատարվող դեպքերի մասին:

Այժմ եկեք վերադառնանք Ղազարոս Աղայանի «Ֆրիտյոֆի փորձությունը» փոխադրությանը, և պարզենք թե սև ու սպիտակ թռչունների հորդորներին ինչպես է արձագանքում երկմտանքի որոգայթներում հայտնված հերոսը.

Չորս կողմ տիրեց խոր լռություն.
Ֆրիտյոֆն առավ իր երկսայրին,
Նետեց նրան հուզված սրտով,
Ձգեց խավարն անտառային...
Սև թռչունը թռավ լռված,
Դեպի խավար սանդարամետ,
Իսկ սպիտակն անուշ երգով,
Առ արեգն ճաճանչավետ...

Այո, արևածին բանականությունը հաղթում է դեպի խավարի աշխարհ տանող չար արարքի գայթակղությանը, և Ֆրիտյոֆը դեն է նետում իր երկսայր հզորագույն թուրը, որով կարող էր մեկ ակնթարթում փոխել իրադարձությունների՝ իր համար շահավետ, ընթացքը:

Այստեղ արթնանում է ծեր արքան և քանդում այս դրամատիկ թնջուկը.

― Գիտցիր ուրեմն, ո՛վ պատանի,
Քե՜զ փորձեցի... ես քուն չեղա.
Անփորձ մարդին, անփորձ սըրին
Ոչով երբեք չըհավատա...
Հենց որ եկար իմ ապարանք,
Ես քեզ իսկույն ճանաչեցի.
Թեև ծպտած վարպետությամբ,
Բայց՝ Ֆրիտն է սա, ասացի:
Ի՜նչ ես կիտում խիտ ունքերդ,
Ես էլ խոմ միշտ ծեր չե՛մ եղա՜ծ.
Մեր ողջ կյանքը մի կռիվ է,
Տաքգլխություն անզուսպ մարդկանց:
Ալևոր եմ, դու տեսնում ես,
Շուտով կընկնեմ բըլրակի տակ,
Իմ ամուսինն ու երկիրը
Թող քեզ լինին այն ժամանակ»...

Ֆրիտյոֆը ակամա զարմացած է, սակայն տիրապետում է իրեն, և հայտնում, որ դարձի է եկել ոչ այն բանի համար, որ սպանի ծեր ախոյանին, քանի որ եթե կամենար, ապա վաղուց սպանած կլիներ: Նա ասում է, որ ցանկությունը մեկն է եղել, տեսնել իր սիրեցյալ Ինգեբորգին, որի հետ դեռ մանկուց կապել է իր ճակատագիրը, և այդ ճակատագիրն այժմ այլ ընթացք է ստացել, իր գործած մեղքերի համար.

Կոնո՛ւնգ, բավ է, որքան կեցա
Իբրև մի հյուր ես քո երկրում,
Աստվածների  խիստ  զայրույթը
Իմ գլխիցը չի վերանում.
Արեգնափայլ  հեզ Բալդերը,
Որ խնամում է ամենեցուն,
Նա ի՛նձ, միայն ի՛նձ է ատում:
Ի՛նձ է թողել, անտեղ, անտուն:
Գիտե՞ս ինչո՛ւ. ես կրակեցի
Աստվածատունն  Բալդերի.
Հիմա գայլ են անվանում ինձ,
Գայլ Բալդերյան սուրբ տաճարի:
Հալածում են ամեն տեղից,
Ոչ ոք իր մոտ չի ընդունում,
Իմ անունը ուր լսվում է,
Մանկունք վախից լաց են լինում:
Նըզովվա՜ծ եմ ես, նզովվա՜ծ,
Իմ հայրենի բնիկ երկրում,
Այնտեղ չունիմ խաղաղություն,
Չունիմ հանգիստ և ոչ ինձնում...

Իսկ, թե ինչպես է ավարտվում այս չքնաղ պատմությունը, և ընդհանրապես, «Ասք Հանդուգն Ֆրիտյոֆի մասին» էպիկական պոեմը, կշարունակենք հաջորդիվ, մեր կայքը համալրող մյուս հոդվածներում, իսկ այժմ խորհուրդ եմ տալիս վերընթերցել Ղազարոս Աղայանի «Ֆրիտյոֆի փորձությունը» փոխադրությունը...

Սերը հավերժ է, ինչպես երազները...
Երազները կատարվելու հատկություն ունեն...
Երազենք միասին...
Էանում ենք երազելով...



Les flere artikler om den skandinaviske verden

Ղազարոս Աղայանի կիսանդրին համանուն դպրոցի առջև և Ֆրիտյոֆի մասին սագայի գրքակազմըՂազարոս Աղայանի կիսանդրին համանուն դպրոցի առջև և Ֆրիտյոֆի մասին սագայի գրքակազմը

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Պատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերըՊատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերը

Ավետիք Իսահակյանը և Սկոնիայի գուսանները

Ավետիք Իսահակյանը իր գրական գործունեության ամբողջ ընթացքում արժևորել և կարևորել է հյուսիսային աշխարհի էպոսներ «Ավագ Էդդան», «Նիբելունգների երգը» և «Կալեվալան»:
Պատկերված են Նորվեգական հեքիաթների գիրքը, Թումանյանի գրքերից երկուսը և մի մատիտՊատկերված են Նորվեգական հեքիաթների գիրքը, Թումանյանի գրքերից երկուսը և մի մատիտ

Թումանյանի Օրորոցագողը, Գրբաց Գյուբորը և նորվեգական կախարդանքը

Հայաստանում և Նորվեգիայում չար ոգիները նմանակում են իրար: Կհամոզվենք դրանում, եթե համեմատենք Թումանյանի «Օրորոցագող»−ը և նորվեգական «Գրբաց-հեքիմուհի»−ն