Նորվեգական բազմալար ջութակը, տրոլների պարը և Ակսել Բակունցի դեղատոմսը

Հայկական գորգի վրա Ավագ Էդդա, Նորվեգական հեքիաթներ գրքերն են, շվեդական տավիղը և Ակսել Բակունցի դիմանկարըՀայկական գորգի վրա Ավագ Էդդա, Նորվեգական հեքիաթներ գրքերն են, շվեդական տավիղը և Ակսել Բակունցի դիմանկարը
Սկանդինավյան էպոսը, նորվեգական հեքիաթները, շվեդական տավիղը և Ակսել Բակունցը

Նորվեգական հեքիաթներում հաճախ ենք հանդիպում ազգային երաժշտական մի գործիքի, որը կոչվում է նորվեգական ժողովրդական բազմալար ջութակ (Hardingfele) կամ (Hardanger fiddle):

Նորվեգական բազմալար պարզ ջութակը՝ ի տարբերություն սովորական ջութակի, բաղկացած է 8 կամ 9 լարերից, որոնցից չորսը՝ սովորականի պես, համարվում են հիմնական լարեր, իսկ մյուսները հնչյունային ներդաշնակության շնորհիվ ընդամենը օժանդակում են դրանց, այդպիսով ստեղծելով տարածական բազմահնչունության տպավորություն:

Նորվեգական ժողովրդական բազմալար ջութակ , © Նկարը վերցված է վիքիդարանից, հեղինակն է Ֆրուդի Ինգե Հելանդը

Նորվեգական ժողովրդական ավանդազրույցների ու հեքիաթների համահավաք ժողովածուն, որը մեծ խնամքով ու բացառիկ ջանասիրությամբ կյանքի են կոչել նորվեգիայի բարեպաշտ զավակներ Պետեր Քրիստեն Ասբյորնսենը և գերապատվելի Յորգեն Ինգեբրետսեն Մուն, իր մեջ ընգրկում է նորվեգական բազմալար ջութակի օգտագործմամբ դրվագներ, որտեղ բացահայտվում է այդ երաժշտական գործիքի մի քանի առանձնահատկությունները:
«Իրիկնաժամը ագարակատիրոջ խոհանոցում» ավանդազրույցում ագարակի դարբնի շուրթերից հնչում է մի պատմություն, որից պարզվում է, որ բազմալար ջութակի վրա հարկավոր է զգուշությամբ նվագել, քայի որ տնամերձ ոգիներն այնքան էլ չեն սիրում, երբ իրենց հանգիստը խանգարում են այդ երաժշտական գործիքի պոլիֆոնիկ հնչյունները: Այդ պատմվածքում դարբինը պատմում է իր աներոջ՝ Յոյի, հետ կատարված իրիկնային մի միջադեպի մասին, որի ժամանակ անտառային տրոլները ներխուժելով Յոյի խրճիթ և անհանգստացնելով նրա աղջիկների քունը, տանտիրոջը ստիպում են նվագել բազմալար նորվեգական ջութակի վրա և անդադար պարում ու ոտքերով դոփում են հատակին, այդպիսով խանգարելով նաև տնային ոգիների անդորրը.

... Յոն որսորդ էր ու նաև ջութակ էր նվագում: Նա ջութակ նվագում էր միայն դրսում, իսկ երբ տուն էր մտնում, նրան ոչ մի կերպ չէիր կարող համոզել, որ նա երաժշտական գործիքը ձեռքն առնի: Հյուրասենյակում հավաքված ջահել բազմության խնդրանքները իզուր էին անցնում, քանի որ Յոն մատով անգամ չէր ուզում դիպչել ջութակի լարերին: Մի անգամ նրա մոտ հյուր են գալիս ինչ-որ ջահելներ ու իրենց հետ բերում են թրմօղիով լեցուն տափակ շշեր: Երբ նրանք արդեն մի լավ տաքացնում են իրենց գլուխները, սկսում են ձայն տալ ու ներս կանչել նոր տղաների, որոնք՝ միանալով այն հներին, սկսում են Յոյին համոզել, որ նա ձեռքն առնի ջութակն ու իրենց համար նվագի: Ի վերջո, նա տեղի է տալիս և ստիպված է լինում վերցնել ջութակն ու նվագել, սակայն քիչ անց դադարեցնում է իր նվագը, քանի որ քաջ գիտակցում է, որ անդրաշխարհի ոգիներն իրենցից այնքան էլ հեռու չեն, իսկ գերբնական այդ էակները չեն սիրում, որ մարդ մահկանացուներն իրենց հանգիստը խանգարում են: Բայց ուրախության մասնակից տղաները նրան պարտադրում են կրկին նվագել և այդպես շարունակվում է մի երկու-երեք անգամ: Յոն վայր է դնում ջութակը, իսկ տղաները ստիպում են նրան վերստին նվագել: Ի վերջո Յոն պատից կախելով ջութակը, երդվում է, որ այդ երեկո այլևս ոչ մի պայմանով չի դիպչի երաժշտական գործիքի լարերին...

Փաստորեն ջութակը մոգական ուժ ունի, որը ունկնդիրներին ստիպողաբար պարել է պարտադրում: Տեղին է հիշել սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի երկրորդ երգում ընդգրկված չարոցքի և տզրուկի համանման բուժման խրատ-առաջարկներից մի այսպիսի պարզաբանում.

137. Խորհուրդ կտամ քեզ, Լոդֆաֆնի´ր,
ականջ դնել խրատներիս։
Կշահես, երբ այն ընկալես,
գոհ կլինես, երբ կիրառես։
Եթե հարբել ես գարեջրից,
ուժդ հետ կբերես հողից,
հողը դարման է հարբածին,
կրակը դեմ է ցավերին,
կաղնին կօգնի քեզ լուծի դեմ,
հասկը կօգնի չար աչքի դեմ,
հասկաժանգը՝ ճողվածքի դեմ,
լուսնի լույսը՝ չարոցքի դեմ,
տզրուկը՝ մաշկաբորբի դեմ,

ռունագրերը՝ չիբանի դեմ,
հողն էլ կօգնի սելավի դեմ...

Խաղլացավը հնում տարածված հոգեկան հիվանդություն է համարվել, այսպես ասած դիվահարություն՝ չարոցք, որի բուժման ձևերից մեկը ժամերով և օրերով պարելու միջոցով, արևի ուղիղ կամ օժանդակ լույսով՝ լուսնի միջոցով, այսպես կոչված որդերին, չար ոգիներին մարդու ներսից դուրս վռնդելն է եղել։ Եվրոպայում տարածված լեգենդներն էլ հուշում են, որ դիվահարության պատճառը ոչ թե որդերն ու չար ոգիներն են, այլ տարանտուլ սարդի խայթոցն է, և դրա համար էլ մարդկանց հայտնի է եղել հոգեկան հիվանդության մեկ այլ անվանումը՝ «Տարանտիզմ», իսկ պարը կոչվել է Տարանտելա։

Խաղլացավը իր աշխատություններից մեկում օգտագործել է նաև Ակսել Բակունցը.

«Հայվանի ադաթա մեզանում էդ խաղը, խաղլացավը... Չկարողացա իմանալ, թե ինչ ցավ է. բռնում է հանկարծ, ասում են, շատ միտք անելուց, հանկարծակի կորստից կամ հրճվանքից անչափ: Հիվանդի ոսկորները ցավում են: Ցավը որդի պես, սաղ ջանով մանա գալիս... Մին ծունկնա ծակում, մեկ էլ փախնում սրտի տակ: Պետքա էդ որդին սպանեն: Եվ սպանում են «խաղլացավով»:

Չմոռանանք նաև, որ նորվեգական ավանդազրույցներում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ մարդուն բազմալար ջութակի վրա արհեստավարժ նվագել են սովորեցրել տրոլները կամ հենց ինքը սատանան, որին սկանդինավյան երկրներում հաճախ Ծեր Էրիկ են անվանում: Ծեր Էրիկին մենք դեռ հնարավորություն կունենանք անդրադառնալու, իսկ այ բազմալար ջութակի մասին խոսքեր շռայլելուց առաջ, եկենք նախ վայելենք նորվեգական ժողովրդական պարերից մեկը.

«Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» հետաքրքրաշարժ գրքում տեղ է գտել նաև հանրահայտ «Պեր Գյունտ» հեքիաթը, որն ի դեպ հանրաճանաչ նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենի կողմից մշակվել է և աշխարհահռչակ հեքիաթային պիեսի համար հիմք հանդիսացել, որն էլ իր հերթին մեկ այլ հանրաճանաչ նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի միջոցով վերածվել է աշխարհին ոչ պակաս հայտնի, համանուն երաժշտական սյուիտի:

 «Պեր Գյունտ» հեքիաթում նույնպես բազմալար ջութակով զինված տրոլները ներխուժում են խրճիթ ու սկսում իրենց անվերջանալի պարը, մինչև որ Պերը կարողանում է սանձել այդ խենթ հրեշներին:

Սկանդինավյան մեկ այլ երկրում՝ Շվեդիայում, նորվեգական ջութակին փոխարինելու է գալիս, կամ ավելի շուտ լրացնելու է գալիս մեկ այլ բազմալար երաժշտական գործիք՝ բազմալար ստեղնավոր տավիղը (Nyckelharpa):

Շվեդական երաժշտական բազմալար և բազմաստեղն գործիքներ են


Այն մի փոքր ավելի բարդ գործիք է, բայց հաճախ այնպիսի կատարումներ ես լսում, որ ամբողջովին կլանվում ես այդ գործիքի դյութական երաժշտությամբ: Չչարաշահելով ձեր համբերությունը, առաջարկում եմ լսել բազմաստեղն տավիղի վարպետ տաղանդավոր շվեդ երաժիշտ Թորբյորն Նեսբյոմի կատարումը.

Այս հրաշալի երաժշտական գործիքի և նրա մեկ այլ տարբերակի՝ Հուրդի-Գուրդի անվանյալ, «շարմանկային» նմանվող եվրոպական երաժշտական գործիքի մասին մենք դեռ հնարավորություն կունենանք ավելի հանգամանալից խոսելու:

Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Հայկական գորգի վրա Ավագ Էդդա, Նորվեգական հեքիաթներ գրքերն են, շվեդական տավիղը և Ակսել Բակունցի դիմանկարըՀայկական գորգի վրա Ավագ Էդդա, Նորվեգական հեքիաթներ գրքերն են, շվեդական տավիղը և Ակսել Բակունցի դիմանկարը

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Պատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերըՊատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերը

Ավետիք Իսահակյանը և Սկոնիայի գուսանները

Ավետիք Իսահակյանը իր գրական գործունեության ամբողջ ընթացքում արժևորել և կարևորել է հյուսիսային աշխարհի էպոսներ «Ավագ Էդդան», «Նիբելունգների երգը» և «Կալեվալան»:
Պատկերված են Նորվեգական հեքիաթների գիրքը, Թումանյանի գրքերից երկուսը և մի մատիտՊատկերված են Նորվեգական հեքիաթների գիրքը, Թումանյանի գրքերից երկուսը և մի մատիտ

Թումանյանի Օրորոցագողը, Գրբաց Գյուբորը և նորվեգական կախարդանքը

Հայաստանում և Նորվեգիայում չար ոգիները նմանակում են իրար: Կհամոզվենք դրանում, եթե համեմատենք Թումանյանի «Օրորոցագող»−ը և նորվեգական «Գրբաց-հեքիմուհի»−ն